Բաժիններ՝

Ինչո՞ւ է ձգձգվում ՀՀ քաղաքացիների` Հուրգադայում մնալու  դեպքով խոշոր չափերի խարդախության գործի նախաքննությունը

2019թ. հուլիսի 25-ին չկայացավ  A&R տուրիստական ընկերության Երևան-Հուրգադա չարթերային թռիչքը: Ճամպրուկներով և հանգստի տրամադրությամբ քաղաքացիները միայն օդանավակայանում պարզեցին, որ չվերթը չի կայանալու: Ավելին, պարզվեց, որ ավելի վաղ ընկերության չվերթով Հուրգադա հասած ուղևորները, որոնք հենց հուլիսի 25-ին էլ պիտի վերադառնային, չեն վերադարձել, որովհետև Հուրգադա-Երևան թռիչքը ևս չի կայացել:

Ավելի ուշ Քննչական կոմիտեի տարածած մամլո հաղորդագրությունից պարզվեց, որ տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն՝ ընկերության կողմից 2019 թվականի ամռանից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր /չարթերային/ չվերթեր իրականացնելու և արտերկրում գործող տուրիստական օպերատորի միջոցով Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ, ինչից հետո փաթեթներ ձեռք բերելու նպատակով տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, ովքեր տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափերի գումարներ:

Մինչդեռ գործակալության կողմից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից, չեղարկվել են, ինչի արդյունքում գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է:

Հարուցվեց քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզ դարձավ, որ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով՝ 30.616.995 ՀՀ դրամ գումար: Ըստ էության, տուրիստական ընկերության տնօրենը հասցեատերերին չէր փոխանցել իրենց հասանելիք գումարները, և արդյունքում՝ մեր քաղաքացիները կանգնել էին խնդրի առաջ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ): Խոսքն առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

168.am-ն այս քրեական գործի ընթացքից տեղեկություններ ստանալու համար դիմեց ՀՀ Քննչական կոմիտե:

ՔԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ 2019թ. օգոստոսի 23-ին «Էյ Ընդ Ար Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Անի Տիգրանի Ալեքսանյանը  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Տեղեկացրեց նաև, որ 2020թ. ապրիլի 8-ին նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ուշագրավն այս պատմության մեջ, թերևս, այն է, որ դեպքից գրեթե մեկ տարի անց այս գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, ու այն դատական քննության փուլ չի մտել: Ավելին, դեռ նոր են նշանակվել համալիր փորձաքննություններ: Հիշեցնենք, որ խոսքն առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին է:

Հուսանք, որ, այնուամենայնիվ, հանգուցալուծումը մոտ է, և մենք այս դեպքում գործ չունենք հովանավորչության հետ, որովհետև 14 դրվագով միտումնավոր խարդախություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ իրենց գումարները կորցրած, խարդախության զոհ դարձած մեր քաղաքացիները սպասում են արդարադատության:

Հիշեցնենք, որ 168.amհրապարակումների շարքով անդրադարձել է մեր քաղաքացիների` Հուրգադայից տարհանման մութ պատմությանը, երբ մեկ թռիչքը, որ կարող էր իրականացվել 6 միլիոն դրամով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի թեթև ձեռքով իրականացվեց 47 միլիոնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս