«Գերեզմանատներում վարիչները պլանշետներով են աշխատելու. գործընթացը դառնալու է օնլայն»
«Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ում» (թաղման բյուրոյի)՝ շուտով կլինի թվային համակարգ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ծրագրի միջոցով գերեզման ընտրել։
«Մարդիկ իրենց աշխատանքը չեն կորցնելու, ուղղակի ամեն ինչ թվային ենք դարձնում։ 21-րդ դարում մերը երևի միակ հիմնարկն է, որտեղ թուղթ ու գրիչով են աշխատում։ Նույնիսկ նախքան իմ տնօրեն նշանակվելը վճարումները կանխիկ են եղել, իսկ հիմա կա տերմինալ, որի միջոցով վճարումներ են կարողանում կատարել։ Այս նոր ծրագրով համակարգչի կամ պլանշետի միջոցով կկարողանան մուտք գործել համապատասխան էջ։ Ճիշտ է՝ մարդու համար այդ հոգեվիճակում նման գործընթացներն անհրաժեշտ չեն, բայց ավելորդ քաշքշուկներից կկարողանան խուսափել, չեն գնա՝ մի տեղից թուղթ վերցնեն, ու գնան մյուս տեղը։ Դրա համար ստեղծում ենք նման ծրագիր, աշխատելու ենք Արդարադատության նախարարության հետ, որպեսզի իրենց բազան տրամադրեն, ու մարդկանց չասենք՝ գնա մի հատ ծննդական բեր, մի հատ մահվան վկայական բեր։ Մենք օնլայն միանգամից կկարողանանք տեսնել, որ այդ մարդը հանդիսանում է այս մարդու հարազատը,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը՝ հավելելով,- Գերեզմանատներում վարիչները պլանշետներով են աշխատելու, գրանցումն այդ միջոցով է լինելու՝ մոտ երեք ամսից»։
Հարցին՝ ՀՈԱԿ-ի աշխատողներն ունե՞ն համակարգչային գիտելիքներ, տնօրենը պատասխանեց, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կազմակերպված դասընթացները հետաձգվեցին, բայց դրանք շարունակվելու են։
«Մարդկանց իմաստ չունի հանել աշխատանքից, եթե կարելի է սովորելու հնարավորություն տալ»,- նշեց Արման Իսկանդարյանը։
«Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ՝ նախատեսվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ, հանրային քննարկումներ։
«Մատուցվելիք ծառայությունների որակն ենք բարձրացնելու, հին մեթոդները, ծանոթ-բարեկամով գնալ, գերեզման ընտրելը չեն լինելու։ Մարդը գալու է գրասենյակ, համակարգչի էկրանին առաջարկելու են ազատ հողակտորները։ Սա նշված է լինելու նաև Google Maps-ում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։