Բաժիններ՝

COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304.000-ից ավելի մարդ մահացել է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459:

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 204 հազար 795, մահացածներինը՝ 14 հազար 058:

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 116 հազար 635-ի: Վերջին մեկ օրում վարակի 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 902 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 12 հազար 860    -ի, մահացածներինը՝ 96-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 891 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Սլովենիան հայտարարել է երկրում համավարակի ավարտի մասին

Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը հեռավար նիստի ժամանակ հայտարարել է, որ համավարակային իրավիճակը հաղթահարել են: Հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը նվազել է»,- հայտնել է կառավարությունը:

Վերջին տվյալներով, Սլովենիայում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, որից մահացել է 103-ը: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:

Կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից, ինչպես նաև օդանավակայանի բացումը անվտանգության կանոնների պահպանմամբ: Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր: Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները:

ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմել է ևս 3 մլն քաղաքացի

ԱՄՆ-ում նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը թեպետ փոքր-ինչ դանդաղել է, սակայն արդեն դիմել է ևս 3 միլիոն քաղաքացի: Դա այն դեպքում, երբ կորոնավիրոսի համավարակը շարունակում է վնաս հասցնել տնտեսությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Երկու ամսվա ընթացքում առանց աշխատանքի է մնացել է 36,5 միլիոն մարդ: Նախորդ շաբաթ կառավարությունը հայտարարել էր, որ գործազրկության մակարդակը հասել է 14,7 տոկոսի, թեպետ նշվում է, որ այս ցուցանիշը կարող է բարձր լինել: Կոնգրեսն ու նախագահ Թրամփն արդեն հատկացրել են 3 տրիլիոն դոլար հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում, որպեսզի աջակցություն ցուցաբերվի բնակիչներին, բիզնեսին:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 450 հզարից ավելին է, մահացել է 86 հազար 912 մարդ:

Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում  է հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նրա խոսքով, մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ:

 

Միջոցառումները պետք է անցկացվեն մի շարք պահանջներ ապահովելու դեպքում՝ պաշտպանիչ դիմակների կրում, նվազագույն մեկ մետր սոցիալական հեռավորության պահպանում: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին արդեն կարող են միջոցառումներ անցկացնել մինչև 500 հոգու մասնակցությամբ, կրկին անվտանգության կանոնները պահելով:

Ավստրիան ապրիլի 14-ից սկսել է մեղմել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից հետո

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-կառավարության նիստում հայտնել է վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:

Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 671 է, ավելի քան կեսն ապաքինվել է, 12 մարդ՝ մահացել:

Ստիպված չենք լինի ձգել գոտիները. Լատվիայի վարչապետը խոսել է երկրում գործազրկության մասին

Այս անգամ Լատվիան ստիպված չի լինի ձգել գոտիները: Անդրադառնալով գործազրկության հարցերին՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշն իր կուսակիցների հետ առցանց քննարկման ժամանակ:

«2008 թվականին մենք հնարավորություն չենք ունեցել գումար վերցնելու ֆինանսական շուկայից, և ստիպված ենք եղել դիմել Եվրահանձնաժողովին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնք դրեցին խիստ պահանջներ վարկերի համար»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով, ներկայում Լատվիայում շուրջ 50 հազար մարդ ստացել է ֆինանսական օգնություն ու չի դարձել գործազուրկ: Նա տեղեկացրել է, որ երկրում գործազրկության ցուցանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ դառնալով 8.2 տոկոս:

Ընդհանուր առմամբ, Լատվիայում համավարակի հետևանքով աշխատանքից զրկվել է 16 հազար մարդ:

Ռուսաստանցիների 41 տոկոսը չի պատրաստվում սովորությունները փոխել ինքնամեկուսացումից հետո

Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն, ռուսաստանցիներին ավելի քան 40 տոկոսն ինքնամեկուսացումից հետո պլանավորում է վերադառնալ բնականոն կյանքի, մոտ 94 տոկոսը կշարունակի այցելել ռեստորաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանցիների 40 տոկոսից ավելին չի պատրաստվում փոխել իր ամենօրյա սովորությունները՝ կապված հիգիենայի, սոցիալական հեռավորություն պահպանելու հետ: Փորձագետների տյալներով, ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը կշարունակի այցելել ռեստորաններ: Հարցվածների միայն 6 տոկոսն է նշել, որ նախապատվությունը կտա տուն առաքելուն: Ընդ որում, առցանց հարցման մասնակիցների 99 տոկոսը նշել է, որ չի ընտրի ռեստորաններ, որտեղ կլինի փաթեթավորված սնունդ»,-ասված է ուսումանսիրության մեջ:

Հարցումն անցակցվել է 2020 թվականի մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում:

Չինաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում այս տարվա ապրիլին առաջին անգամ աճ է գրանցվել

Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չինաստանում ապրիլին հանքարդյունաբերության արտադրությունն ունեցել է 0.3 տոկոս աճ, վերամշակող արդյունաբերությունը՝ 5 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու մատակարարման աճը կազմել է 0.2 տոկոս: Տվյալներն արտացոլում են չինական խոշոր ընեկերությունների արտադրության պատկերը:

Չնայած դրան, հաշվի առնելով համավարակով պայմանավորված առաջին եռամսյակի կտրուկ անկումը, ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ոլորտը 4.9 տոկոս անկում է ունեցել՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս