Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու համար. փաստաբան

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը 2020 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշման երկու ամսով կալանավորվեց, մեղադրվում է կաշառք տալու համար: Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին որոշ մանրամասներ, առանց փաստերին անդրադառնալու և նախաքննության գաղտնիությունը խաթարելու, 168.am-ին հայտնեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

«Մեղադրանքը հանգում է հետևյալին, որ սրանից 9-10 տարի առաջ՝ 2009-2011 թվականների ընթացքում տոկոսով փոխառությամբ գումար է տվել երկու անձանց, տարեկան 4%-ով, գումարը բավական խոշոր գումար է, ու ասում են՝ «քեզ մեղադրում ենք, որ դու այդ տոկոսով գումարները չես ստացել և այդ գումարը դու կաշառք ես տվել»: Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են երկու անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն, իրավական հետևանք ունեն սրանք»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ խոսքը մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է:

Հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ այն գործը, որի շրջանակներում ապրիլի 23-ին ձերբակալվել, ապա՝ ապրիլի 25-ին, կալանավորվել է Առուստամյանը, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ այդ տեղեկությունը դրական կամ բացասական մեկնաբանելը կնշանակի՝ նախաքննական գաղտնիք հրապարակել:

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս գործով Սեդրակ Առուստամյանը ցուցմունք տվել է մի քանի անգամ: Առաջին անգամ՝ դեռևս նախորդ տարի:

«Ցուցմունք տվել է դեռևս 2019 թվականի օգոստոսի 27-ին, դրանից հետո ցուցմունք է տվել 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ձերբակալման օրը, հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ցուցմունք տվել է, ապրիլի 25-ին էլ մեղադրանքի շուրջ է ցուցմունք տվել: Պատրաստակամ պատասխանել է բոլոր հարցերին, թաքցնելու ոչինչ չունի»,- ասաց Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19-ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպ»-ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930