Բաժիններ՝

«Կան տեղեկություններ, որ երկար ժամանակ Հայկ Մարությանին տարբեր միջնորդություններով խնդրել են ընդունել այդ խմբաքանակը». Դավիթ Խաժակյան

168.amի հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

– Նախորդ տարի մենք հարցմամբ դիմել էինք Քաղաքապետարանին՝ աղբահանության կոնտեյներների մրցույթին կոմունալ վարչության պետի ազգականի մասնակցության և մրցույթը շահելու մասին, որից հետո Արարատ Խաչիկյանը ազատվեց աշխատանքից։ Վերջերս Դուք մամուլում նշել էիք, որ կոնտեյներների մրցույթները շարունակում են լինել խնդրահարույց, ի՞նչ կասեք այս մասին։

– Այո՛, այս մրցույթների վերաբերյալ եղել են զարգացումներ, որոնք վրիպել են հանրության ուշադրությունից։ Մայիսի 3-ին Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նոր աղբամանների խմբաքանակի մասին տեղեկատվություն, որն իրականում ստացվել էր դրանից ամիսներ առաջ։

– Այդ դեպքում ինչո՞ւ այդ մասին տեղեկացվեց մայիսի 3-ին:

– Բանն այն է, որ մրցույթը կայացել էր դեռևս հունվար ամսին, և փետրվարին այդ աղբամանները պետք է ընդունվեին Քաղաքապետարանի կողմից։ Ես ուսումնասիրել եմ այս հարցը և պարզել, որ Քաղաքապետարանը պահանջել է կազմակերպություններից փորձաքննել այդ աղբամանները նախքան ընդունելը։ Իմ ունեցած տեղեկություններով` փորձաքննության կենտրոնը բացասական եզրակացություն է տվել՝ պնդելով, որ ներկրված աղբամանները չեն համապատասխանում մրցույթի տեխնիկական բնութագրերին։ Այդուհանդերձ Քաղաքապետարանն ընդունել է խմբաքանակներից մեկը, մյուսը` ոչ։ Կան տեղեկություններ, որոնք, բնականաբար, Քաղաքապետարանը չի հաստատի, այն մասին, որ երկար ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին տարբեր միջնորդություններով խնդրել են ընդունել այդ խմբաքանակը, ինչը տեղի է ունեցել ամիսներ անց։ Հարց է առաջանում, թե ո՞ւր են մեկ այլ կազմակերպության հետ կնքված մրցույթի արդյունքում ձեռք բերված կոնտեյներները, ինչո՞ւ դրանք ևս Քաղաքապետարանը չի ընդունում։

Իմ ունեցած տեղեկություններով` Քաղաքապետարանը այդ կազմակերպությունից ևս պահանջել է փորձաքննել կոնտեյներները, սակայն առ այսօր չի ընդունել այդ խմբաքանակը։

– Ինչո՞ւ եք Դուք այդտեղ միտում տեսնում: Գուցե մի խմբաքանակը համապատասխանե՞լ է տեխնիկական բնութագրերին, մյուսը` ո՞չ։

– Այդ հարցը, բնականաբար, կարող է առաջանալ, եթե ծանոթ չեք EN 840 աղբամանների միջազգային ստանդարտին։ Բանն այն է, որ Քաղաքապետարանի հայտարարած այս մրցույթների հիմքում ընկած է հենց այս ստանդարտը, որի սերտիֆիկատն անպայմանորեն պետք է ունենա մատակարարը։ Այն մատակարարը, ումից իրենք ներկայումս հրաժարվում են ընդունել խմբաքանակը, հենց «Արտ-Ար Էկո սերվիս» ՍՊԸ-ն է, որը Քաղաքապետարանին  հազարավոր խմբաքանակներ է մատակարարել, և դրանք ընդունվել են։

– Այդ կազմակերպությունն էր հենց, որ փոխկապակցված էր կոմունալ վարչության նախկին պետի հետ, ի՞նչն է խնդիրը, որ նույն կազմակերպության ապրանքն այլևս ընդունելի չէ։

– Ես կարծում եմ, որ ձեր հարցի պատասխանը թաքնված է նոր մրցույթում, որը հայտարարվել է Քաղաքապետարանի կողմից, արդեն փոփոխված տեխնիկական բնութագրերով։ Բանն այն է, որ նոր մրցույթով Քաղաքապետարանը սահմանել է կոնտեյների բեռնատարողության այնպիսի չափանիշ, որը դուրս է միջազգային EN 840 ստանդարտի պահանջներից։ Բայց միևնույն ժամանակ, պահանջել է, որ համ էլ համապատասխանի այդ ստանդարտին։ Այսինքն` մենք ունենք մրցույթի տեխբնութագրով սահմանված երկու պահանջ, որոնք հակասում են միմյանց։ Համադրելով սա այն հանգամանքի հետ, որ չեն ցանկանում ընդունել պատվիրված և Հայաստանում գտնվող խմբաքանակը, ենթադրում եմ, որ կա կազմակերպություն, որի հաղթելը արդեն իսկ կանխորոշված է այս մրցույթում։ Պարզ ասած` սահմանել են այնպիսի տեխնիկական բնութագիր, որը հնարավոր չէ ապահովել, իսկ այն կազմակերպությունը, որը կմասնակցի այդ մրցույթին, նրա վրա իր մատակարարած ապրանքի համար տեխբնութագրի այդ կետի պայմանը չեն տարածի։ Ենթադրում եմ նաև, որ փորձելու են արհեստական խոչընդոտներ ստեղծել այն կազմակերպության համար, որի պայմանագրերն արդեն կնքված են, և ապրանքը Հայաստանում է, որպեսզի հնարավորություն ստեղծվի լուծել կնքված պայմանագիրը և իրականացնել նոր մրցույթ՝ նոր և իրարամերժ տեխբնութագրերով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս