5 պատճառ՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու համար
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործով ամբողջական նյութերի տրամադրման Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր: Պաշտպանական կողմը նշեց, որ չի ապահովվել Ռ. Քոչարյանի ներկայությունը, ինչը դատախազությունը ձևական հայտարարություն որակեց:
Դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավոր Արմեն Դանիելյանն այս գործում անաչառ և անկողմնակալ լինել չի կարող և իրենց դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու 5 պատճառ ունեն:
1. Դա հենց դատավոր Արմեն Դանիելյանի անձն է:
Ըստ Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ իրենց պաշտպանական թիմի ներկայացուցիչները բազմիցս ելույթներ են ունեցել, կոշտ քննադատել են Արմեն Դանիելյանին, ասել են, որ նա անկողմնակալ չէ, անաչառ չէ, խախտում է Ռ. Քոչարյանի իրավոնքները: Անգամ պաշտպան Ռուբեն Սահակյանը մի հայտարարության ժամանակ ասել է, թե Արմեն Դանիելյանին համարում է հանցագործ:
«Ենթադրվում է, որ նշված ելույթներից շատերը կամ որոշները կարող էին գտնվել Ձեր ուշադրության կենտրոնում, որովհետև Ձեր վերաբերյալ են: Եվ եթե նույնիսկ այդպես չէ, այս դատական նիստում Դուք այդ մասին տեղեկացվեցիք»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ դա կարող է Արմեն Դանիելյանի կողմից բացասական վերաբերմունքի պատճառ հանդիսանալ:
2. Ըստ պաշտպանական խմբի՝ դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելու ցանկություն ունի և կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի նկատմամբ:
3. Դատավոր Արմեն Դանիելյանի խոսքերը, որոնք դրված են Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանվատվության ենթարկելու պաշտպանների նախկինում տված հաղորրդման մեջ: Խոսքը վերաբերում էր այն դատական նիստին, որի ընթացքում Արմեն Դանիելյանը պաշտպանական կողմին ու Ռոբերտ Քոչարյանին խոսելու իրավունք չի տվել: Այս մասով այժմ քննություն է իրականացվում:
4. Ենթադրյալ կեղծիքը դատական ակտ կայացնելիս: Պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով, դատավոր Ա. Դանիելյանի կայացրած դատական ակտն ուսումնասիրելիս, հանդիպել է այնպիսի արտահայտությունների, որոնք բնորոշ են այլ դատավորի, ու դա պաշտպանին առիթ է տվել կարծելու, որ դատավոր Դանիելյանը դատական ակտը կայացնելիս խորհրդակցել է այլ դատավորների հետ:
«Չեք կարող այս գործով որպես անաչառ դատարան ընկալվել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
5. Դատական համակարգի վերաբերյալ վերջին շրջանի զարգացումները:
Այս պատճառի մասին խոսելիս Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ լրագրողների հետ զրույցից մի հատված, որում Վարդազարյանն ասել է. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդրա Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»:
Պաշտպանների խոսքով՝ հենց այդ արտահայտությամբ՝ դատական իշխանության անաչառությունը պաշտպանելուն կոչված մարմնի ղեկավարը դատավոր Արմեն Դանիելյանին բնորոշում է իբրև իշխանությունների համար ցանկալի անձ՝ հարցականի տակ դնելով դատավոր Դանիելյանի անաչառությունը ու անկախությունը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացված միջնորդության մեջ ինքնաբացարկի որևէ հիմք չտեսավ և առարկեց դատավորի ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ:
Դատավոր Արմեն Դանիելյանը ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին: