Բաժիններ՝

Մեկուսացման շրջանում Ֆելիքս Բախչինյանը հասկացել է՝ գրականագիտությունը և գրաքննադատությունն այնքան էլ հարազատ չեն իր հոգուն

Գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը կարծում է, որ մեկուսացման մեջ գտնվելը նաև լավ կողմեր ունի: Գրողն այս ընթացքում կարդացել է սիրելի հեղինակների գործերը, ստեղծագործել ու վայելել ընտանիքի ընկերակցությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բախչինյանն ասաց, որ հագեցած առօրյայի պատճառով ընթերցելու ժամանակ չի ունեցել՝ այդ զբաղմունքը մշտապես թողնելով վաղվա օրվան: «Այս օրերին մի շարք հրաշալի գրքեր եմ կարդացել, բայց կառանձնացնեմ Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» ստեղծագործությունը, որը սկսել էի, բայց չէր հաջողվում ավարտել: Այն ինձ հայ ժողովրդի պատմության մեծ դասեր տվեց, և ես որևէ մեկ այլ հեղինակի մեկ այլ գիրք չեմ կարող համեմատել այդ գրքի հետ»,-շեշտեց Բախչինյանը:

Անդրադառնալով իր ստեղծագործական աշխատանքին՝ նա ասաց, որ գրել է խոհափիլիսոփայական վիպակ՝ ծերանոցի մասին:

«Մի անգամ այցելեցի ծերանոց՝ տեսնելու ավագ ընկերներիցս մեկին: Ինչքան էլ ասեն՝ լավ է ծերանոցում, այդպես չէ: Ասես փոքր երեխային ստիպելով ուղարկեն մանկապարտեզ, որտեղից նա այլևս չի վերադառնա»,- նշեց Բախչինյանը:

Հեղինակի այդ ստեղծագործությունը կհրատարակվի և կներկայացվի ընթերցողներին:

Բախչինյանը խոստովանեց, որ մեկուսացման շրջանում հասկացել է՝ գրականագիտությունը և գրաքննադատությունն այնքան էլ հարազատ չեն իր հոգուն՝ չնայած տասնյակ գրքերի, մենագրությունների հեղինակ է: «Իմ կոչումն արձակագիր լինելն է, և հետայսու պիտի շարունակեմ պատմվածքներ, վիպակներ գրել»,- ընդգծեց նա ու հավելեց, որ շատ է կարոտել ընկերներին, որոնց հետ արդեն հանդիպել է:

«Հուսամ՝ այս վիրուսը շուտով հրաժեշտ կտա մեզ»,- եզրափակեց Ֆելիքս Բախչինյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս