Բաժիններ՝

Փոխքաղաքապետը խնդրում է քաղաքացիներին՝ օգտագործված դիմակները և ձեռնոցներն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթել, նոր նետել աղբամանը

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի գործարկման հատուկ պայմաններին և քաղաքային այլ խնդիրների:

Արդյոք քաղաքապետարանում քննարկվե՞լ է Երևանում լրացուցիչ աղբամաններ տեղադրելու հարցը, որտեղ հնարավոր կլինի հավաքել միայն օգտագործված ձեռնոցներն ու դիմակները՝ նկատի ունենալով փողոցներում այդ աղբի առկայությունը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Հ. Սարգսյանը նշեց.

«Այս արտակարգ դրության վիճակում մենք ունեինք որոշ հյուրանոցներ, որում կային հիվանդներ, մեկուսացածներ, և աշխատում է հետևյալ ընթացակարգով՝ ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում. և հատուկ ավտոմեքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, և այնտեղ այն ամբողջությամբ ոչնչացվում է»:

Փոխքաղաքապետը նկատեց, սակայն, որ արդյունավետ չի լինի նմանատիպ միջոցների կիրառումը ամբողջ Հայաստանում նման իրավիճակի կանխարգելման համար, և խնդրեց քաղաքացիներին՝ օգտագործված դիմակները և ձեռնոցներն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթել և նոր նետել աղբամանը:

«Որպես միջոցառում՝ իրականացնում ենք նաև ավտոմեքենաների լվացում. աղբավայրից դուրս գալիս աղբի մեքենաները լվացվում են, որպեսզի, եթե կա այդ վարակը, ապա քաղաք չբերեն: Եթե ընթացիկ հասկանանք՝ ինչ-որ այլ միջոցառումներ կարող ենք իրականացնել, ապա անպայման կիրականացնենք»,- հավելեց նա ՝ խնդրելով մաքուր պահել Երևանը:

Հարցին, թե մինչև ժամը քանի՞սն է աշխատելու տրանսպորտը, ի՞նչ հաճախականությամբ և արդյո՞ք գերծանրաբեռնվածության խնդիրը հնարավոր կլինի լուծել նույն շարժակազմի պարագայում (պարետի որոշմամբ արգելվել է «ոտքի վրա կանգնած ուղևորների առկայությունը), Հ. Սարգսյանը պատասխանեց.

«150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրողներ նույնպես շարժակազմ են դուրս բերել և փորձում են հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ, ընդհանուր առմամբ, սա տարվա մեջ այն ամիսներն են, որտեղ ուղևորահոսքը 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունները փակված են լինում»:

Երևանի փոխքաղաքապետը նշեց նաև, որ այս օրերին պարզ կդառնա ուղևորահոսքի պատկերը և ըստ այդմ՝ նոր միջոցառումներ կձեռնարկվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս