Հարավային Կովկաս. դիվերսիֆիկացիայի փոխարեն՝ աշխարհաքաղաքական վերակողմնորոշում
Երկու տարի առաջ գրել էինք այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ, հայտարարել է Բայդենի վարչակազմի ծրագրի մասին, այն է՝ Կասպից ծովից մինչև Ադրիատիկ աղեղ ստեղծել Ռուսաստանի դիմակայության նոր օջախներ։
Որպես երկրորդ ճակատի բացման կարևորագույն տարածաշրջաններից մեկը, այդ թվում՝ տնտեսական, Օ’Բրայենը նշել է Հարավային Կովկասը։ Պետդեպարտամենտի կարծիքով՝ երթուղին, որն անցնելու է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, թույլ կտա Կենտրոնական Ասիայի երկրներին հասանելիություն ստանալ համաշխարհային շուկաներին՝ Ռուսաստանից ու Չինաստանից նրանց կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Ընդ որում, ենթադրվում էր, որ Հայաստանի տարածքում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա փակել զուգահեռ ներմուծումը դեպի Ռուսաստան, իսկ Միջին միջանցքի նկատմամբ (Կենտրոնական Ասիայից)՝ կարգավորել Չինաստանի և Եվրոպայի միջև լոգիստիկան։
Պետքարտուղարի օգնականն արդեն այն ժամանակ սենատորներին հայտնել էր, որ ինքը, հիասթափվելով վրացական ղեկավարությունից, որը շեղվել էր դեպի ԵՄ և ՆԱՏՕ տանող ուղուց, մեծ հույսեր է կապում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Օ’Բրայենը պատմել է, թե ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ «մի քանի ամիս առաջ Փաշինյանի համար նոր հարթակ պատրաստեցին» (ձեռնա՞րկ․– ծանոթ. «մենք պայմաններ ենք ստեղծում»), որոնք թույլ են տալիս նրան «համարձակ քայլեր անել»՝ «խզելու կապերը Ռուսաստանի հետ, որից Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է իր էներգետիկայի և տնտեսության ոլորտներում»։
Այլ կերպ ասած՝ Պետդեպարտամենտի համակարգողն այն ժամանակ գրեթե բացահայտ խոստովանեց, որ արտաքին քաղաքական կուրսը, որը վարում է հայկական ղեկավարությունը, թելադրված է Վաշինգտոնից։ Բայդենի վարչակազմի հետագա ծրագրերը ենթադրում էին Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում հնազանդ արբանյակ՝ նրան դրդելով քաղաքական և տարածքային սուբյեկտայնության տոտալ կորստի՝ «արևմտյան արտոնությունների» խոստումների դիմաց։
Թրամփը չհրաժարվեց Հարավային Կովկասում իր նախորդի ռազմավարական ծրագրերից և մեկ տարի անց՝ 2025 թ. օգոստոսի 8-ին, սկսեց դրանք կյանքի կոչել՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրելով Վաշինգտոնյան հռչակագիրը, որով ԱՄՆ-ին տրվում են Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզով TRIPP տրանսպորտային միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ։
Բանակցություններից Իրանի և Ռուսաստանի կանխամտածված բացառումը վկայում է տարածաշրջանի տնտեսական աշխարհագրությունը վերաձևելու փորձի մասին՝ ավանդական գործընկերներին հետ մղելով հօգուտ ԱՄՆ-ի ազդեցության։ Որպես արդյունք՝ TRIPP միջանցքը կարող է լարվածության նոր օջախ դառնալ առանց այն էլ տասնամյակներով չլուծված հակամարտություններով ծանրաբեռնված տարածաշրջանում, եթե գերակայության առաջնահերթությունները չվերանայվեն հօգուտ համագործակցության։
Միջանցքն ինքնին լուրջ կասկածներ է առաջացնում դրա նկատմամբ դե ֆակտո հայկական ինքնիշխանության պահպանման վերաբերյալ։ Հայկական տարածքով «անարգել հաղորդակցվելու» անորոշ խոստումները վտանգում են Երևանի վերահսկողությունը սեփական հողերի նկատմամբ։
Ինչո՞ւ անդրկովկասյան երկու հանրապետություններն այդքան հեշտությամբ համաձայնեցին հայկական տարածքով տարանցիկ երթուղու բացմանը (TRIPP-ի պայմանագրում Ադրբեջանի օգտին առկա անհամաչափության պայմաններում)։
Չէ՞ որ հինգ տարի առաջ տարբեր պատրվակներով նրանք խուսափում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության կատարումից, թեև դրանում արդեն իսկ ամրագրված էին ռուսական մասնակցությամբ տարածաշրջանային կոմունիկացիաների վերականգնման «դեղատոմսերը»։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի՝ որպես չեզոք միջնորդի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի համար 30-ամյա հակամարտությունից դուրս գալու հավասարապես արդարացի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, բախվեցին հակամարտության երկու կողմերի համառությանը։
Բաքուն, Արևմուտքի միջնորդությամբ, ցանկացել և ծանրակշիռ դիվիդենտներ է ստացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակից՝ ներառյալ արտատարածքային Զանգեզուրի միջանցքը։ Երևանի համար, ըստ ամենայնի, եռակողմ հայտարարության շահավետ պայմանները խանգարում էին արևմտյան համակարգողների կողմից դրված գլխավոր խնդրի կատարմանը՝ «խզել կապերը Ռուսաստանի հետ»։
Պետք է ընդունել, որ արդեն վաշինգտոնյան փաստաթղթերում ակնհայտ է հարևանի շահերի հաշվառումը՝ մեծամասամբ Հայաստանի հաշվին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցը Հարավային Կովկաս վերահաստատել է Սպիտակ տան նոր առաջնահերթությունները։ Բաքվում ստորագրված «Ռազմավարական գործընկերության խարտիան» Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստեղծել է տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում ամերիկյան երկարաժամկետ ներկայության մեխանիզմ՝ առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» ամերիկյան TRIPP տարբերակում, ինչպես նաև ամրագրել է Ադրբեջանի դերը՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հիմնական գործընկերոջ։
Վաշինգտոնը ոչ միայն ակտիվացրել է ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ նրան տրամադրելով ռազմական օգնություն, այլև ԱՄՆ-ը ու Բրիտանիան աջակցում են Ադրբեջանի ջանքերին՝ իր քաղաքական կշիռը բարձրացնելու համար։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը սկսեց հավակնել ռազմավարական խաղացողի դերի ոչ միայն Անդրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում։ Չի կարելի չնկատել, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի ներթափանցումը Կենտրոնական Ասիա, որը մեծապես խրախուսվում է Արևմուտքի կողմից, նկատելիորեն ուժեղացել է և նոր որակ ձեռք բերել։ Բանն այն է, որ բացի աշխարհագրական մոտիկությունից և տնտեսական շահերից, Ադրբեջանի մոտ Կենտրոնական Ասիայում նաև ակնհայտ քաղաքական դրդապատճառներ են ի հայտ եկել։
Ալիևը փորձում է ավելի լայն աշխարհաքաղաքական դաշտ դուրս գալ տարածաշրջանային քաղաքականության մակարդակով, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) և իսլամական աշխարհում: Արդյունքում նա արդեն ԹՊԿ-ն դիրքավորում է՝ որպես «որոշումների կայացման կենտրոն հսկայական եվրասիական տարածքում»՝ այն հակադրելով ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ, թյուրքական աշխարհը ներառում է նաև ռուսական տարածքները՝ Ղրիմը, Թաթարստանը և Բաշկիրիան:
Ավելին, Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից և Ղարաբաղի վերադարձից հետո նա կոչ է անում, փաստորեն՝ ի հեճուկս ՀԱՊԿ-ի, զարգացնել ԹՊԿ-ի ռազմական բաղադրիչը։ Որպես հիմք՝ նախատեսվում է կազմակերպության մեջ ներառել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժը՝ «ստեղծված վակուումը լցնելու համար… և համաշխարհային մասշտաբով միջազգային գործունեության կենտրոն դառնալու նպատակով»:
Զուգահեռաբար, միջազգային համաժողովներում նա բազմիցս ընդգծել է Եվրամիության էներգետիկ և լոգիստիկ կախվածությունն Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններից՝ Արևմտյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված նախագծերում ադրբեջանական միջոցների ներդրումն ուղիղ կապի մեջ դնելով Բաքվի հանդեպ Բրյուսելի քաղաքական հավատարմությունից։ Իրենց հերթին՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը, անշուշտ, շահագրգռված են հանձինս Ալիևի պահպանել ազդեցության լծակն՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Չինաստանի վրա՝ դեպի Եվրոպա ռուսական երթուղիների արգելափակումից հետո։
2024-2025 թթ. ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումն օրինակ է այն բանի, թե ինչպես է ադրբեջանական ղեկավարությունը հեղինակության միավորներ վաստակել Վաշինգտոնի աչքում՝ ի վնաս ավանդական տարածաշրջանային կապերի։
Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրները մնացել են ետևում։ Միևնույն ժամանակ, նա անմիջապես նշել է, որ միշտ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և հավելել, որ Բաքուն ու Կիևը «հիանալի հնարավորություններ» ունեն ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի համատեղ արտադրության համար։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երեք ռուս մեդիախոսների դեմ և նրանց նկատմամբ (ըստ ադրբեջանական մամուլի) միջազգային հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչեցրած քննադատական արտահայտությունների համար։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է, ինչպես դա այժմ հաճախ ընդունված է հետխորհրդային տարածքում, Ռուսաստանի և հատկապես Խորհրդային Ռուսաստանի հետ համատեղ անցյալը ներկայացնել որպես գաղութատիրության որոշակի դարաշրջան։
Ուկրաինային աջակցելը, Անդրկովկասյան տարածքներն «օկուպացնելու», ինչպես նաև ավելի վաղ ադրբեջանական հողերն օկուպացնելու փորձի մեջ Ռուսաստանին մեղադրելը (խոսքը ռուս խաղաղապահների մասին էր) բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ըստ իս՝ դա խոսում է Հարավային Կովկասում ձևավորվող արևմտյան հակառուսական ճարտարապետության մեջ հանրապետությունն ինտեգրելու Ադրբեջանի ղեկավարության մտադրության մասին։
Հայաստանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը բաց է թողել հարևան հանրապետությունից նոր զիջումներ կորզելու ադրբեջանական ղեկավարության հնարավորությունների պատուհանը, և Բաքուն մտադիր է օգտվել դրանից։ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանում տված վերջին հարցազրույցից հետո ակնհայտ դարձավ, որ հայկական իշխանությունների վրա գաղտնի ճնշումը միայն աճելու է, և գլխավոր շեշտը դրվում է դեպի նախիջևանյան էքսկլավ ուղիղ ցամաքային միջանցքի կառուցման վրա։
Անխոչընդոտ տարանցման գաղափարը մատուցվում է միջազգային նախաձեռնությունների և TRIPP նախագծի քողի տակ, սակայն էությունը մնում է նույնը՝ հայկական տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանալ առանց տեղի սահմանապահների և մաքսավորների անմիջական վերահսկողության։ Նման մոտեցումը հնարավոր դարձավ փետրվարին Երևանի և Վաշինգտոնի միջև սխեմայի համաձայնեցումից հետո։ Ըստ դրա՝ զննման և վարչարարության գործառույթները փոխանցվում են մասնավոր կառույցներին՝ այսպես կոչված, «բեք-օֆիսին»։ Ադրբեջանն այդպիսով ստանում է տրանսպորտային միջանցքի ցանկալի մոդելի առաջմղման սխեմա։
Միաժամանակ, այնտեղ համառորեն առաջարկում են վերաձևել Հայաստանի էներգետիկ ոլորտը՝ խոսելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ռիսկերի մասին (որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը) և անտեսելով ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության վերաբերյալ միջազգային տեսուչների եզրակացությունները։ Առաջարկվում է կանգնեցնել ռեակտորը՝ փոխարենը ձևավորելով ինչ-որ ընդհանուր էներգետիկ համակարգ՝ օգտագործելով Ադրբեջանից էլեկտրաէներգիայի հոսքը։ Նախապատրաստությունն արդեն ընթանում է. հարևանի պրոֆիլային ծառայությունները հասցրել են ուսումնասիրել հայկական ռելիեֆը և դիտարկել ապագա էլեկտրացանցերի տեղերը։
Մինչդեռ ներկա փուլում Բաքուն հնարավորություն չունի ապահովել էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում Հայաստանին։ Դա հնարավոր կլինի միայն Ապշերոնի ափերին ատոմակայան կառուցելու դեպքում։ Զարմանալի է, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն արդեն հայտարարել է հենց ատոմային էներգետիկան զարգացնելու մտադրության մասին, որը կոչված է դառնալու երկրի էներգետիկ հաշվեկշռի բաղադրիչներից մեկը՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի հետ մեկտեղ։
Ալիևը նույնպես հաստատել է, որ հանրապետությանը կարող է անհրաժեշտ լինել ԱԷԿ։ Դրա համար էլ ամեն ինչ այնպես է թվում, որ Ադրբեջանը կցանկանար, որ Հարավային Կովկասում էներգիայի բոլոր աղբյուրները կենտրոնացված լինեին իր ձեռքում։
Հայաստանի համար TRIPP-ն ԱՄՆ-ի հետ «հատուկ գործընկերության» հերթական պատրանքն է։ Ներկայիս ղեկավարությանը ձեռնտու է այդ նախագիծը ներքին լսարանին ներկայացնել՝ որպես ամերիկյան, քանի որ, իբր, Վաշինգտոնը պաշտպանելու է իր բիզնեսը Հայաստանի տարածքում, հետևաբար նաև՝ հենց Հայաստանը։ «Մենք երբեք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև կբացեր համաշխարհային առաջատար գերտերության հետ համագործակցության հարյուրամյա հեռանկար։ Եվ սա պատմական հնարավորություն է Հայաստանի համար»։ «Հանուն նման գործընկերության՝ կառավարությունը պատրաստ է գնալ գրեթե գաղութային պայմանների՝ իր տարածքի մի մասը հարյուրամյակով հանձնելով օտարերկրյա ընկերությանը՝ դրա բաժնետոմսերի 26 տոկոսի դիմաց»։
Ըստ էության՝ խոսքը գնում է Հայաստանը TRIPP-ի միջոցով Միջին միջանցքի մեջ մտցնելու փորձի մասին, որը ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող լոգիստիկ երթուղի է և պետք է կապի Միջին Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Վաշինգտոնի համար այդ երթուղու նկատմամբ վերահսկողությունը Մոսկվայի վրա ճնշման պոտենցիալ գործիք է։ Արդյունքում՝ այս համատեքստում հայկական երկաթուղու կառավարման ռուսական կոնցեսիան մինչև 2038 թվականը խանգարում է այդ նախագծի գաղափարին և առաջացնում պաշտոնական Երևանի համառ առաջարկները Մոսկվային՝ հրաժարվել դրանից՝ հօգուտ այլ խաղացողների։
Չկան տնտեսական հաշվարկներ, որոնք վերաբերում են փոխադրումների ծավալներին կամ բեռներից ստացված շահույթին, որոնք անցնելու են հենց հայկական երկաթուղով՝ որպես TRIPP-ի ճյուղեր։ Ամենայն հավանականությամբ, դրանք ուղիղ 40 կմ երկարությամբ կարճ հայկական հատվածով կուղևորվեն Նախիջևան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա։ Արդյունքում՝ հենց Նախիջևանը, որը տասնամյակներ շարունակ գտնվել է տնտեսության եզրին, կարող է վերածվել առանցքային լոգիստիկ խաչմերուկի։
Միջին միջանցքի ծրագրվող միլիոնավոր տոննա բեռներն այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կընթանան նշված երթուղով՝ Ադրբեջանին ամրագրելով Հարավային Կովկասում կարևոր դերակատարի դերը։ Իսկ տարանցիկ բեռնափոխադրումների և ներդրումների իրական թվերն առայժմ մնում են համեստ, և Կովկասի ենթակառուցվածքը պատրաստ չէ այն ծավալներին, որոնք թույլ կտային խոսել առաջիկա տարիներին զգալի եկամուտների մասին։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի համար գովազդվող «Խաղաղության խաչմերուկ» տարանցիկ կարգավիճակն այդպես էլ կմնա երազանք։
TRIPP-ն ակնհայտորեն քաղաքական պատվեր է, այլ ոչ թե տնտեսական նախագիծ, ուստի այն պահանջում է, որ Ռուսաստանը զիջումը վաճառի ինչ-որ երրորդ կողմի, որը «բարեկամական» կլինի և Մոսկվային, և Երևանին։
Վարչապետի հռետորական էսկապադները՝ «Իմ գնահատականն այն է, որ այսօր հնարավորություն կա մոտ 400 մլն դոլարով վաճառել կոնցեսիայի այդ իրավունքը՝ մինչև Ռուսաստանից 2 մլրդ դոլար պահանջելու սպառնալիքն այս կոնցեսիայի համար», ուղղված են ներքին լսարանին։ «Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները, եթե Ռուսաստանը շարունակի ղեկավարել հայկական երկաթուղիները… խնդիրը մեր մեջ չէ, այլ այն, որ նրանք, ովքեր կօգտվեն այդ ճանապարհից, և դա առյուծի բաժինն է, Հայաստանը շրջանցելու այլ ճանապարհներ են փնտրում»,- հայտարարել է Փաշինյանը։
Այլ կերպ ասած՝ նա առաջարկում է առանց ավելորդ բարդությունների «Ռուսական երկաթուղիների» ռազմավարական ակտիվը՝ 1990-ականների հայկական ավերածություններից հետո ռուսական փողերով վերանորոգված երկաթուղային ցանցը, փոխանցել ինչ-որ երրորդ կողմի։ 2007-2008 թթ. պոտենցիալ օտարերկրյա մասնակիցները, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի ընկերությունները, հրաժարվեցին մասնակցել կոնցեսիոն մրցույթին։
Միակ օպերատորը, որը որոշեց ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղային ցանցի վերականգնման գործում, եղել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։ Դրա մոտիվացիան ի սկզբանե կրում էր ոչ միայն առևտրային, այլև ռազմավարական բնույթ։ Նախագիծը դիտարկվում էր որպես Հարավային Կովկասի ընդհանուր տրանսպորտային տարածքի ձևավորման տարր, որը ենթադրում էր տարածաշրջանային երկաթուղային կապի վերականգնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս հայեցակարգն օբյեկտիվ հանգամանքների պատճառով չիրականացվեց, դրա գոյությունը մեծապես բացատրում է ռուսական օպերատորի մասնակցությունը ցածր եկամտաբերությամբ հայկական ակտիվի կառավարմանը։
Ռուսաստանի հետ Արևմուտքի շարունակվող դիմակայության պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ այդ ենթակառուցվածքը չի օգտագործվի արևմտյան շահերի համար՝ մասնավորապես Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա ՆԱՏՕ-ի սպառազինություն մատակարարելու և տարածաշրջանում՝ ռուսական սահմաններին, անկայունության գոտի ստեղծելու համար: Քանի որ հավաքական Արևմուտքը բացահայտ հայտարարում է Կասպից ծովից մինչև Ադրիատիկ աղեղ Ռուսաստանի դիմակայության նոր օջախներ ստեղծելու մտադրության մասին, Մոսկվան ոչ մի իմաստ չունի կորցնելու վերահսկողությունը լոգիստիկ ենթակառուցվածքի նկատմամբ, որը հետագայում կարող է օգտագործվել հենց իր դեմ։
Ենթադրելի է, որ Հայաստանի խնդիրը չպետք է լինի TRIPP-ի՝ իր տարածքով անցնող հատվածը Ռուսաստանի և Իրանի դեմ Արևմուտքի պոտենցիալ գործիքի վերածելը, այլ տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և միաժամանակ առճակատման ռիսկերի նվազեցումն այն դերակատարների հետ, որոնց ներկայությունը կարևորություն է պահպանում տարածաշրջանի էներգետիկ, երկաթուղային և առևտրային ենթակառուցվածքների համար։
Բացի այդ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը չպետք է սահմանափակվի միայն հայկական հատվածով։ Այն պետք է լինի ամբողջական և փոխադարձ։ Նախագծի՝ որպես Ադրբեջանի և Թուրքիայի համար առավելապես տարանցիկ երթուղու իրականացումը՝ առանց Հայաստանի հետ բոլոր հաղորդակցությունների միաժամանակյա բացման, ոչ թե կնվազեցնի, այլ կուժեղացնի առկա անհամաչափությունը։
Նմանատիպ քննադատական գնահատականի է արժանի Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի հետ կապված իրավիճակը։ Հայաստանում ատոմակայանը փակելու պահանջը ենթադրում է տարածաշրջանում էներգետիկ կապերի այլ մոդել, որը լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Արևմուտքի ռազմավարական շահերին: Այն չի համապատասխանում Հայաստանի շահերին և պետք է դիտարկվի՝ որպես պոտենցիալ տնտեսական և քաղաքական ծուղակ։
Մեծամորի հայկական ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, և դրա կառավարմամբ զբաղվում է հայկական պետական համակարգը: Ռուսական ընկերությունների մասնակցությունը կայանի արդիականացմանը, տեխնիկական ուղեկցմանը և շահագործման ժամկետի երկարաձգմանը չի նշանակում, որ Ռուսաստանին են փոխանցվել ԱԷԿ-ի սեփականության կամ պետական վերահսկողության իրավունքները:
Այժմ Հայաստանը հանդես է գալիս որպես էլեկտրաէներգիա արտահանող և մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, ներառյալ՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքը՝ Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման: Ըստ այդմ՝ ատոմային էներգետիկայից հնարավոր հրաժարումը հանրապետությանը կզրկի այդ ռազմավարական կարգավիճակից՝ էներգետիկ անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով։
Փաստորեն Հայաստանին առաջարկում են էներգետիկ ոլորտում հայ-ռուսական շահավետ ու հարմար համագործակցությունը փոխարինել ամբողջական և անհասկանալի ապագա կախվածությամբ մի ենթակառուցվածքից, որն այսօր գոյություն չունի:
Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության ներկայիս մոդելը Հայաստանի համար միանգամայն հասկանալի է. Ռուսաստանը գազ ու միջուկային վառելիք է մատակարարում, մասնակցում է ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և առաջարկում է նոր էներգաբլոկի կառուցում: Սա արդեն գործող համակարգ է, որը կարող է բարելավվել և լրացվել: Դիվերսիֆիկացիան պետք է նոր հնարավորություններ ավելացնի արդեն գոյություն ունեցողներին, այլ ոչ թե ոչնչացնի գործող համակարգը՝ սպասելով, որ մի օր մյուսը կհայտնվի: Դիվերսիֆիկացման քաղաքականությունը, կարծես, պետք է ուղղված լինի Հայաստանի խոցելիության նվազեցմանը և նախկին կապերը տարածաշրջանային ավելի բարդ ճարտարապետությանը հարմարեցնելուն, այլ ոչ թե դրանց ապամոնտաժմանը:
Վերադառնալով Ազգային ժողովում կառավարության 2026-2031թթ. ծրագրի վերաբերյալ վարչապետի ելույթին՝ պետք է ասել, որ նա փաստացի նախանշել է քայլերի մի հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուրը, պետք է խոստովանել, հանգեցնում է Ռուսաստանի հետ փոխգործակցության կրճատմանը և միաժամանակ՝ դեպի Արևմուտք հետագա շարժմանը։
Բացի նշված ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերից՝ Փաշինյանը նախանշեց ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները:
Ներքաղաքական հարթությունում իշխանությունը Հայաստանի զարգացման ծրագրում ներառել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի պաշտոնանկության դրույթը։ Վարչապետը բացահայտորեն հռչակել է ընդդիմախոսների տնտեսական բազան ունեզրկելու կուրսը։ Թվում է, թե նա շտապում է մաքրել ցանկացած ընդդիմադիր ուժ, նախքան իր աշխարհաքաղաքական շրջադարձի տնտեսական հետևանքները քաղաքացիների համար ակնհայտ կդառնան:
Ներկայացված ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կավարտի նոր սահմանադրության նախագծի մշակումը, որը կբավարարի՝ ինչպես Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, այնպես էլ՝ դրա տարածաշրջանային և արևմտյան գործընկերներին:
Փաշինյանը հայտարարել է առաջիկայում Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մասին: Նրա խոսքով՝ սկզբում կլինի հայտը, հետո՝ ԵՄ պատասխանը, ճանապարհային քարտեզը, իսկ հետո՝ հանրաքվե՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Պարզ բառերով դա նշանակում է՝ համբերեք մեզ առայժմ ԵԱՏՄ-ի կազմում՝ դրա բոլոր շահերով, իսկ ավելի ուշ, եթե ամեն ինչ ստացվի, մենք դուրս կգանք դրանից և կանցնենք ԵՄ։ Ահա այսպիսի դիրքորոշում: Իսկ եթե դա չստացվի՞։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, չհամաձայնեց ՀՀ վարչապետի այն դիրքորոշման հետ, թե Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի եղել, և հիշեցրեց, որ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումն իրականում հենց դա է։ Նա ասել է. «Մեկ այլ տնտեսական կազմակերպության անդամության ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս, քանի որ և այնտեղ, և այնտեղ գտնվելն անհամատեղելի է։ Դա է խնդիրը»։
Հատկանշական է, որ վերջերս տեղի ունեցավ հանրաքվե Իսլանդիայում, որտեղ որոշվում էր ոչ թե բուն ԵՄ-ին անդամակցելու հարցը, այլ միայն վերականգնել բանակցային գործընթացը, որն ընդհատվել էր իսլանդացիների կողմից 2013 թվականին: Ավելի քան 80% աննախադեպ մասնակցության պայմաններում երկրի բնակիչները ձայների 52,8%-ով մերժեցին անկում ապրող Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունները վերսկսելու գաղափարը: Եթե մեծամասնությունն ասեր «այո», կառավարությունը կստանար Բրյուսելի հետ երկխոսության մանդատ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում վերջնական որոշումը՝ հավանություն տա՞լ անդամակցության մասին վերջնական համաձայնագրին, թե՞ ոչ, կդրվեր առանձին՝ երկրորդ հանրաքվեի։
Հայաստանի ներկայիս կառավարությունը, կարծես թե, ուզում է ամեն ինչ անել հակառակը՝ բանակցել Բրյուսելի հետ առանց ժողովրդական մանդատի, իսկ հետո հասարակությանը դնել, ըստ էության, անայլընտրանքային ընտրության առաջ։ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հանրաքվեն, եթե այն կայանա Հայաստանում, ցույց կտա հանրապետության ժողովրդի նմանության մակարդակն Իսլանդիայի բնակիչների հետ, որոնք մերժել են եվրաինտեգրումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսլանդացիները չցանկացան։ Տեսնենք, թե ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև»,- հավելել է նա։
Ի դեպ, ֆրանսիական «Le Figaro» թերթն ուղիղ տեքստով կանխատեսում է Փաշինյանի նկրտումների ֆիասկոն. «Դա պատրանք է։ Սակայն ԵՄ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն օգտագործի Ռուսաստանի հետ նոր առճակատման մեջ»։
Ալեքսանդր Անանև
ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

