Բաժիններ՝

«Այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է». Փաշինյան

Տեղի է ունեցել պարետատան նիստ, որի ժամանակ եղել են վերջնական եզրակացություններ, թե ինչու են կորոնավիրուսի վարակման դեպքերը սկսել աճել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ վարակման դեպքերի աճի հիմնական պատճառն  արդյունաբերական ձեռնարկություններն են:

«Ըստ էության, մեր նոր դեպքերի 75 և ավելի, նույնիսկ` 80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում: Ինչպես գիտեք՝ մենք մայիսի 4-ից սկսեցինք կամաց-կամաց բացել և ահա այսպիսի իրավիճակ տեղի ունեցավ»,- ասաց նա` նշելով, որ ոլորտների համար հստակ անվտանգության կանոններ էին սահմանվել, մասնավորապես, արտադրական ձեռնարկությունների համար, և եթե դրանք պահպանվեին, այդպիսի բռնկումներ տեղի չէին ունենա:

Վարչապետը նշեց, որ այս տրամաբանության մեջ գնացին սահմանափակումների վերացման, որովհետև տնտեսական առումով Հայաստանը չէր կարող այլևս փակված մնալ:

«Երկու ընտրություն կար, ըստ էության ՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահության ընտրություն, և մենք փորձել ենք և փորձում ենք գնալ հավասարակշռված մոտեցման, որտեղ չեն մղվում երկրորդ պլան և՛ տնտեսական, և՛ առողջապահական առաջնահերթությունները:

Այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մենք մեր քաղաքականության արդյունքում գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում: Եվ ոչ միայն գնաճի, այլև ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել»,- պնդեց Փաշինյանը:

Այսինքն, ըստ վարչապետի, փորձել են կատարել այնպիսի ընտրություն, որ իրավիճակը պահվի մաքսիմալ հավասարակշռված:

«Ասում ենք, որ սպասարկման ոլորտն է ամենամեծ նոր դեպքերը բերել, այսինքն` վարակվածության ամենաշատ դեպքերն արձանագրվել են բանկային համակարգում՝ մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային 9-րդ ծրագիր ենք արել, նկատի ենք ունեցել աշխատանք չունեցող քաղաքացիներին, որոնք իրենց օգնությունը ստանալու համար պետք է գնային բանկեր: Ցավոք սրտի, բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ կերպով պահեցին անվտանգության կանոնները և ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  իրավիճակը բարդանում է, ըստ այդմ` որոշել են, որ խստագույն հսկողություն պետք է սահմանեն անվտանգության կանոնների պահպանման հարցում սպասարկման, արդյունաբերության ոլորտներում: Ընդ որում, և՛ պատժողական քաղաքականություն են իրականացնելու, և՛ բացատրական աշխատանք են շարունակելու տանել մարդկանց հետ:

Վարչապետի խոսքով, սա իր համար գաղափարախոսական հարց է. մարդկանց գիտակցության հետ աշխատելն ամենախորքային մեթոդն է:

«Իմ բանաձևը ինչպես տասը, տասնհինգ տարի առաջ էր, այնպես էլ հիմա է, որ իրականության գործիքի փոփոխությունը անհատի փոփոխությունն է: Կորոնավիրուսային իրավիճակի փոփոխության մեր թիվ մեկ գործիքը անհատական վարքագծի փոփոխությունն է»,- ասաց նա և նշեց, որ որոշակի լծակներ կգործարկեն:

Մասնավորապես,  դաժան ձևով փակվելու են այն ընկերությունները՝ գեղեցկության սրահները, սրճարանները, բանկերի մասնաճյուղերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում:

«Ես հրահանգ եմ տվել, որ կրկնակի խախտումների դեպքում չբավարարվեն 24-ժամյա փակումներով, այլ պետք լինի 15 օրով, մեկ ամսով, այսինքն` երկար ժամկետով: Ավելին, իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որ մարդիկ իմանան այդ վարսավիրանոցը, սրճարանը գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,- ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս