Պարո՛ն նախարար, իրավիճակին լավ չեք տիրապետում. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է կառավարությունը կատարում գործազրկության սպասվող ալիքը մեղմելու համար և որքան միջոցներ է պատրաստ ներարկել տնտեսության մեջ՝ ի աջակցություն գործարարների:

Հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Կառավարության գործարկած միջոցառումների շրջանակում 25 միլիարդ դրամ է հատկացվել ՓՄՁ-ներին, ևս 9 միլիարդ դրամ՝ գյուղացիական տնտեսություններին, իսկ 630 կազմակերպություններ էլ ստացել են մինչև 7.2 միլիարդ դրամի աջակցություն:

Ինչ վերաբերում է աշխատատեղերի կրճատմանը, ապա, ըստ նախարարի, աշխատատեղեր չեն կրճատվել:

«ՊԵԿ-ի մարտ ամսվա տվյալներով՝ աշխատատեղեր չեն կրճատվել: Լավ լուրն այն է, որ մենք աշխատատեղերի կրճատման վերաբերյալ փաստացի տվյալներ չունենք»,- ասաց  նախարարը:

Արձագանքելով նախարարի պարզաբանմանը՝ Արման Բաբաջանյանը հակադարձեց, որ վերջին օրերին հանդիպել է շատ խոշոր տնտեսվարողների, որոնք ներկայացրել են մտահոգիչ տեղեկություններ թե՛ հաստիքների, թե’ աշխատավարձերի կրճատումների մասին:

«Հետևաբար, պարո՛ն նախարար, Դուք լավ չեք տիրապետում իրավիճակին»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս