«Մենք հիմա երևի միակ երկիրն ենք, որը սահմանափակումները հանեց այն պահին, երբ սկսեց գրանցվել հիվանդացողների աճ». Ստեփան Ավագյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանի հետ
– Պարոն Ավագյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում, երբ ունեինք բավականին ցածր թվով վարակակիրներ, հայտարարվեց արտակարգ դրություն, կիրառվեցին խիստ սահմանափակումներ։ Հիմա վարակակիրների պաշտոնական թվերը բավականին բարձր են, բայց սահմանափակումները վերացել են։ Այս հակասությունն ինչո՞վ է պայմանավորված, շատերի մոտ հրապարակվող թվերն էլ են կասկածներ հարուցում։
– Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն:
– Ի՞նչ գործառույթների մասին է խոսքը, կարճ անդրադառնանք:
– Հեղափոխության ընթացքում և հետհեղափոխական կարճ ժամանակահատվածում տրվեցին խոստումներ, օրինակ՝ տնտեսական հեղափոխություն, իրավական համակարգի բարեփոխումներ և այլն, դրանք հեղափոխության փուլային գործառույթներն էին, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով՝ ես ավելի հակված եմ ասել՝ իշխանափոխություն: Բայց եթե ավելի ականջահաճո է շատերի համար, եկեք ասենք՝ հեղափոխություն, որը հեղափոխության ոչ այնքան ճիշտ մեթոդն է. պերմանենտ բնույթ կրող հեղափոխությունը, պատմությունը ցույց է տվել, որ ոչ այնքան ճիշտ է: Այսինքն՝ պետք է արվեր հեղափոխությունը, դրվեին ստույգ խնդիրները և հետո գար զարգացման և էվոլյուցիայի փուլը, ոչ թե ռևոլյուցիան շարունակվեր:
– Վերադառնալով թվերին՝ որքանո՞վ են դրանք իրատեսական:
– Տեսեք՝ եթե ուզում ենք ինչ-որ չափով իրատեսական թիվ տեսնել, և ընդունում ենք հրապարակված թվերը, որոնք ունեն էսպոնենցիալ աճ, ապա թեստերի քանակը նույնպես պետք է էքսպոնենցիալ աճեցնենք, որպեսզի քիչ թե շատ իրատեսական թիվ տեսնենք: Եթե այդպես չի արվում, ապա վերջին երեք օրվա թվերն ինձ համար պարզապես թվեր են, ցանկացած այլ թիվ կարելի էր նկարել, եթե չանդրադառնանք մյուս փաստին, որ տոկոսային առումով հիվանդացածների թիվը տատանվում է 18-21 տոկոսի շրջակայքում: Ես սա շարունակական կդիտարկեմ, եթե այս օրինաչափությունը պահպանվի, սրա նպատակների մասին կարելի է խոսել հետո, չնայած՝ ես պատկերացնում եմ՝ գեոպոլիտիկ ինչպիսի նկատառումներ կարող են ունենալ, որն արդեն շրջանառվում է ամբողջ աշխարհում:
– Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու սահմանափակումները վերացվեցին այն ժամանակ, երբ թվերն ավելանում են:
– Կարծում եմ՝ պարզ և կարճ պատասխանը սրա, մեկ բառով կարելի է ասել՝ խուճապն է, այսինքն՝ առաջացավ խուճապ՝ տնտեսությունն ինչ-որ պահից փորձել փրկելու: Բայց տնտեսությունը հիմա պետք չէր փրկել, այլ պետք էր սկսել ճիշտ գործողություններով փրկել այն ժամանակ, երբ համավարակի մասին ամբողջ աշխարհում հայտնի դարձավ: Մենք հիմա երևի միակ երկիրն ենք, որը սահմանափակումները հանեց այն պահին, երբ սկսեց գրանցվել հիվանդացողների աճ:
– Դուք ասում եք՝ կառավարությունը պետք է ավելի վաղ մտածեր տնտեսությունը փրկելու մասին. կառավարությունն այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր իրականացրեց, դրանք բավարար չէի՞ն:
– Բավարար բառը կփոխարինեի էֆեկտիվ բառով և կասեի՝ ոչ, էֆեկտիվ չէին: Աջակցման բոլոր ծրագրերը թիրախային էին, իսկ թիրախային ծրագրեր կարելի է իրականացնել այնպիսի երկրում, որտեղ կան տվյալների հավաստի բազաներ: Մեր երկրում մենք չունենք տվյալների հավաստի բազաներ՝ կապված բիզնեսի, քաղաքացիների հետ, և ըստ այդմ՝ ստացվում է, որ թիրախավորում հնարավոր չէ իրականացնել, ինչը մենք տեսանք: Փաստորեն, գումարներ տրվեցին, ծախսեր փակվեցին՝ ոչ թիրախային:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում