«Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ իր «իդեա ֆիքսը» կյանքի կկոչի, ուստի այս պահին ամենահարմար լուծումն արտակարգ դրության երկարաձգելն էր». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի բնորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող այնքան ազնիվ լինել, որպեսզի հանրության համար հստակ հայտարարի՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հարցում պարտվել է, ուստի չեղարկում է անտրամաբանական և հակաօրինական հանրաքվեն:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մտածողությունից զուրկ է, և դա նա բազմիցս ապացուցել է իր գործողություններով: Այդ հանրաքվեի միջոցով վարչապետը փորձում է հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի նկատմամբ: Փաշինյանն ավելի շատ առաջնորդվում է անձնական ու սեփական շահերից ելնելով: Այո՛, արտակարգ դրությունը երկարաձգելը հիմնականում կապված է Սահմանադրական հանրաքվեի հետ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ առանց ընտրակեղծիքների հնարավոր կլինի իր «իդեա ֆիքսը» կյանքի կոչել, և այս պահին ամենահարմար լուծումը կրկին 30 օրով արտակարգ դրության երկարաձգելն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով 30 օրով կրկին երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը:
Նրա խոսքով՝ այս 30 օրվա ընթացքում իշխանությունները կփորձեն ինչ-որ լուծումներ գտնել հանրաքվեի համար:
Այդուհանդերձ, քաղաքագետի կարծիքով՝ արտակարգ դրության երկարաձգումը միայն ՍԴ-ի հանրաքվեի հետ չի կապված. ճիշտ է, ըստ նրա՝ գլխավոր խնդիրը դա է, բայց կան նաև սոցիալական բազում խնդիրներ, քանի որ մարդիկ արդեն սկսել են փոքր խմբերով դուրս գալ փողոց և բողոքել իրենց խնդիրներից:
«Այն, որ Կառավարությունը մարդկանց իր աջակցության ծրագրերով 25 կամ 100.000 դրամ է հատկացրել, դա չի նշանակում, որ սոցիալական խնդիրները դրանով լուծվեցին. մարդիկ այդ գումարով մեկ ամիս են գոյատևել և այդ գումարն արդեն վաղուց ծախսել են: Միանվագ օգնություն տալով՝ կառավարությունը չի կարող սոցիալական մեծ խնդիրներ լուծել: Արտակարգ դրության երկարաձգմամբ իշխանությունները փաստորեն ցանկանում են իրենց վերահսկողության տակ պահել նաև երկրում ստեղծված իրավիճակը՝ քաղաքական առումով: Իշխանությունների ընդունած հակաճգնաժամային բոլոր որոշումները կարճաժամկետ էին»,- շեշտեց նա:
Գագիկ Համբարյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ տարվող արդյունավետ պայքարն իշխանությունները վաղուց տապալել են, և այստեղ ամենազավեշտալին այն է, որ վարչապետը վարակակիրների թվի աճն ու մահերը փորձում է բարդել հասարակության վրա:
«Վարչապետը միշտ ընդգծում է, որ հանրությունն «ականջ չունի», դրա համար էլ վարակվածների թիվն օրեցօր ավելանում է, այլ կերպ ասած՝ վարչապետը հանրությանը ևս մեկ անգամ ներկայացրեց՝ որպես Բաբկեն Թունյանի հարևան անգրագետ Պողոս: Այսինքն՝ վարչապետն ասում է, որ իրենք ցանկանում են հանրության համար լավ բան անել, բայց հանրությունը խախտում է բոլոր սահմանված կանոնները, ուստի այսօր ունենք այն վիճակը, որն ունենք»,- նկատեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Գագիկ Համբարյանն ասաց, որ պետք է նայել, թե իշխանական արբանյակները կոնկրետ ինչ առաջարկներով են հանդես գալիս, որից պարզ կդառնա, որ նրանք խնդիրը փորձում են կրկին տեղափոխել Ազգային ժողով և նրա միջոցով էլ հարցը լուծել:
«Կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ է լավ հասկանում, որ այս ճգնաժամային ժամանակաշրջանում իր Կառավարության կոպիտ սխալները, ինչպես նաև սոցիալական դեմագոգիան հասարակությունը շատ լավ զգացել է իր և իր գրպանի վրա: Այս տարի գրեթե ամբողջությամբ տապալվել է խոպանի սեզոնը, մեխանիկորեն նաև չի լինելու ֆինանսական միջոցների փոխանցման հոսք դեպի Հայաստան, ուստի հասարակությունն ունենալու է մեծ սոցիալական խնդիրներ: Սա գիտակցում են վարչապետը և իր թիմը»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: