«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա ժամկետով կալանավորումը: Դատարանը նաև բավարարել է Ս. Առուստամյանի պաշտպանի միջնորդությունը և ոչ իրավաչափ է ճանաչել ապրիլի 23-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից Առուստամյանի ձերբակալությունը: Տեղեկությունը 168.amին փոխանցեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ դատարանը  Առուստամյանին ձերբակալելու դեմ որոշման փաստաբանի միջնորդության քննությունը սկսել էր երեկ: Այսօր դատարանը նաև քննել էր քննչական մարմնի՝ Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը:  «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենն արդեն հարցաքննվել է և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Տեղեկացնենք, որ Սեդրակ Առուստամյանի ձերբակալության մասին տեղեկությանը զուգահեռ՝ լուրեր շրջանառվեցին, թե այն գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Առուստամյանը, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Առուստամյանի փաստաբանը քրեական գործի մանրամասների մասին խոստացավ ներկայացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպ»-ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման,  ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930