ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան
Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունների մասին լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հետևյալ արձանագրումներն արեց․ «Գոյություն ունի իրականություն։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարուց ավելի ապրել է կոնֆլիկտի մեջ, և Ռուսաստանի Դաշնությունը չի եղել կոնֆլիկտի մեջ, աշխարհի հետ չի ունեցել այն հարաբերությունները, որոնք որ ունի։ Ակնհայտ է՝ ուզես թե չուզես, ցանկություն լինի քաղաքական, որոշում լինի, չի՛ կարող հարաբերությունը նույնը լինել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության հետ այլևս կոնֆլիկտ չունի, և 3-րդ խաղացող, քաղաքական գին հասկացողությունը փոխվել է․ շուկաները փոխվել են, որովհետև ուղիներն են փոխվել, «միջին միջանցքի» գաղափարն է ի հայտ եկել, որն իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանն Ադրբեջանից գնումներ է անում։
Նույնը Ռուսաստանի հետ կապված կարելի է ասել, որ Ռուսաստանում էլ է շատ բան փոխվել․ իր գնումների ուղղությունները փոխվել են դեպի Չինաստան, Հյուսիսային Կորեա, և եվրոպական շուկաներն այլևս փակվել են։ Չի կարող սա որևիցե բան չփոխել հարաբերությունների մեջ»։
Ալեն Սիմոնյանը նկատեց՝ հենց այս պատճառով են ակնկալում նստել-հաշվարկել, ընդհանուր շահերը հասկանալ և կիսել։
Արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումն ինքնաբերաբար կնշանակի նաև ռուսական ռազմաբազայի դուրսբերում՝ հարցին էլ նա արձագանքեց․ «Ես չգիտեմ` արդյոք եթե դա տեղի չունենար, այդ ռազմաբազայի այստեղ լինելը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար անհրաժե՞շտ էր, թե՞ անհրաժեշտ չէր։ Կա կարծիք, որ ընդհակառակը՝ դա վտանգ էր։ Ու ես չեմ կարծում, որ դա պետք է մեկը մյուսի հետ կապել։
Դա քաղաքական որոշում է, քաղաքական քննարկման թեմա է, որը որ բացել է ռուսական կողմը։ Հայկական կողմն ասել է, որ այդ քննարկմանը պատրաստ է յուրաքանչյուր ելքով»։
Դիտարկմանը, որ բազայի տեղակայման հիմքը հայ-թուրքական սահմանին նրանց գործունեությունն է, Սիմոնյանն արձագանքեց․ «Վստա՞հ եք։ Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը՝ օգոստոսի 8-ից սկսած»։
Մանրամասները՝ տեսանյութում

