«Խաղաղություն է պահպանվում ոչ թե զինադադարի պայմանագրի շնորհիվ, այլ, որ ուժերի հավասարակշռության ստեղծված վիճակը թույլ չի տալիս Ադրբեջանին վերսկսել պատերազմը». Մհեր Հակոբյան

1994թ. մայիսի 5-ին` Բիշքեկում, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը` մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին` Երևանում, համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ ռազմական գիտության, տեսության և նույնիսկ ռազմական պատմության մեջ «զինադադար» հասկացությունը հստակ կարգավորում չունի: Ավելին, եթե, օրինակ, միջազգային մարդասիրական իրավունքը կամ պատերազմի հետ կապված այլ իրավական ասպեկտները պահպանվում են բավականին խիստ, ապա զինադադարները հաճախ պահպանվում են ոչ թե՝ նրա համար, որ իրենք կնքվել են, այսինքն` կնքման փաստի ուժով,  այլ, որպես կանոն, պահպանվում են այն ուժով, որ կնքման պահին առաջացած ուժերի հավասարակշռությունը դեռևս չի փոխվել:

«Այսինքն` զինադադարն իր բնույթով, ըստ էության, հաշտություն է, բայց այն հաշտությունից տարբերվում է շատ էական մի առանձնահատկությամբ. վերջնականապես չի լուծում կողմերի միջև առաջացած խնդիրները: Օրինակ, Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև կնքված զինադադարը, որը կնքվել է դեռևս 1953-ին, այս պահի դրությամբ գործում է և փաստացի փոխարինում է, ըստ էության, պատերազմի ավարտն ամրագրող փաստաթղթին: Բայց դա՝ ձևականորեն կամ զուտ դե յուրե, քանի նրանց միջև պատերազմը դեռևս շարունակվում է: Այսինքն` «զինադադար» հասկացությունը պետք չէ գերագնահատել, այն, կրկնում եմ` այն արդյունք է ուժերի միջև ստեղծված հավասարակշռության այն վիճակի, երբ հակամարտող 2 կողմերն էլ արդեն չեն ուզում պատերազմել: Եվ դրանից հետո մեծապես չեն պատերազմում ոչ թե զինադադարի շնորհիվ, այլ, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ պատրաստ չեն պատերազմական գործողությունները շարունակելուն»,- շեշտեց վերլուծաբանը:

Ըստ այդմ` Մհեր Հակոբյանն այս տրամաբանության մեջ դիտարկելով 1994թ. կնքված զինադադարը՝ ընդգծեց, որ դրա դերը չի գերագնահատում, որովհետև այս պահին ճակատում խաղաղություն է պահպանվում ոչ թե՝ կնքված զինադադարի պայմանագրի շնորհիվ, այլ այն բանի, որ ուժերի հավասարակշռության ստեղծված վիճակը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին՝ վերսկսել ռազմական գործողությունները, իսկ հայկական կողմն էլ շահագրգռված չէ պատերազմական նոր գործողությունների սկսման փաստով:

«Այսինքն` 1994-ի զինադադարը մեզ համար արժեքավոր էր՝ որպես մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ, սակայն այն չպետք է գերագնահատել, որովհետև այս պահին մենք պատերազմական գործողություններ չունենք, որովհետև առկա է ուժերի հավասարակշռություն: Մեր հայկական բանակը ստեղծել է մի դրություն, որ ադրբեջանական ռազմական տեսաբանները, վերլուծաբանները և զինվորականները չեն համարում իրենց պատրաստ, քանի որ վստահ չեն, որ պատերազմի սկսվելու դեպքում հաջողություն կունենան: Մյուս կողմից` չէի թերագնահատի զինադադարի դերը, որովհետև, այնուհանդերձ, այդ բիշքեկյան արձանագրություն կոչվածները քիչ թե շատ իրավական հիմք են, որի ուժով բանակցությունները շարունակվում են և, փաստացի,  կարող են խաղաղության հիմք հանդիսանալ: Մենք այդ զինադադարի հետ կապված մի պլյուս էլ ունենք. Արցախը բանակցությունների կողմ է, ինչը չէի գերագնահատի, բայց նաև չէի ցանկանա դա կորցնել: Այսօր պաշտոնական Բաքուն կտրուկ չի ուզում պաշտոնական Ստեփանակերտին բանակցային սեղանին տեսնել, մինչդեռ 1994-ի մայիսին այդպես չի եղել. Իլհամ Ալիևը, որը Հեյդար Ալիևի քաղաքականության շարունակողն է համարվում, իսկ Հեյդար Ալիևն ընդունել է` այո, կա արցախյան կողմ, իսկ հիմա Բաքուն պնդում է, թե սա ՀՀ-ի ագրեսիան է իրենց նկատմամբ»,- ասաց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Մեր դիտարկմանը, թե կան քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք 1994-ի զինադադարը համարում են «թույլ» փաստաթուղթ, որ այնտեղ հայկական կողմը պետք է հստակ սահմանային պահանջներ մտցներ, ոմանք էլ խնդիր են տեսնում դրա կնքման ժամանակի հետ կապված, Մհեր Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ 1994-ի մայիսին պետք էր կնքել այդ զինադադարը, որովհետև թեպետ հաղթում էինք և առաջ գնում, բայց մենք ևս գտնվում էինք ուժերի լարման և հյուծման վիճակում:

«Այս կարծիքը ձևավորվել է և’ հուշերի, փաստաթղթային ուսումնասիրությունների, և’ սպաների ու ազատամարտիկների հետ զրույցների արդյունքում: Երկրորդ` ես կարծում եմ, որ այս հաշտության մեջ մեծ դեր ունեցավ ՌԴ-ն, քանի որ մեր զինամթերքի և զենքի առումով այդ ժամանակ շատ լուրջ կախվածություն ունեինք նրանցից, և Ռուսաստանը ինչ-որ մի պահի որոշեց, որ հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը պետք է ավարտվի այս տեսքով: Ենթադրում եմ, որ իրենք այնպես արեցին, որ կոնֆլիկտը կողմերից ոչ մեկին չոչնչացնի, և հետագայում իրենք ունենան իրենց ձեռքի տակ կարգավորվող պատերազմ, որ երկու կողմերին էլ այդ կարգավորվող պատերազմում պահեն իրենց հսկողության տակ»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս