Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցը կրկին որոշելու է դատավոր Արմեն Դանիելյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունները մերժելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ հենց Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ էր կրկին կալանավորվել Ռոբերտ Քոչարյանը: Դատավոր Արմեն Դանիելյանն իր որոշմամբ բեկանել էր Ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, ինչպես նաև գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Հիշեցնենք նաև, որ դատավոր Արմեն Դանիելյանի մեկ այլ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին չէին տրամադրվել «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը: Դատավոր Դանիելյանն այս դեպքում ևս բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: Մինչ այդ գործի քննությունն էլ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որտեղ նշել էին ինքնաբացարկ հայտնելու 5 պատճառ: Պատճառներից մեկում պաշտպանական կողմը մեջբերել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ լրագրողների հետ զրույցի մի հատվածը, որտեղ Վարդազարյանն ասել էր. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար: