Բաժիններ՝

Եվ,  այնուամենայնիվ, ինչպե՞ս և ո՞ւմ թեթև ձեռքով փոշիացավ 47 միլիոն դրամը

Թեմայի առնչությամբ արդեն երրորդ հրապարակումն ենք կատարում, բայց դեռ մինչև հիմա պարզ չէ` ինչպե՞ս և ո՞ւմ թեթև ձեռքով փոշիացավ 47 միլիոն դրամը:

Նախապատմությունը

Հուլիսի 25-ին Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց հետևյալի մասին.

«Հենց նոր ահազանգ ստացա Եգիպտոս հանգստի մեկնած մեր հայրենակիցներից, որ ՀՀ-ում գործող համապատասխան տուրիստական կազմակերպության կողմից գումարը չփոխանցվելու պատճառով ՀՀ 100 քաղաքացիներ Եգիպտոսում արդեն 24 ժամ է՝ մնացել են պատանդի կարգավիճակում:

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ զբաղվել խնդրով:
Մանրամասներ կարող եմ հաղորդել պատկան մարմինների արձագանքի դեպքում:
Ակնկալում եմ արագ արձագանք…»

Ահազանգից ու բարձրացված աղմուկից հետո ՀՀ Կառավարությունը, ի դեմս Արտաքին գործերի նախարարության և Եգիպտոսում ՀՀ դեսպանության, և Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն ձեռնամուխ եղան մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործին:

Ընթացքը

Հուլիսի 26-ին 168.am-ը տեղեկացավ, որ մեր քաղաքացիները հայրենիք են վերադառնալու նույն օրը Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով, և, որ այդ չվերթն իրականացնելու է արտասահմանյան ավիաընկերություն. Ինչպես հետո պարզվեց, դա հունական SpotAir ընկերությունն էր:

Քաղավիավիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեզ հետ զրույցում չէր հերքել տեղեկությունը` մասնավորապես նշելով, որ «Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»:

Չվերթի արժեքը

Հուլիսի 26-ի երեկոյան լուր տարածվեց, որ ՀՀ կառավարությունը քննարկելու է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:

Հավելել էին, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։:

Այսինքն` ենթադրվում էր, որ այդ 47 մլն 198 000 դրամը երկու թռիչք իրականացնելու համար էր նախատեսված:

Ստում էին

Հուլիսի 26-ի երեկոյան 168.am-ը կապ հաստատեց հայկական երկու՝ «Տարոն-Ավիա» և «Արմենիա» ավիաընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր խնդիրներն են խոչընդոտ դարձել, որ հնարավոր չի եղել մեր քաղաքացիների փոխադրումը Եգիպտոսից Հայաստան իրականացնել տեղական ավիաընկերություններով։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ավիաընկերությունն ունի բավականին լավ աշխատող՝ թե տեխնիկական, և թե օդանավի, թե տոմսերի տպման ու վաճառքի համակարգ, որն արդեն երեք տարի աշխատում է։

«Եգիպտոսում ունենք հեդվինգային ընկերություններ, որոնց հետ ունենք պայմանագրեր, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած չվերթ սպասարկել»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։

Վերջինս, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ իրենց ոչ ոք չի դիմել, սակայն ավիաընկերությունն իր տեխնիկական ու համակարգային հնարավորություններով լիարժեք կարող է ապահովել թռիչքը։

«Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն էլ մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը, ասաց. «Բայց չէ՞ որ այդ չվերթերը հատուկ չվերթեր են, որոնք կատարվում են տարհանելու նպատակով, ոչ թե նոր չվերթ է դրվում, որ տոմսերի վաճառքի խնդիր լինի: Մեր օդանավը գտնվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Մեր ղեկավարությունը պատրաստ էր այդ չվերթն իրականացնել: Մենք երեկ մինչև ուշ երեկո սպասել ենք, մինչև կոմիտեում քննարկում արվի»: Լևոն Քարամյանը շեշտեց, որ իրենց դիմել էին, սակայն ժամը 16:00-ին տեղեկացրել են, որ այլևս պետք չէ, առանց որևէ պատճառաբանության:

Մեր հրապարակումից հետո տեղեկացանք, որ այնուամենայնիվ, Հուրգադա-Երևան երկրորդ թռիչքը կիրականացնի «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը։

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը` նշելով, որ Կառավարությունից դիմել են իրենց ու առաջարկել իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։

Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ չվերթն իր կարգավիճակով հատուկ չվերթ է և իրականացվում է Եգիպտոսի տարածքում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար, ու ոչ մի վաճառքի համակարգ կամ «սիստեմա», ինչպես իրենք են ասում, անհրաժեշտ չէ, քանի որ դա նոր չվերթ չէ, ու այդ չվերթը լցնելու խնդիր չկա։

Խոսելով գնային առաջարկի մասին ու մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, պետբյուջեից տրամադրվելիք 47 միլիոն դրամից, որը պետք է երկու թռիչք սպասարկեր, զգալի մասը հետ կվերադարձվի պետական բյուջե, քանի որ իրենց գնային առաջարկն անհամեմատ ավելի էժան է, Լևոն Քարամյանն ասաց.

«Այո, որքանով ես եմ տեղյակ, Հայաստանում լիցքավորելու են օդանավի մեկնման և հետադարձի վառելիքը։ Մենք իրականացնելու ենք այնտեղի բոլոր ծախսերը, նաև 3 տոննա նավթ ենք վերալիցքավորելու, որպեսզի պահուստային վառելիք ունենանք հետադարձի համար։ Իրականացնելու ենք նաև օդանավակայանի ծախսերը։ Սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ հանրագումարով՝ այդ գինը շատ ավելի մատչելի է, քան նախկին առաջարկը»։

Փաստորեն, ոչ մի խոչընդոտ էլ չկար. Եգիպտոսից մեր քաղաքացիներին տարհանող երկրորդ չվերթը կիրականացնի տեղական ավիափոխադրողը։ Եվ ուրեմն, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր ստում Տաթևիկ Ռևազյանը, և ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների՝ ըստ էության, փոշիացման համար։

Ումի՞ց պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե եթե, ի վերջո, հնարավոր էր այդ թռիչքն իրականացնել տեղական ավիափոխադրողի միջոցով, ինչո՞ւ այն վստահվեց արտասահմանյան ավիաընկերության, և ո՞վ պետք է վատնված գումարները վերադարձնի պետական բյուջե։

47 միլիոնը քիչ էր. Հավելյալ գումար` պետբյուջեից

Հուլիսի 31-ի երեկոյան տեղեկացանք, որ Կառավարությունը Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 5 մլն 838.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ:

Որոշման նախագծով նախատեսվում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5,838.6 հազ դրամ»,- ասված է հիմնավորման մեջ:

Միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն արդեն իսկ Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

Հարցեր Կառավարությանը. Կրկին խաբո՞ւմ են…

Ի վերջո, 47 միլիոնով քանի՞ թռիչք էր իրականացվելու` մե՞կ, թե՞ երկու: Հունական  ավիաընկերությունն ինչո՞ւ երկրորդ թռիչքը չի իրականացրել: Ինչո՞ւ է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին հատկացվել լրացուցիչ շուրջ 6 միլիոն դրամ գումար, ինչո՞ւ նշված գումարն այդ 47 միլիոնից չի տրամադրվել: Եթե 6 միլիոնով հնարավոր էր այդ թռիչքն իրականացնել, ինչո՞ւ է, փաստորեն, մեկ թռիչքի համար 47 միլիոն տրամադրվել:

«ՏարոնԱվիա» ՍՊԸից պարզաբանում են

«Մենք տեղեկություն չունենք, թե ո՞վ է որոշում կայացրել պահուստային ֆոնդից հատկացնել 47 միլիոն դրամ` նշված չվերթերն արտասահմանյան ավիաընկերությունների միջոցով  իրականացնելու համար, և տեղեկություն չունենք այն մասին, որ երկրորդ չվերթը չի իրականացել: Մեզ դիմել են ՀՀ կառավարությունից` խնդրելով իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը` մեր հայրենակիցներին տարհանելու նպատակով, և մեր ընկերության ղեկավարությունը, հայրենասիրական նկատառումներից ելնելով ու հայի արժանապատվությունն ամեն ինչից վեր դասելով, որոշում է կայացրել չվերթի իրական ինքնարժեքից շատ անգամ ցածր սակագնով իրականացնել նշված չվերթը` աջակցելով Հայաստանի Կառավարությանն ու քաղաքացիներին, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում»,- ասաց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը` 168.am-ին շնորհակալություն հայտնելով այս հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ այս քայլով իրենք ապացուցում են հայկական ավիաընկերության պատրաստվածությունն ու պատրաստակամությունը` օգնել հայրենի Կառավարությանն ու բարդ իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:

Հետգրություն

Կառավարությանն ուղղված մեր հարցերի հասցեատերն ըստ էության միայն կառավարությունը չէ: Դրանք հավասարաչափ վերաբերել են նաև Քաղավիացիայի պետական կոմիտեին, հասցեագրված են նաև Պետական վերահսկողական ծառայությանը` կոչ անելով լինել հետևողական ու պարզել պետական բյուջեից դուրս գրված 47 միլիոնից ավելի գումարի ոդիսականը ու այն վերադարձնել պետբյուջե, Պետական եկամուտների կոմիտեին ու Ազգային անվտանգության ծառայությանը, պատկան ցանկացած մարմնի, ով իրավասություն ունի զբաղվել այս հարցով:

Բոլոր գերատեսչությունների արձագանքներն ու պատասխանները պատրաստակամություն ենք հայտնում հրապարակել:

Իսկ այսօր ունենք փաստ. Մեկ թռիչքը, փաստորեն, հնարավոր էր իրականացնել 6 միլիոն դրամով, սակայն իրականացվել է 47 միլիոնով:

Ի դեպ, այն, որ մեր ավիաընկերությունները պատրաստ են եղել շատ էժան, չվերթի իրական ինքնարժեքից  շատ անգամ ցածր սակագնով իրականացնել այդ չվերթերը, Կառավարությունում գիտեին այս պատմության ամենասկզբից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս