«Ցավում եմ, որ պառլամենտն ընդունել է՝ չնայած ուրիշ բան սպասել չէր էլ կարելի պառլամենտից». Կարինե Նալչաջյան
Այսօր խորհրդարանն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անունով:
Թեև իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդեց, որ կոնվենցիայի ընդունումը բխում է երեխաների շահերից, այդուհանդերձ թե՛ խորհրդարանում, թե՛ իրավական ու մասնագիտական տարբեր շրջանակներում դրա վտանգների մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168.am-ի հետ զրույցում խիստ բացասական և վտանգավոր որակեց կոնվենցիայի ընդունումը՝ ասելով. «Դա նույն վտանգներն է պարունակում, ինչ Ստամբուլյան կոնվենցիան. թիրախավորված են երեխաները, երեխաների հոգեսեռական առողջությունը:
Շատ ցավում եմ, որ պառլամենտն ընդունել է՝ չնայած ուրիշ բան սպասել չէր էլ կարելի պառլամենտից»:
Հոգեբանին հատկապես մտահոգում է, որ կոնվենցիայով նախատեսվում են կրթական ծրագրեր. «Քանի որ կրթական ծրագրեր են իրականացվելու, բոլոր մակարդակներում, այստեղ արդեն շատ լուրջ վտանգներ կան: Երեխայի հոգեսեռական զարգացման վրա անբնական ազդեցություններ կլինեն, որոնք անպայման խեղաթյուրումների հետևանք կունենան»:
Ի դեպ, նիստին զուգահեռ՝ դրսում բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, որոնք պնդում էին, որ կոնվենցիայի վավերացումը սպառնալիք է ազգի համար: