«Բացառված է, որ ես մանդատ վայր դնեմ».Իշխանական պատգամավորը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում մանդատը վայր կդնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, քանի որ նրա մանդատը վայր դնելու հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս լուրերին, պատգամավորն ասաց, որ խորը տեղեկատվություն չունի, թե ՔՊ վարչության նիստում ինչ է քննարկվել:
«Ամեն դեպքում, եթե որևէ բան քննարկվել է, ապա ինձ դրա մասին որևէ բան չեն ասել, նման տեղեկություն չունեմ: Ինքս որևէ մեկի հետ բացարձակ տարաձայնություններ չունեմ, խոսակցությունները, թե կուսակցության նիստը լքել եմ, իրականությանը չի համապատասխանում, նիստից դուրս գալը՝ լքել չի: Ես հիմա չեմ կարող ասել, թե իմ դուրս գալուց հետո ինչ քննարկում կարող էր տեղի ունենալ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ որևէ քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր մանդատը վայր դնելու հարցը կարող է քննարկվել, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց, որ որևէ բան չի կարող բացառել:
«Մեկ բան կարող եմ հստակ ասել, որ ինձ նման տեղեկություն չի հասել, չեմ կարծում, որ նման որոշում կարող է լինել, եթե լինի էլ, ապա դրա մասին կտեղեկանաք»,- հավելեց նա:
Հաջորդ հարցին՝ եթե նման որոշում լինի, մանդատը վայր կդնի՞, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց, որ խմբակցությունը նման որոշում չի կարող կայացնել, դա հակասահմանադրական քայլ է.
«Իմ գործընկերների հետ մենք կարող ենք ամեն տեսակի քննարկումներ ունենալ, բայց իմ գործունեության ընթացքում այն սկզբունքները, որոնք ես պահել եմ՝ բացառված է, որ ես մանդատ վայր դնեմ, նաև ժխտում եմ, որ նման տեղեկություններն իրականությանը համապատասխանում են: Կարող են քննարկումներ լինել, բայց նման որոշում չի կարող լինել»,- շեշտեց Վ. Աթաբեկյանը:
Նա վստահեցրեց, որ ՔՊ-ում արշալույսները խաղաղ են, իսկ այնտեղից դուրս եկող խոսակցությունները մի քիչ խեղաթյուրված են հասնում լրատվամիջոցներին: