
Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում վարակի տարածմանը հակազդելու համար: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:
Նշվում է, որ մայիսի 4-ին մի շարք եվրոպական երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների թուլացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդն է, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը: Թուրինի քաղաքապետը նշել է, որ քաղաքը պատրաստվել է այն բանին, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից, իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել են տրանսպորտից օգտվելու կանոններ: Ինչպես Իտալիայում, այնպես էլ վարակվածների թվով երկրորդը հանդիսացող Իսպանիայում մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակներ կրելը պարտադիր է: Ֆրանսիայում կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Այս երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված: