«ՀՀ կառավարությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի համավարակի վերաբերյալ չափանիշերը և միգուցե վերանայի ներկայիս քաղաքականությունը՝ հօգուտ փուլային վերաբացման տարբերակի». ԱՀԿ Հայաստանի ներկայացուցիչ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահվան դեպքերինը՝ 55:
Չնայած վարակման դեպքերի աճին՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օրերս խորհրդարանում հայտարարեց՝ մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից:
168.am-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցևից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում դեպքերի աճման ֆոնին սահմանափակումների չեղարկումը, արդյո՞ք այդ որոշումը չի հանգեցնի առողջապահական համակարգի կոլապսի, և, թե ինչ կանխատեսումներ ունի ԱՀԿ-ն՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ընթացքի վերաբերյալ: (Հարցերն ուղարկվել էին մինչև մայիսի 14-ի նոր որոշումների ընդունումը):
– Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս նշել էր, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՀԿ-ն Հայաստանի համար կանխատեսել էր կորոնավիրուսային վարակի մինչև 500 հազար դեպք, 10 հազարից ավելի հոսպիտալացման դեպքեր և հազարավոր մահեր։ Այս պահին, հաշվի առնելով արդեն առկա դեպքերի թիվն ու դինամիկան, ԱՀԿ-ն ի՞նչ կանխատեսումներ ունի Հայաստանի վերաբերյալ:
– Համաճարակի զարգացման մոդելավորումն ունի էական սահմանափակումներ, քանի որ այն ունակ չէ հաշվի առնել կոնկրետ երկրի մակարդակում ազդող տարատեսակ գործոնները, որոնք մեծապես ազդում են համաճարակի բռնկման ընթացքի վրա, և որոնք էլ իրենց հերթին՝ ազդում են մոդելավորման արդյունքների վրա: Ընդ որում՝ ԱՀԿ-ն երբևէ չի առաջարկել հրապարակել համաճարակային շարժընթացի որևէ մոդել որևէ կոնկրետ երկրի համար՝ կապված վերոնշյալ սահմանափակումների, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ գործոնների հետ (օրինակ՝ ֆիզիկական հեռավորության միջոցների ազդեցությունը համաճարակի ընթացքի վրա, բարձր ռիսկային բնակչության խմբերի միջև կլաստերային բռնկումներ և այլն)։ Այդ իսկ պատճառով, ԱՀԿ-ի դիրքորոշումը մոդելավորման վերաբերյալ շատ պարզ է. այն պետք է օգտագործվի միայն՝ որպես ընդհանրական պատկեր, օրինակ՝ գնահատելու համար երկրի կարիքները` «ամենավատ սցենարի» կամ «լոկալ համայնքային փոխանցման» մոդելների հիման վրա: Սա կարող է օգտագործվել գործընկեր երկրների և դոնորների կողմից՝ զարգացման աջակցության ծրագրերի շրջանակներում՝ որոշելու դրանց աջակցության մակարդակը, կամ Առողջապահության նախարարութան կողմից՝ նախնական պատկերացում կազմելու անհրաժեշտ սարքավորումների, անձնակազմի կամ պարագաների հնարավոր կարիքների վերաբերյալ:
Մոդելները գնահատում են վիրուսի արդյունավետ վերարտադրողական գործակիցը (մեկ դեպքի փոխանցման գործակիցը), ինչը Հայաստանում 1.2 է, իսկ կրկնապատկման ժամանակը` 15 օր: Նպատակն արդյունավետ վերարտադրողական գործակիցը 1 դարձնելն է առնվազն երկու շաբաթ շարունակ (մինչև սոցիալական սահմանափակման միջոցառումների վերացումը/վերաբացումը)։
– Հայաստանում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն անցնում է 3000-ից և մահացության դեպքերը՝ 40-ից, ամեն օր կա վարակակիրների մեծ թիվ, այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը որոշեց հանել սահմանափակումները: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է և չի հանգեցնի առողջապահական համակարգի կոլապսի՝ նկատենք նաև, որ բազմիցս նշվել է, որ երկրում մահճակալային ֆոնդն անսպառ չէ:
– Հայաստանի սոցիալական սահմանափակման միջոցառումները վերացնելու մասին որոշումը կայացվել է դեպքերի աճի ժամանակ. նախորդ շաբաթվա համեմատ՝ 22-ով ավելի դեպք էր գրանցվել: ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս սոցիալական սահմանափակման քաղաքականությունից հրաժարվելիս շատ զգուշավոր լինել՝ ապահովելով, որ յուրաքանչյուր վերացված սահմանափակում ունենա համապատասխան ռիսկերի մեղմացման միջոցառում՝ որպես հակակշիռ։ Այլ կերպ՝ որոշակի սահմանափակումների վերացման հետ կապված ռիսկերը պետք է նվազեցվեն մեղմացնող միջոցառումներով (օրինակ՝ խանութներ բացելը, բայց հաճախորդներին ուղղորդելով 2 մետր հեռավորության վրա հերթ կանգնելու, կամ խանութներում մուտքը միայն դիմակներով դարձնելը)։ ԱՀԿ-ն երկրների կառավարությունների համար մշակել է ուղեցույց, որը կարող է օգտագործվել սահմանափակումների վերացման որոշումը կայացնելիս։ Հետևաբար՝ շատ կարևոր է, որ կառավարությունը հաշվի առնի հետևյալ վեց կարևոր չափանիշը.
1. Պետք է հստակորեն փաստացի երևա, որ երկրում COVID-19-ի փոխանցումը վերահսկելի է, ինչը նշանակում է, որ ամեն օր նոր հայտնաբերված դեպքերի քանակը պետք է կամ կայուն նվազի, կամ կայունանա ավելի ցածր թվերի արձանագրման ժամանակ:
2. Պետք է ներդրված լինեն հանրային առողջության և առողջապահության համակարգի կարողություններ՝ կոնտակտավոր անձանց նույնականացման, մեկուսացման, թեստավորման, կապերի հայտնաբերման և նրանց կարանտինացման համար:
3. Բռնկման ռիսկերը պետք է նվազագույնի հասցված լինեն բարձր խոցելիության խմբերի շրջանակում, մասնավորապես` տանը (տարեցների համար), հոգեկան առողջության հաստատություններում և մարդաշատ վայրերում:
4. Աշխատավայրում պետք է ձեռնարկված լինեն կանխարգելիչ միջոցառումներ՝ ներառյալ ֆիզիկական հեռավորությունը, ձեռքի լվացման միջոցները և շնչառական վարվելաձևերը [հազի, փռշտոցի և այլնի հետ կապված հիգիենայի էթիկետ]:
5. Վարակի ներթափանցման ռիսկերը՝ կապված ներգնա ուղևորների հետ, կարելի է արդյունավետ կառավարել:
6. Համայնքների կարծիքը լսելի է, և նրանք իրազեկ են, ներգրավված և մասնակցում են այս անցմանը [վերաբացմանը]:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի այն երկրներից է, որոնք ունեն կումուլյատիվ դեպքերի ամենաբարձր աճը, Հայաստանի կառավարությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի համավարակի վերոբերյալ չափանիշերը և միգուցե վերանայի ներկայիս քաղաքականությունը՝ հօգուտ փուլային վերաբացման տարբերակի, երբ սահմանափակումների վերացումը տեղի կունենա աստիճանաբար: Ես նաև կցանկանայի ընդգծել հասարակության հետ թափանցիկ հաղորդակցության կարևորությունը, ինչը կօգնի մարդկանց ավելի լավ հասկանալ առկա ռիսկերը և փոփոխել իրենց վարքագիծը:
Մայիսի 6-ին և 7-ին ԱՀԿ-ն Հայաստանում իրականացրեց վիրտուալ առաքելություն, որը ներառում էր Առողջապահության նախարարության հետ քննարկում երկրում COVID-19-ի արձագանքման բոլոր ասպեկտների վերաբերյալ, ներառյալ՝ հնարավոր փուլային անցման պլանը: Հայաստանի արձագանքը COVID-19-ին քննարկվել է նաև ՀՀ Վարչապետի և ԱՀԿ գլխավոր տնօրենի միջև մայիսի վեցին կայացած զրույցի ընթացքում։
– Այս օրերին բազմաթիվ միջազգային կառույցներ օժանդակություն են տրամադրում Covid-19-ի դեմ պայքարում. Կներկայացնե՞ք համավարակին ուղղված ԱՀԿ աջակցության ծրագրերը Հայաստանում այս առումով:
– Կարևոր է շեշտել, որ ԱՀԿ-ն COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար գլոբալ առաջնորդի դերում է՝ նախևառաջ պատասխանատու լինելով արձագանքման շրջանակներում հանրային առողջությանն առնչվող ասպեկտների վերաբերյալ տեխնիկական ցուցումների տրամադրման գործում, ինչպիսիք են հսկողությունը և համաճարակաբանությունը, լաբորատոր կարողությունների ուժեղացումը, ռիսկերի հաղորդակցությունը, կլինիկական կառավարումը, առողջապահական հիմնական ծառայությունները: Համաճարակի առաջին իսկ օրվանից ԱՀԿ-ն ապահովում է, որ COVID-19-ի բոլոր ամենաթարմ պրոտոկոլները` ախտորոշման, լաբորատորիաների, առողջապահական հաստատությունների, կլինիկական կառավարման, հսկողության, կոնտակտային հետքերի, կարանտինի և այլնի տեղադրման առումով, հասանելի լինեն իշխանություններին: Դրանից բացի, ԱՀԿ-ն գլոբալ առաջատար դեր ունի՝ Գնումների կոնսորցիումներին տեխնիկական ցուցումների տրամադրման հարցում՝ COVID-19-ի արձագանքման համար անհրաժեշտ հիմնական ապրանքատեսակների կենտրոնացված գնումների համար կոնկրետ երկրի մակարդակում: Վերոհիշյալի լույսի ներքո ԱՀԿ-ն պետք է դիտարկվի՝ որպես տեխնիկական առաջատար այն համախմբված ջանքերի համար, որոնք ՄԱԿ-ի գործակալությունները և զարգացման տարբեր գործընկերներ տրամադրում են ՀՀ կառավարությանը՝ համավարակի արձագանքման համար: