«Երկիրն առաջ տանելու մեր օրակարգը չի շեղվելու, ուզում է՝ բռունցքներով գան, ուզում է՝ հետևից հարվածեն». Էդմոն Մարուքյանը՝ առաջիկա անելիքների մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում հրավիրել էր մամուլի աուլիսի՝ ներկայացնելու խմբակցության առաջիկա անելիքները:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո, միջադեպի վերաբերյալ ակնկալում էին քաղաքական գնահատական, ինչը չտրվեց, և ամենաբարձր մակարդակով այն արդարացվեց:
«Քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումների ներկայացումը գնահատվեց՝ որպես սադրանք, որից հետո այժմ ամենատարբեր հարթակներում քննադատական խոսքին ասում են՝ սադրանք: Այս առումով, քաղաքական մասով կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունն ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից, և սա արդեն իրողություն է՝ որպես այդպիսին: Այս արձանագրումը մենք անում ենք, սա արձանագրված փաստ է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ շաբաթ օրը Հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:
«Ավելի հասկանալի ասեմ, որ մենք բողոք չէինք ներկայացրել, դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով և քննարկվել էր՝ որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն, այսինքն՝ մասնավոր գանգատի տարածք չէ:
Քրեական գործի հարուցումը մերժել են՝ հիմնավորելով, որ, եթե յուրաքանչյուրը մեկ հարված է հասցրել, այդ պատճառով էլ մերժվում է: Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու խորհրդարանում աշխատանքները՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: Այսինքն՝ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հետևից հարվածում են, որոնք բռնությունն արդարացնում են»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ այս բոլոր գնահատականները հաշվի առնելով՝ կարող են ասել, որ ներկայիս իշխանությունն ընդդիմադիր խոսքը պիտակավորում է՝ որպես սադրանք, արդարացնում ընդդիմադիր խոսքի հանդեպ բռնություն կիրառելը, մարդկանց հետևից հարվածելը:
Նա վստահեցրեց, որ որևէ մեկը թող հույս չունենա, որ նման ձևով կկարողանան ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը շեղել, նման հույս ունեցողները շատ խորը կհիասթափվեն:
«Մենք այս ամենն արձանագրել ենք՝ որպես ռեգրես, և մենք թույլ չենք տա՝ երկիրը հետ գնա, մեր երկիրը դատապարտված է գնալ առաջ: Երկիրն առաջ տանելու մեր օրակարգը չի շեղվելու, ուզում է՝ բռունցքներով գան, ուզում է՝ հետևից հարվածեն»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած բանավեճից և Սասուն Միքայելյանի միջամտությունից հետո, երբ տեղի ունեցավ ծեծկռտուք, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նիստերին չեն մասնակցի այնքան ժամանակ, մինչև տեղի ունեցածին չտրվի քաղաքական գնահատական: