«Եթե մի կողմն առաջին փուլում անի կարևոր զիջում, ապա հետագայում բոլոր փուլերը մյուս կողմի համար կդառնան անիմաստ»․ փորձագետ

«Հակամարտությունները սովորաբար կարգավորվում են փուլային տարբերակով, այսինքն՝ փուլ առ փուլ կողմերն իրականացնում են մի խումբ քայլեր»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությունը փուլային եղանակով կարգավորելու մասին խոսակցություններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ բանակցային սեղանին կան փաստաթղթեր։

«Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»,- ասել էր Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի ելույթին հայկական կողմն արձագանքեց մի քանի հայտարարություններով։

Սակայն ուշագրավն օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի անդրադարձն էր Ազգային ժողովում Ղարաբաղյան հիմնահարցի լուծման` փուլային–փաթեթային տարբերակի մասին քննարկումներին։

Նա նշեց, որ հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին՝ ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- ասել էր նախարարը։

Նրա խոսքով` եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխան քայլ մյուս կողմից, ապա խախտվում են իր դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է։

Ուվե Հալբախն ասաց, որ հակամարտության կարգավորման եղանակը երկար քննարկել հարկավոր չէ, քանի որ հակամարտության լուծման եղանակները սահմանափակ են՝ դրանք լուծվում են փուլ առ փուլ։ Սակայն, ըստ նրա, նրբությունները շատ են։

«Դատելով այն հանգամանքից, թե որ կողմը ո՛ր ճանապարհից է խոսում, կարելի է ասել, թե գործարքը որքանով է արդար։ Եթե կողմերից մեկը խոսում է փուլային կարգավորումից, իսկ մյուս կողմը՝ փաթեթայինից, և չեն կարողանում այս ճանապարհների հարցում գալ ընդհանուր հայտարարի, նշանակում է, որ կողմերից մեկը ցանկանում է առաջին փուլում կորզել միակողմանի փոխզիջում, այս պարագայում այդ տարբերակի ապագան շատ մշուշոտ և անկանխատեսելի է։ Եթե կա կարգավորման իրական ցանկություն, ապա առաջին փուլում պետք է ընտրվեն քայլեր կամ զիջումներ երկկողմանի, և դրանք շարունակվեն նույն տարբերակով մյուս բոլոր փուլերում։

Հայտարարությունների շեշտադրումներից երևում է, որ հարցը փուլայինը չէ և անգամ փաթեթայինը չէ, չկա ընկալում, որ պետք են զիջումներ երկկողմանիորեն, և եթե մի կողմն առաջին փուլում անի կարևոր զիջում, ապա հետագայում բոլոր փուլերը մյուս կողմի համար կդառնան անիմաստ։ Կա ընդունված պատկերացում, պրակտիկա, որ հակամարտությունները նման տեսակի լուծվում են փուլային, սակայն փաթեթային ձևով, և սա այդ դեպքն է, սակայն այդ փաթեթի շուրջ համաձայնություն չկա։ Հայտարարություններից, որոնք հնչում են հակամարտող երկրներում, հասկանալի է դառնում, որ, թեև գուցե կան ինչ-որ փաստաթղթեր Մադրիդյան սկզբունքների ոգով, բայց ընդհանուր համաձայնություն ես չեմ նկատում։ Տեսնում եմ ակտիվություն ռուսական կողմից և միմյանց հակասող, երբեմն ռազմատենչ հռետորաբանություն հակամարտող երկրներում։ ԼՂ մասնակցության հարցը ևս չկա հրապարակային անդրադարձերում, այդ մասով կա անորոշություն, թեև այն հայկական կողմի թիվ մեկ օրակարգային հարցն էր ամիսներ առաջ»,- ասաց Ուվե Հալբախը։

Վերջինս այն կարծիքին է, որ Ռուսաստանը գուցե ցանկանար ինչ-որ քայլերով որոշակի առաջընթաց արձանագրվեր կողմերի միջև, որի արդյունքում վերջնական կարգավորում չէր լինի, կպահպանվեր ռուսական ազդեցությունը, կլիներ տպավորություն, որ կա կարգավորելու ցանկություն, սակայն տորգը կլիներ իրավիճակային՝ կախված այն հանգամանքից, թե տվյալ իրավիճակում ինչպես է պետք հարաբերություններ կառուցել այս կամ այն կողմի հետ։

«Այսինքն՝ կարծում եմ՝ այդ լծակը լիովին կորցնել Ռուսաստանը չի ցանկանա։ Սա՝ Ռուսաստանի շահի մասին, իսկ կողմերը գործընթացում, ըստ իս, իրենց շահը չեն տեսնում»,- նշեց գերմանացի վերլուծաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս