Բաժիններ՝

«Դեպքեր ունենք, որ քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են կանգնած երթևեկել». Փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ասուլիսում հայտնեց՝ մայիսի 18-ից հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր վերգետնյա հանրային տրանսպորտային միջոց․ մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես դուրս են բերել իրենց շարժակազմերը:

«Պարետի որոշմամբ, մեր երթուղայիններում կանգնած ուղևորներով երթևեկությունն այս պահի դրությամբ արգելված է։ Այժմ փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ, ընդհանուր առմամբ, սրանք տարվա մեջ այն ամիսներն են, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։

Աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա այս պահի դրությամբ:

Կարծում եմ՝ այս մի քանի օրվա ընթացքում  պարզ կլինի, թե ուղևորափոխադրումն ինչ տենդենցներ ունի, որից հետո միայն կարող ենք որոշում կայացնել՝ երթուղայինների հաճախականությունն ավելացնե՞լ, թե՞ ոչ»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը հատուկ ռեժիմով վերսկսել է իր աշխատանքը։ Արտակարգ դրության պայմաններում տրանսպորտային միջոցում պարտադիր է կրել դիմակ, արգելվում է վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկաններն իրավասու են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տանել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը։

«Այս պահի դրությամբ՝ 95 տոկոս դեպքերում մեր քաղաքացիները չեն մտնում երթուղային, եթե համալրված են լինում նստատեղերը: Որոշ դեպքեր ունենք,  որ քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի կանգնած երթևեկեն, բայց հանձնարարականն այնպիսին է, որ, եթե քաղաքացիները չեն ենթարկվում, ապա ավտոբուսները կանգնում են և չեն շարժվում՝ մինչև քաղաքացին չիջնի»,- նշեց փողքաղաքապետը:

Նա հավաստիացրեց նաև, որ բոլոր երթուղայիններն ապահովված են մանրադրամների համար արկղերով, ախտահանիչ նյութերով. «Պարետի որոշման համաձայն՝ պետք է իրականացվի ախտահանում. Ախտահանումը՝ և՛ համայնքի սեփականությամբ տրանսպորտային միջոցների, և՛ մասնավորների տրանսպորտային միջոցների, իրականացվելու է համայնքի կողմից (նախկինում ևս իրականացվել է համայնքի հողմից), իսկ ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին և դիմակներին՝ այս պահի դրությամբ դրանք ձեռք են բերում գիծը շահագործող կազմակերպությունները»:

Փոխքաղաքապետը հավելեց, որ տրանսպորտային միջոցների դեպքում՝ պարետի որոշմանը համապատասխանելուն միտված վերահսկողությունը ռեսուրսների առումով բարդ է իրականացնել՝ շուրջ 800 գազելների  և 300 ավտոբուսների պարագայում, և խնդրեց քաղաքացիներին՝ ուշադիր լինել միմյանց հանդեպ՝ ըստ անհրաժեշտության օգնելով կամ հորդորելով այս կամ այն հարցում. «Միմյանց վերահսկողությունը, կարծում եմ, մեծ ազդեցություն կունենա, որպեսզի կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս