Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը՝ Հյուսիս-Հարավ ծրագրի և տարվող աշխատանքների մասին

«Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի «Կորսիան-Կորվիամ» ընկերության մասնաբաժնի հետ կապված խնդիրը քննարկվում է միջազգային արբիտրաժում: Այսինքն՝ մենք նրանց հետ դատական պրոցեսի մեջ ենք: Դրան զուգահեռ՝ արդեն իսկ իրականացվել է փորձաքննություն՝ նրանց կատարած աշխատանքի և չարածի ընդհանուր գնահատականը տալու վերաբերյալ, որպեսզի կարողանանք աշխատանքները շարունակել նոր կապալառուի հետ»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս՝ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի իրականացման հետ կապված խնդրին:

Ըստ Պապիկյանի՝ ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված գործընթացներ են տեղի ունենում, այս պահին բանակցում են չինական ընկերության հետ, նաև այլ ընկերությունների հետ, որպեսզի հնարավոր մրցույթի պարագայում լինեն այնպիսի կապալառուներ, որոնք կարողանան կատարած աշխատանքը ժամանակին հանձնել:

Նա նաև տեղեկացրեց, որ Մեղրիի Ագարակ տանող ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ արդեն նախագիծ կա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ  նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարությունն ունի բավարար ռեսուրսներ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ստուգելու համար ճանապարհաշինարարական ընկերությունների գործողությունները:

Պատասխանելով հարցին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախարարությունը ստուգող գործառույթներ չունի, այդ գործառույթը հիմնականում պատկանում է տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին, որոնք նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքներով նախարարությանը չեն գոհացրել:

«Այս տարի մենք քայլեր ենք ձեռնարկում ոլորտում առաջընթաց ապահովելու համար, բայց, բնականաբար, հաշվի առնելով որակը և նախորդ տարիներին տրված աշխատանքները, նախարարությունն ամեն ինչ անում է իր գործառույթներն իրականացնելու համար: Մեր լաբորատորիայի միջոցով մենք իրականացնում ենք ստուգումներ ասֆալտի շերտի որակի, խտության, բաղադրության հետ կապված: Մեր ամենօրյա ստուգումների արդյունքում փորձում ենք նաև լրացնել տեխնիկական հսկողության գոյություն ունեցող բացը, եթե այդպիսիք կան»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս