Բաժիններ՝

Ինձ կյանք վերադարձրած բժիշկներ, ես բոլորիդ առաջ խոնարհվում եմ, Աստված ձեզ պահապան. հայտնի հեռուստամեկնաբանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել. Sputnik Արմենիա

Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել։

Նա անգամ կլինիկական մահ է տարել։

Իր զգացողությունները, տեսածը, լսածն ու զգացածը Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։

Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր՝ դեմքիս կկպչի։ Շուրջս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ մարդիկ էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։

«Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պատերազմի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու ու քո այս պահի վիճակը։ Օգնիր, որ մենք ու դու հաղթենք։ Լսեցի՞ր, Գայ… Ու չվախենաս, հիմա խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացված։ Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ պետք է, գրի»։

Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա առաջին մարդն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց հետո։

-Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։

-Ամբողջ գիշեր էստեղ են եղել, հիմա էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։

-Ամբողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց, ի՞նչ ամբողջ գիշեր,– էլի մի կերպ գրում եմ։

-է՜ Գայ, 4-րդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։

Շաբաթներ անց պիտի հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «5 րոպե կլինիկական մահն էր»… Հիմա շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։ Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։ Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում հասկանալ, ի մի բերել գլխովդ անցածը, միայն դրվագներ են աչքիդ առաջով անցնում։

Շտապօգնության մեքենայի ներսում առաջին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ դեմքիս։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգ։ Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում…

Արդեն երկու շաբաթ անց հազիվ էի հավատալու, որ հասարակ թոքաբորբը կարող էր թերի բուժվել ու ամիսների ընթացքում ինձ հասցնել վերակենդանացման բաժանմունք։ Սա շատ դաժան տեղ է, այդտեղ 10 օր մնալուցս 3 ամիս է անցել, բայց դեռ գիշերները մղձավանջից վեր եմ թռչում, ինձ թվում է` խողովակներով եմ շնչում, սնվում, ապրում, դեռ խողովակներն ինձ խեղդում։ Ու ամեն անգամ 5-7 րոպե է պահանջվում, որ հետ գամ մղձավանջից ու հասկանամ՝ սա իմ ննջասենյակն է ու կողքերս ոչ թե բաժանմունքի սարսափելի մահճակալներն են, այլ՝ աղջիկներիս օրորոցները։

Երբ ամուսինս ու քույրս ինձ հիվանդանոցից տուն էին բերում, 15-րդ թաղամասից Դավթաշեն տանող նորակառույց ճանապարհի մի հատվածում շատ անբնական ձայնով բղավեցի, որովհետև տարածքը ճանաչեցի. ցածր առաստաղով սենյակն այդտեղ էր, գետնի տակ, ու ես, մեծ քթերով մարդիկ` բոլորս հենց էդտեղ էինք։ Գուցե մինչև կյանքիս վերջը չհասկանամ՝ ինչու՞ հենց այդ հատվածում, ի՞նչ կա այդ նորակառույց ճանապարհի տակ, բայց էպիկրիզի «5 րոպե սրտի կանգը» փաստորեն, ինձ այդտեղ էր բերել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս