«Ձեր պատվին չեք կարողանում դրսում տեր կանգնել, բայց երկրի պատվին տեր կանգնել հո պարտավոր եք». Արմեն Աշոտյան
Արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան բանակցությունների հետ կապված արած բացահայտումների եւ ներհայաստանյան քաղաքական կյանքի այլ իրողությունների մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։
-Պարոն Աշոտյան ձեր գնահատմամբ ինչ է կատարվում Արցախի շուրջ։ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է փուլային լուծման տարբերակ ու Հայաստանի իշխանությունները Փաշինյանի և Մնացականյանի բերանով ըստ էության հաստատեցին։
–Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։ Այդ մտահոգություններն ամիս առ ամիս սկսեցին հաստատվել, քանի որ ակնհայտ էր, որ տեղի է ունենում գործընթաց, որը շահեկան չէ Հայաստանի եւ Արցախի համար։ Սակայն այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում էր հայ հասարակությանը կերակրել կենացային մակարդակի, իրական դիվանագիտությունից հեռու, գնալով ավելի վտանգավոր դարձող ձեւակերպումներով, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետը մի կողմից չի պատկերացնում խնդրի ողջ լրջությունը եւ էությունը, մյուս կողմից շարունակում է պոպուլիզմ դրսեւորել նաեւ արտաքին քաղաքականության մեջ, Արցախյան հարցի նման կարեւոր հարցով։ Այս համատեքստում Լավրովի հայտարարությունը բացարձակ անակնկալ չէր, քանի որ մերկացրեց Արցախի շուրջ ընթացող գործընթացների ողջ էությունը, եւ փաստացի Հայաստանի գործող իշխանություններին դեմ տվեց պատին եւ բացահայտեց այս իշխանությունների՝ ներսում եւ դրսում տարբեր բովանդակություն հրամցնելու վտանգավոր խաղերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսել է ոչ միայն իր անունից, այլ նաեւ կարծեք թե համանախագահ երկրների անունից, որովհետեւ Լավրովի հայտարարությունը չհերքվեց ոչ միայն Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի կողմից, ավելին, փաստացի հաստատվեց, այլ նաեւ լուռ համաձայնություն ստացավ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից։ Լավրովը բացահայտեց, որ կան բանակցություններ, կա փաստաթուղթ, ավելին, դա փուլային լուծում է ենթադրում, որը ամենից ոչ հայանպաստ լուծումն է, եւ Նիկոլ Փաշինյանը երեկ երեք անգամ անդրադառնալով խնդրին, երեք անգամ էլ տարբեր բառախաղեր ու աճպարարություններ անելով հաստատեց, որ Լավրովը ճիշտ էր, իսկ ինքը ստում էր։
-Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում մենք արձանագրել ենք այն հակասությունները, որոնք կան Փաշինյանի խոսքում Արցախի խնդրի մասով։ Ինչու է վարչապետն ասում, որ բանակցություններ չկան, սեղանին փաստաթուղթ չկա, իսկ հետո ստիպված ընդունում է, որ և բանակցություններ կան և կա քննարկվող փաստաթուղթ։
–Նիկոլ Փաշինյանի պահվածքը երեկ ԱԺ-ում շատ մտահոգիչ էր, որովհետեւ չունենալով բովանդակային որեւէ անդրադարձ, որեւէ փաստարկ, նա դիմեց այնպիսի հռետորաբանության, որ ինչ կուզեմ դա էլ կանեմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Այստեղ պետք է ջանք գործադրել, որպեսզի վարչապետին քաղաքակիրթ պատասխան տալ, քանի որ առաջին մտքերը որ գալիս են նման պահվածքի գնահատականների համար, ցենզուրայից դուրս են։ Դրան գումարեք նաեւ այն հանգամանքը, որ ժողովուրդը չի տվել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցով բանակցելու մանդատ, եւ Ալիեւի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հերթական ռեւերանսները կատարվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար արժեզրկում է Հայաստանի դիրքերը բանակցությունների ընթացքում, երբ ամբողջ ադրբեջանական քարոզչական դաշտը միտված է նրան, որ Հայաստանին հանեն մեղավոր կողմ բանակցությունների տապալման համար, երբ ադրբեջանական մամուլը հեղեղված է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանին վիրավորող վերլուծականներով, եւ այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ռեւերանսները պարզապես անհասկանալի են։ Լավ տղերք, դուք կարող է թասիբ չունեք եւ կարող է մարսեք Ադրբեջանի եւ Ալիեւի վերաբերմունքը ձեր նկատմամբ, բայց երկիրը եւ ժողովուրդը հո թասիբ ունի։ Ձեր պատվին չեք կարողանում դրսում տեր կանգնել, բայց երկրի պատվին տեր կանդնել հո պարտավոր եք։ Իսկ եթե չեք կարողանում տեր կանգնել դրսում երկրի պատվին, գնացեք, գնացեք քանի դեռ ուշ չէ եւ մի խաղացեք Հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պատվի հետ։
-Պարոն Աշոտյան երեկ վարչապետ Փաշինայնը հայտարարեց, որ ինչ պետք է էն էլ բանակցում ենք։ Չներկայացրեց մանրամասներ ու հայտարարեց, որ իրենց միայն ժողովուրդը կարող է պատասխանատվության կանչել։ Ինչ պետք է անեն քաղաքակն ուժերը, որոնք ևս հանրության որոշ հատվածի վստահություն են վայելում։ Ինչ եք անելու դուք, որպեսզի ձեզ վստահած տասնյակ հազարավոր քաղաքացիների ձայնը ևս լսելի լինի։
–Հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցը մեզ համար կարմիր գիծ է, մի շարք այլ կարմիր գծերի հետ միասին, որոնք հատելու պարագայում Նիկոլ Փաշինյանը
Եւ իր իշխանությունը իրավունք չեն ունենա մնալ Հայաստանի իշխանության ղեկին։ Մենք կարող ենք սոցիալական տնտեսական ոլորտային քաղաքականությունները պարզապես քննադատել եւ որոշ թերությունների վրա աչք փակել, սակայն խաղալ Հայ ժողովրդի ապագայի հետ, Արցախի ապագայի հետ, Հայաստանի անվտանգության հետ թույլ չենք տալու, թույլ չենք տալու ոչ միայն մենք, այլ նաեւ թույլ չի տալու ժողովուրդը։ Ես վստահ եմ, որ Արցախյան բանակցությունների շուրջ հասունացող ֆիասկոն, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակի հետ, որում հայտնվեց երկիրը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ, այս երկու գործոնները լրջագույն մարտահրավեր են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։
-Կան քաղաքական շրջանակներ, որոնք կարծում են, որ Լավրովի բացահայտումներից հետո Փաշինյանը պետք է հեռանա ու հնարավորություն տա հայկական կողմերին ամարցնել իրենց դիրքերը։ ՀՀԿ-ն ինչ է կարծում, ինչպե՞ս դուրս գալ այս թնջուկից։
–Ինչպես արդեն ասել եմ, կորոնավիրուսի պիկն ավաղ, դեռ չենք անցել այս իշխանության պատճառով, բայց Նիկոլի իշխանության պիկն արդեն անցել է։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքն այնուհանդերձ, ռազմավարական առումով նոր խորհրդարանական ընտրություններն են, նոր իշխանական եւ ընդդիմադիր կոնֆիգուրացիաները, որոնք կայունություն կհաղորդեն ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականություններին, եւ այստեղ, ես վստահ եմ, որ ժողովուրդը, դժգոհ լինելով ինչպես սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամից, այնպես էլ առերեսվելով Նիկոլ Փաշինյանի իրական դեմքի հետ, թույլ չի տալու երկար հանդուրժել այսպիսի իրավիճակ։