«Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել՝ որպես սպառնալիք». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իր գործընկեր Սասուն Միքայելյանի երեկվա արած հայտարարությունը բավականին հստակ էր, որովհետև վերջինս հիշեցնում էր, թե առհասարակ ինչ է տեղի ունեցել նախկինում, հիշեցրել է նաև իր գործընկերների մասին:

«Ես Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել՝ որպես սպառնալիք, եթե նկատի ունենք, որ նա ասաց՝ կա՛մ իրենից պետք է ներողություն խնդիրեն, կա՛մ լավ չի լինելու: Ես այն ընկալել եմ բարոյական դաշտում, որ Էդմոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնա թե՛ Մարուքյանի, թե՛ ԼՀԿ-ի հեղինակության վրա: Ես իմ հարգելի գործընկերոջը կոչ եմ անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և ԱԺ աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ:

Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միջադեպի առնչությամբ իր մեղքի բաժինը չի ընդունում, այդուհանդերձ լիահույս եմ, որ կանի հետևություններ:

Մեր խմբակցությունը դատապարտել է տեղի ունեցածը մեր հատվածով և առհասարակ միջադեպը, մենք մեր հետևություններն արել ենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող խմբակցության ղեկավարը:

Հարցին, իսկ եթե առհասարակ ԼՀԿ-ն չվերադառնա՞ ԱԺ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հարցն իր տիրույթում չէ, ուստի չի կարող պատասխանել այնպիսի հարցերի, որոնք չեն առնչվում իշխող խմբակցությանը:

«Ես այս թեմային այլևս չեմ անդրադառնալու, խնդրում եմ, այսքանով սահմանափակենք, եթե իմ գործընկերներին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, ապա առաջինը դրան ես պետք է հետևեմ, ուստի թույլ տվեք այլևս չանդրադառնալ այս թեմային: Նորից կրկնեմ, որ պարոն Մարուքյանի երեկվա տեսաուղերձը մեծամասամբ քաղաքական չէր, միայն մեկ դրվագով էր քաղաքական, որին ես արձագանքեցի»,- հավելեց Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը երեկ խորհրդարանում ելույթ ունեցավ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը հրապարակավ կոչ արեց ներողություն խնդրել իր մոր հասցեին ասված բառերի համար.

«Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Էդմոնի եղբայրը, և՛ Ալենի մայրը, բայց այն, ինչ Էդմոնն ասել է Ալենին, այդ նույն բանն ինձ ասել է Էդմոնի եղբայրը: Երիտասարդ, ես չեմ հակադարձի քո բառերով, երիտասարդ, քո մայրը իմ համար սուրբ է, բայց եթե քո խոսքերի համար դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին գիտեք, գիտեք՝ ով եմ, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ՝ որպես մեծ, հելնես աղերսաբար ներողություն խնդրես իմ մորից: Ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, որ զանգում-ասում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնացե՛ք, ես իմ մոր պատվի համար կարող եմ կանգնել: Էդ երեխու լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»,- ասել էր Սասուն Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս