«Հիմա գոնե գազի 10 կտրոն տան, որ կարողանանք օգտագործել»․ Անհատ տաքսու վարորդները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել
Անհատ տաքսու վարորդներն իրենց դժգոհությունն են հայտնում՝ շեշտելով, որ նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ դրության պայմաններում ժողովրդի վիճակը մեղմացնելու համար Կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել։
«Հիմա գոնե գազի 10 կտրոն տան, որ կարողանանք օգտագործել»,- ասում են նրանք։
Անհատ տաքսու վարորդ Արամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրենց օգնություն չեն տրամադրել՝ ասելով, որ գրանցված աշխատող չեն։
«Ես լիցենզիա ունեմ, մեքենայում տեղադրվել է հաշվիչ սարք, որպեսզի տաքսի վարելու թույլտվություն ունենամ։ Սա դեռ մի կողմ․ մարդիկ կան, ովքեր լիցենզիայի համար գումար չեն վճարել՝ մտածելով, թե պետական տուրքերից ազատվել՝ նշանակում է՝ նաև լիցենզիայի գումար չվճարել։ 2018թ. մայիսից հետո սկսել են 12.000 դրամները չվճարել, ու մինչև 2020թ․ հունվարի 1-ը 20 ամսում կուտակվել է մոտ 240.000 դրամի վճար։ Ու, երբ հարցը հասել է տաքսու վարորդներին օգնություն տալուն՝ պարզվել է, որ մի մասը լիցենզիա չունի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր․ «Նախ՝ արձանագրենք, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացումը շարունակում է մնալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Մինչև 2019թ․ հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետով մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց համար սահմանված էր պետական տուրքի վճարման պարտավորություն: Նրանք ամսական, եռամսյակային կամ տարեկան տարբերակով վճարում էին։
– Երևան քաղաքում՝ ամսական՝ 12000, եռամսյակը՝ 34 000, տարեկան՝ 120000 դրամ, այլ քաղաքներում՝ ամսական 8000, եռամսյակը՝ 23 000, տարեկան՝ 80000 դրամ,
– այլ վայրերում՝ ամսական 5000, եռամսյակը՝ 13500, տարեկան՝ 45000 դրամ։
2019թ․ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), որի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետը:
Դա նշանակում է, որ սույն օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2019 թվականի հունիսի 29-ից, ինչպես հայտարարել էր վարչապետը, պետական տուրքի հաշվարկը դադարեցվել է, և ֆիզիկական անձինք մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարելու:
Միաժամանակ հավելեմ, որ 2019թ․ հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքը, որը վերաբերում է ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց։ Համաձայն սույն օրենքի՝ մինչև 2019թ․ հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը: Նշեմ, որ վեցամսյա ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 11-ին»: