ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, hունիսի 10-11-ը մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։

Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին, որը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ հաստատման համար։

Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930