«Կարող ենք ենթադրել, որ հակառակորդը պատրաստվում է որոշակի գործողությունների». Հրաչյա Պետրոսյանց
Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Հատկանշական է, որ զորավարժությունն ունենալու է բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ պայմանական հակառակորդի օպերատիվ խորությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, կշահագործվի շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև` տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
ՀՀ ՊՆ-ն արձագանքելով զորավարժությունների անցկացման փաստին՝ զգուշացրել է Ադրբեջանին` զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի՝ որպես սադրանք, և կունենա համապատասխան հետևանքներ։
Վերջերս 168.am-ին տված հարցազրույցում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, խոսելով Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման կամ ևս մեկ ապրիլյան լայնամասշտաբ գործողությունների իրականացման հավանականության մասին՝ կարծիք էր հայտնել, թե 2016թ․ ապրիլից հետո ընկած ժամանակահատվածում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այնքան բարձր չի եղել, որքան այժմ։
Արձագանքելով ադրբեջանական հարձակողական զորավարժությունների անցկացման հանգամանքին և քաղաքագետի վերոնշյալ դիտարկմանը՝ 168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ անգամ սիրողական մակարդակով ռազմարվեստի ուսումնասիրումը թույլ է տալիս անել հետևյալ հետևությունը, այն է` ժամանակակից պայմաններում լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսումն անհնար է գաղտնի պահել, և, որ դրա անսպասելիությունն ապահովելու համար առավել շատ օգտագործում են զորավարժությունների քողի տակ զորքերի տեղաշարժը և կուտակումը որոշակի շրջաններում։
«Ընդ որում, հակառակորդին առավել խորը մոլորեցնելու համար կարող են իրականացվել մի քանի զորավարժություններ, նույնիսկ` չափազանց մեծ մասշտաբի, որով նաև կթուլացնեն զգոնությունը, և ինչ-որ մի հերթական զորավարժությունը հաշված ժամերի ընթացքում կվերածվի մարտական գործողությունների։ Ինչպես նախկինում նշել եմ` լրատվական միջոցներով մեզ հասանելի տեղեկություններն արդեն թույլ են տալիս ենթադրել, որ հակառակորդը պատրաստվում է որոշակի գործողությունների։ Եվ ամենևին պատահական չէ վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի ակտիվությունը ռազմաճակատի գծում, ինչպես նաև անընդհատ անցկացվող զորավարժությունները։ Այնպես որ, կարծում եմ, մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք ադրբեջանական կողմից եկող այս տեղեկատվությանը: Իհարկե, մեր համապատասխան մարմիններն արդեն իսկ իրականացնում են բոլոր միջոցները` անհրաժեշտության դեպքում կանխելու մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,- շեշտեց ռազմագետը:
Ըստ նրա`ուշադրություն պիտի դարձնենք մեր զինծառայողներին, մարդկային ռեսուրսին, որովհետև պատերազմն առաջին հերթին՝ հաղթում են նրանք, այլ ոչ թե՝ սպառազինությունն ու գնումները։
«Մեր պաշտպանական քաղաքականության հիմքը պիտի լինի՝ զինծառայողներին դարձնել սոցիալական ամենաբարձր մակարդակում գտնվող խավ, և այդ ժամանակ մենք կապահովենք որակ. ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրվելուց հետո ի վիճակի կլինենք ծնկի բերել մեր հակառակորդին` նավթադոլարների վրա կառուցված, խամաճիկային պետությանը` ցանկացած պահի, ցանկացած տարածքում»,- եզրափակեց Պետրոսյանցը:
Հավելենք, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնի նաև Նախիջևանում: