«Բացթողումը երևի մեր մի քիչ դանդաղկոտ լինելն է». Բաբկեն Թունյանը՝ Կառավարության 2019թ. կատարողականի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքին և արդյունքներին:
Պատգամավորն իր խոսքում մատնանշեց այն բացթողումը, որը կա ծրագրի կատարման ընթացքում:
«Բացթողումը երևի մեր մի քիչ դանդաղկոտ լինելն է՝ ռեֆորմներ իրականացնելու հետ կապված: Ինչպես վարչապետն է իր խոսքում արդեն նշել, օրինակ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը եթե լիներ, և դրա վրա մի քիչ ավելի շուտ սկսեինք աշխատել՝ ավելի արագ այս հակաճգնաժամային միջոցառումները կիրականացնեինք»,-նշեց պատգամավորը:
Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 7,6 տոկոս տնտեսական աճ, ինչը, ըստ Բաբկեն Թունյանի, տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշն էր: Սա էլ՝ այն դեպքում, երբ պատգամավորի խոսքով՝ որոշ տնտեսագետներ կանխատեսում էին, որ 2019 թվականին տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ:
«Տեսանք, որ նման բան չեղավ, որին հաջորդեց քննադատությունների հաջորդ ալիքը: Ասում էին, իբրև այդ տնտեսական աճն առողջ չէ, այն պայմանավորված է հիմնականում մեքենաների առևտրով և բուքմեյքերական ընկերություններով: Առաջինը մշակվող արդյունաբերության ոլորտն է նպաստել այդ տնտեսական աճին, այնուհետև՝ ֆինանսական և ապահովագրության ոլորտը, հետո արդեն՝ առևտուրը, հանքարդյունաբերությունը, և այլն»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում