«Ադրբեջանական հաքերները ձեռք բերելով հայ օգտատերերի գաղտնաբառերը՝ նրանց անունից կորոնավիրուսի տարածման հետ կապված ապատեղեկատվություններ են տարածում». Սամվել Մարտիրոսյան
168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով ադրբեջանական կիբեր հարձակումներից՝ նշեց, որ այժմ հիմնականում անցել են օգտատերերի հաշիվները կոտրելուն:
«Հիմնական գործելաոճն այն է, որ կոտրում են հաշիվներ` օգտվելով, այսպես ասած, մարդկանց ոչ պատշաճ թվային «հիգիենային» հետևելուց. մարդիկ հավատում են կեղծ նամակներին և տրամադրում հաքերներին գաղտնաբառերը Ֆեյսբուքի, Ինստագրամի և էլ.փոստի, որից հետո այդ մարդկանց անունից սկսում են ապատեղեկատվություններ տարածվել` հիմնականում խուճապ առաջացնող` կապված կորոնավիրուսի տարածման հետ: Սա այսօր նրանց հիմնական գործելաոճն է, և, կարծում եմ՝ հիմնականում գործում են 2 ուղղությամբ. մեկը հատուկ ծառայություններն են անում, մյուսը, այսպես ասած, կիբեր-ասկյարները, էնտուզիաստներ, որոնք ուզում են հայաստանցիներին և հայերին վնասել»,- նշեց նա:
Բանակում տեղեկատվական անվտանգության հետ կապված մեր հարցին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, հարցը ոչ թե զինվորների` առանձին հեռախոսային քարտեր ունենալն է, որը կտրամադրի ՊՆ-ն, կամ օպերացիոն համակարգերի ներդրումը, ինչպես 168.am-ի հետ զրույցում առաջարկել էր «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը, այլ` ունենալ հստակ ռազմավարություն, և ոչ միայն՝ բանակում:
«Այստեղ նաև կարևոր է, որ ռազմավարությունը լինի համատարած պետական կառույցներում, իհարկե, բանակում ավելի լուրջ: Բայց, եթե միայն բանակը հետևի սրան, միևնույն է` արտահոսքեր կարող են լինել քաղաքացիական հատվածից: Օպերացիոն համակարգի տեսանկյունից, եթե հարցը դիտենք, ես, իհարկե, կողմնակից եմ, որ լինի այդ «ՊՆ Լինուքսը», հետագայում տարածվի պետական այլ կառույցների վրա: Դա թույլ կտա և’ գումար տնտեսել, և’ ավելի անվտանգ լինել: Բայց սա, իհարկե, գործերը կշատացնի. եթե դու նոր համակարգ ես ներդնում, դու փաստացի պիտի մարդկանց կրթես, սովորեցնես աշխատել, քանի որ Լինուքսի» տրամաբանությունը շատ հարցերում Windows-ից տարբերվում է, սրան գումարած՝ ծրագրային ապահովման հարցեր պիտի լուծես, շատ բաներ փոխես: Այսինքն` առաջանում է վերազինման խնդիր, և դասընթացների, որը գուցե շատ երկար պրոցես չլինի, բայց ներդրում է պահանջում»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, որ կա տեսակետ, որ հատուկ ՊՆ-ի համար ստեղծված համակարգիչներում և պլանշետներում տեղադրված օպերացիոն համակարգը կարող է հանդիսանալ նաև զորքերի, զորամիավորումների և ստորաբաժանումների կառավարման ավտոմատացված համակարգ, տեղեկատվական անվտանգության մասնագետը պատասխանեց, որ նման համակարգ կարելի է ունենալ օպերացիոն բոլոր համակարգերի վրա, այստեղ մոտեցման հարց է:
Ըստ նրա` եթե ավելի գլոբալ վերցնենք` ոչ թե ՊՆ-ն, այլ Կառավարությունը, ապա նույնիսկ կայքերի մակարդակում հսկայական տարբերություն կա: Այսինքն` չկա ընդհանրացված մոտեցում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, իսկ եթե օգտագործում ենք տարբեր համակարգեր, սա կարող է բերել բազում խնդիրների:
«Հնարավոր է՝ առաջանան խնդիրներ այն առումով, որ եղած ծրագրերը չաշխատեն, քանի որ կան բազմաթիվ ներքին համակարգեր, որոնք ստեղծված են Windows-ի համար, և դրանք վերափոխելու կամ համապատասխանեցնելու դեպքում խնդիրներ կարող ենք ունենալ: Այնպես չէ, որ սարքեցիր, և պիտի ամեն ինչն աշխատի»,- ամփոփեց Մարտիրոսյանը: