«Հայտարարություն ի պաշտպանություն Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության փոքր բաժնետերերի օրինական իրավունքների». Երեմ Սարգսյան
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
Սույն հայտարարության հասցեատեր են ՀՀ կառավարությունը, հայաստանյան հանրությունը, զանգվածային լրատվության միջոցները, Լիդիանը, Լիդիանի պարտատերերը, Լիդիանի բոլոր փոքր և խոշոր բաժնետերերը` անկախ քաղաքացիությունից, նաև Օնտարիոյի և Ջերսիի դատարանները, որտեղ ինչ-ինչ դատական պրոցեսներ են տեղի ունենում առանց փոքր բաժնետերերի շահերի պատշաճ պաշտպանության:
Էական արձանագրումներ.
Սույն հայտարարությունը նպատակ չի հետապնդում նպաստել Լիդիանի կողմից Ամուլսարի ծրագրի իրականացմանը, ոչ էլ նպատակ է հետապնդում խոչընդոտել դրան:
Սույն հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը վերցված է վստահորդներիս կողմից` լրատվամիջոցներում տարբեր ժամանակ արված հայտարարություններից և այլ հանրամատչելի աղբյուրներից:
Սույն հայտարարությունը, այստեղ արված արձանագրումները, եզրակացությունները և հարցադրումները հաղորդում չեն հանցագործության կատարման մասին և նպատակ չունեն խախտել որևէ անձի անմեղության կանխավարկածը և, հետևաբար, այստեղ տեղ գտած դատողությունները դեռևս տեղեկացնելու և կանխարգելելու նպատակ ունեն:
Հայտարարության առարկան.
Ինձ են դիմել Լիդիան Ինթերնեյշնլ (այսուհետ` Լիդիան) բաժնետեր մի շարք քաղաքացիներ, ովքեր, Հայաստանի մի քանի հարյուր այլ քաղաքացիների հետ միասին, ձեռք են բերել Լիդիանի բաժնետոմսեր և այժմ կասկածներ ունեն, որ անցած երկու տարվա ընթացքում ամեն ինչ արվել է Ամուլսարի ծրագրից առաջին հերթին հենց իրենց դուրս մղելու համար:
Թյուրիմացությունից խուսափելու համար կանխավ արձանագրենք, որ վստահորդներս շատ լավ պատկերացնում են, որ բորսայում բաժնետոմսերի ձեռքբերումը շահույթի ստացում չի երաշխավորում և իրենք գիտակցել են, որ ենթարկվում են բորսայական տրամաբանությանը ու նույն հաջողությամբ կարող են ներդրումը կորցնել: Սակայն այս պարագայում, ինչպես փաստում են վստահորդներս, կարող են կիրառված լինել ոչ թե ազատ ու արդար գործարարության կանոններ` իրենց վտանգներով ու ռիսկերով հանդերձ, այլ ինչ-որ խարդախ սխեմաներ, որոնք ոչ մի կապ չունեն բորսայի սովորական ռիսկերի հետ և հետագա պարզաբանման և բացահայտման կարիք կարող են ունենալ:
Կատարվածում կան առերևույթ մեղավորներ, ինչպես նաև խոչընդոտող հանգամանքներ, որոնք պրոֆեսիոնալ մանիպուլիացիայի արդյունքում կարող են դարձած լինել հզոր ալիբի կոնկրետ անձանց համար: Մասնավորապես, հարցի անբարեհաջող ավարտի պարագայում, մանիպուլյատորների կողմից վերջում մեղքը բարդվելու է Հայաստանի բիզնես միջավայրի վրա, որն իբրև թե չուներ բարենպաստ ներդրումային պայմաններ: Ստորև բերվող դատողություններով, փաստարկներով ու հարցադրումներով փորձենք պարզել, թե ովքեր և ինչպես են իրականում մեղավոր ստեղծված իրավիճակում:
Նախապատմություն և հիմնավորում
Ինչու՞ են Լիդիանի հայաստանյան բաժնետերերը գնել Լիդիանի բաժնետոմսերը
Պետք է արձանագրել, որ Լիդիանը ՀՀ-ում հանքարդյունաբերական ակտիվներ ունեցող միակ ընկերությունն էր, որը մինչև վերջերս ցուցակված էր բորսայում և որի բաժնետոմսերն ազատ վաճառքի մեջ էին` հնարավորություն ընձեռնելով իր ներդրողներին գնել դրանք առցանց` ակնկալելով արժեքի բարձրացում կամ դիվիդենտի ստացում:
Օգտվելով այս հնարավորությունից` ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ձեռք են բերել Լիդիանի բաժնետոմսեր: ՀՀ քաղաքացիների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացն արագացել էր հատկապես այն բանից հետո, երբ 2019թ. օգոստոսին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ամուլսարի ծրագիրը պետք է աշխատի: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, վերջին մեկ տարում Տորոնտոյի բորսայից Լիդիանի մոտ 100 միլիոն բաժնետոմս է գնվել, հիմնականում՝ հայաստանյան գնորդների կողմից:
Լիդիանի փոքր բաժնետերերն իրենց բաժնետոմսերը գնելիս հիմք են ընդունել և վստահել են այս նախագծի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերին` ՀՀ կառավարությանը, Լիդիանին, Լիդիանի պարտատերերին, Տոնոնտոյի բորսային:
Վերը նշված կառույցներին անդրադառնանք առանձին-առանձին և նշենք, թե ինչու են վստահորդներս կարծում, որ իրենք կորցնում են իրենց ներդրած գումարները ոչ թե բորսայական-շուկայական բնական ռիսկերի կանոններով, այլ, հնարավոր է` կանխավ պլանավորված` ոչ բորսայական տրամաբանության, հնարավոր է նաև` ներգրավված խարդախ գործողությունների ճանապարհով:
Վստահորդներս պնդում են նաև, որ փոքր բաժնետերերը պահանջախնդիր են Ամուլսարի ծրագրի իրականացմանը միմիայն միջազգային ամենաբարձր բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության ստանդարտներին համապատասխան, ինչում բազմիցս հավաստիացվել են թե՛ ընկերության, թե՛ ՀՀ կառավարության բարձր մակարդակի հայտարարություններով և գործողություններով:
Հայատանի վարչապետի և կառավարության հայատարությունները և գործողությունները, որոնք վստահություն ներշնչեցին Լիդիանի բաժնետերերին.
• Գոյություն չունի Ամուլսարի ծրագիրը փակելու որևէ իրավական հիմք ,
• Անհրաժեշտ է բացել դեպի հանք տանող ճանապարհները ,
• Ամուլսարը հանդիսանալու է տնտեսական կամ քաղաքական ֆորս-մաժորային պայմաններում Հայաստանի համար կարևոր փրկողակ , կարևոր անվտանգային երաշխիք,
• Հանքի դեմ սաբոտաժն արվում է բաժնետոմսերի գներն արհեստական իջեցնելու նպատակով, ինչը կառավարությունը թույլ չի տա :
Չնայած այս բոլոր հայտարարություններին, Կառավարությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած չի ձեռնարկել որևէ քայլ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհների ապօրինի շրջափակումը վերացնելու համար` չնայած այն հանգամանքին, որ հենց կառավարությունն է բազմիցս ընդունել, որ ճանապարհների այդ շրջափակումն ապօրինի է (օրինակ` Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կա ՀՀ դատարանի որոշում, որով ոստիկանությանը պարտավորեցվում է բացել ճանապարհները): Հատկանշական է, որ կառավարությունը և վարչապետը, ընդունելով նման դատական ակտի գոյության փաստը, որևէ քայլ չեն ձեռնարկել իրենց ենթակա ոստիկանության միջոցով դրա պահանջը կատարելու ուղղությամբ: Որևէ ակնհայտ առաջընթաց չկա նաև Ամուլսարի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործով, որը վաղուց պետք է հանգուցալուծում ստացած լիներ, քանի որ 2019 օգոստոսին զեկուցվեց կառավարության նիստում, որ կարճման բոլոր հիմքերն առկա են, համապատասխան վերլուծություն է տեղադրված նաև ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում : Որևէ խախտում չհայտնաբերվեց նաև քննչական խմբի ղեկավար Իվանյանի մասով իրականացվող ծառայողական քննության արդյունքում:
Հարկ եմ համարում կրկնել, որ այսօրվա ինֆորմացիայի մատչելիության պայմաններում, ՀՀ կառավարության և վարչապետի այս բոլոր հայատարությունները հիմք ընդունելով էլ բազմաթիվ ներդրողներ Հայաստանում և իր սահմաններից դուրս (անկախ քաղաքացիությունից) որոշել են ներդրում անել և գնել Լիդիան բաժնետոմսեր, կամ էլ ժամանակին չեն վաճառել մինչ այդ ձեռք բերված բաժնետոմսերը: Ընդ որում, փոքր բաժնետերերի ներդրումները ապահովված չեն (ի տարեբերություն խոշորների) և իրականացվել են զուտ այն պատճառով, որ Ամուլսարի ծրագիրն առ այսօր ՀՀ բոլոր կառավարությունների կողմից ներկայացվել է որպես իրավական խնդիրներ չունեցող, միջազգային բարձրագույն բնապահպանական ստանդարտներին համապատասխանող, միջազգային բորսայում ցուցակված կազմակերպության կողմից իրականացվող ծրագիր :
Լիդիան ընկերության կողմից բաժնետերերին վստահություն ներշնչած հավաստիացումները և հայտարարությունները.
Փոքր բաժնետերերի համար կողմնորոշիչ են եղել նաև հենց Լիդիան ընկերության հավաստիացումներն ու հրապարակած փաստաթղթերն այն մասին, որ Ամուլսարի հանքի շահագործումը համապատասխանելու է ամենաբարձր բնապահպանական միջազգային չափանիշներին: Այդ հավաստիացումները հիմք ընդունելով էլ փոքր ներդրողները վստահ են եղել, որ եթե անգամ ՀՀ կառավարության կողմից հարցը արդարացի լուծում չստանա, Լիդիանն իրավական ճանապարհով հնարավորություն կունենա հետ բերել նաև իրենց կատարած ներդրումները: Մինչդեռ, վերջին ամիսներին Լիդիանի կողմից իրականացվող քայլերը և հրապարակային աղբյուրներում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրահանգել, որ Լիդիանի միակ նպատակն է պաշտպանել բացառապես խոշոր ներդրողների շահերը, իսկ փոքր ներդրողների շահերն ամբողջությամբ անտեսված են: Ավելին, վերջին 2 տարվա ընթացքում Լիդիանի կողմից իրականացվող վարանողական, կցկտուր և կրավորական քայլերը վստահորդներիս թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալու, որ տեղի ունեցող այս ամենն իրականում կարող է կազմակերպված սցենար լինել` փոքր բաժնետերերին խաղից հանելու նպատակով:
Անհասկանալի է նաև ՀՀ կառավարության դանդաղկոտ և անվճռական կեցվածքը, որը, լավ մշակված, պրոֆեսիոնալ կորպորատիվ մանիպուլյացիայի առկայության պարագայում հոյակապ արդարացում կարող է հանդիսանալ այդ մանիպուլյացիան քողարկելու համար: Այս մտավախությունն էլ ավելի են սրացնում վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններն, ըստ որոնց Լիդիանը պատրաստվում է վաճառել Ամուլսարի ծրագիրը: Հասկանալի է, որ Ծրագրի վաճառքի դեպքում խոսք է գնալու հայաստանյան Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի կամ ակտիվների վաճառքի մասին, որի պարագայում Լիդիան Ինթերնեյշնլը այլևս չի ունենալու որևէ էական ակտիվ, իսկ վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են խոշոր բաժնետերերի պահանջների բավարարմանը` խաղից դուրս թողնելով փոքր բաժնետերերին: Բացի այդ, ակտիվորեն խոսվում է նաև, որ Լիդիանը մինչև մայիս Օնտարիոյի դատարանին է ներկայացնելու կորպորատիվ վերակառուցման ծրագիր: Մեծ վտանգ կա, որ սրա հետևանքով իրենց բաժնետոմսերից կամ դրանց հիմքում ընկած ակտիվներից զրկվելու են փոքր բաժնետերերը:
Բաժնետերերի վստահությունը բորսայի և խոշոր պարտատերերի հանդեպ
Եթե Ամուլսարի ծրագրում կան կամ եղել են լուրջ բնապահպանական բացթողումներ ու կեղծիքներ, ապա, ինչպե՞ս է Լիդիանը ցուցակվել Տորոնտոյի բորսայում, ինչպե՞ս է ներդրումներ ներգրավել այնպիսի հեղինակավոր ֆինանսական դերակատարների կողմից, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան, Սվենսկ Բանկը, Ամերիաբանկը: Ըստ բաժնետերերի հավատամքի և պարզամիտ համոզմունքի, եթե լինեին բնապահպանական լուրջ խնդիրներ, ապա Լիդիանը չէր կարող նման գործընկերների վստահությունը շահել, ցուցակվել և բաժնետոմսեր վաճառել:
Վստահորդներս հավատացել են նաև, որ բորսան և հեղինակավոր ֆինանսական կառույցները կկանխեն որևէ անօրինական քայլ, որն ուղղված կլինի փոքր բաժնետերերի շահերի ոտնահարմանը: Սակայն վտանգ կա, որ մոտակայում կպարզի, որ նման պաշտպանությունից նրանք զրկված են:
Ամփոփում և հարցադրումներ
1. Եթե Ամուլսարի ծրագրում կան կամ եղել են լուրջ բնապահպանական բացթողումներ ու կեղծիքներ, ապա ինչպե՞ս էր Լիդիանը հավաստիացնում իր պոտենցիալ բաժնետերերին, որ ամեն ինչ արված է ամենաբարձր միջազգային ստանդարտների համաձայն: Այս դեպքում Լիդիանի ղեկավարությունը, խորհուրդը, դրանում ներգրվավված խոշոր բաժնետերերի ներկայացուցիչները պիտի կրեն նյութական (հնարավոր է` նաև քրեական) պատասխանատվություն, և որի պարագայում փոքր բաժնետերերը, նրանց դեմ վնասների հատուցման հայցով կդիմեն դատարան բոլոր հնարավոր յուրիսդիկցիաներում` կեղծ տեղեկատվությամբ ու խաբեությամբ իրենց որպես ներդրող ներգրավելու և վնաս պատճառելու համար:
2. Եթե կառավարության կողմից Լիդիանին առաջադրվող մեղադրանքները ճիշտ չէին, ապա ինչու՞ Լիդիանը այդպես էլ չդիմեց միջազգային արբիտրաժ կամ` գոնե հայկական դատարաններին իր և իր բաժնետերերի շահերի պաշտպանության համար և ինչու հարցի լուծումը ձգձգվեց այնքան, որ Լիդիանը ապացուցակվեց բորսայից և այժմ էլ ուզում է դուրս գալ բիզնեսից վերակառուցման կամ բաժնեմասերի օտարման ճանապարհով:
3. Եթե Ամուլսարի ծրագրում կան կամ եղել են լուրջ բնապահպանական բացթողումներ ու կեղծիքներ, ապա ինչու՞ մինչ այս պահը չկան Հայաստանի կառավարության ու իրավապահ համակարգի կողմից համապատասխան վճռական գործողություններ, ինչպե՞ս կարելի է այսքան երկարաձգել նման կարևորագույն հարցի հանգուցալուծումը, և ինչու՞ կառավարությունն առայսօր հարց չի դրել և չի դնում Լիդիանի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ:
4. Եթե տվյալ բիզնեսի իրականացումը հնարավոր չէ բնապահպանական նկատառումներով, ապա ինչպե՞ս կարող է խոսք գնալ այդ բիզնեսի վաճառքի մասին: Այն, ինչ հնարավոր չէ մեկի համար, ինչպե՞ս կարող է նույն հանգամանքներում հնարավոր լինել մեկ ուրիշի համար:
5. Եթե պարզվում է, որ Ամուլսարի ծրագրում չկան և չեն եղել լուրջ բնապահպանական բացթողումներ ու կեղծիքներ, ապա` ՀՀ կառավարությունն ինքը պիտի հնարավորինս արագ շտկի իրավիճակը և ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը` հանքն օր առաջ գործարկելու համար: Ծրագրի տապալումը նաև նշանակում է ծանր նյութական վնաս հասցնել սփյուռքահայ ու հայաստանցի հարյուրավոր բարեխիղճ ներդրողների, որոնք վստահել են հայրենի Կառավարության կողմից իր առջև դրված խնդիրներին առավելագույնս ռացիոնալ ու բարեխիղճ լուծումներ գտնելու մտադրությանն ու ունակությանը` ձեռք բերելով «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետոմսեր:
6. Եթե, այնուամենայնիվ, փոքր բաժնետերերին ծրագրից դուրս թողող որոշակի ռեստրուկտուրիզացիայից հետո Ամուլսարի ոսկու հանքը վերջիվերջո ինչ-որ «հրաշքով» շահագործվի, և հիմա էլ փոքր բաժնետերերը փակեն հանք տանող ճանապարհները, ապա արդյո՞ք կառավարությունը նրանց հանդեպ էլ կգտնվի նույնչափ հանդուրժող ու համբերատար, որքան ճանապարհն այսօր փակող խմբի հանդեպ:
Ելնելով վերը շարադրվածից, հատկապես ցանկանում եմ դիմել Օնտարիոյի և Ջերսիի հարգարժան դատարաններին /համապատասխան նամակն արդեն իսկ ուղարկվել է/.
Կարծում եմ, որ վերը շարադրված փաստերից ու հարցադրումներից պարզ է, թե ինչու են վստահորդներս կարծում, որ իրենք կորցնում են իրենց ներդրած գումարները ոչ թե բորսայական-շուկայական կանոններով, այլ, ամենայն հավականությամբ, կանխավ պլանավորված` ոչ բորսայական խաղի կանոններով, հնարավոր է` խարդախությամբ: Ինչպես տեսնում եք վերը բերված փաստերից և հարցադրումներից, առկա է առերևույթ անբացատրելի անգործություն թե՛ Լիդիանի, թե՛ կառավարության կողմից:
Ընկերության հաշվետվություններից երևում է, որ տարիների ընթացքում էմիսիա արված և վաճառված բաժնետոմսերից ստացված գումարներից միլիոնավոր դոլարներ ծախսվել են Լիդիանի հայաստանյան բիզնեսին` Լիդիան Արմենիային պատկանող Ամուլսարի ենթակառուցվածքների կառուցման, հողերի ձեռք բերման և այլ աշխատանքներ կատարելու համար: Հիմա հարց` եթե Լիդիան Արմենիա հայաստանյան ընկերության բալանսում կա կուտակված այդքան մեծ ակտիվ, իսկ Լիդիան Արմենիան էլ իր հերթին, մի քանի այլ դուստր ընկերությունների միջոցով, 100%-ով պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլին, որի բաժնետերերը (բոլորը` մեծ, թե փոքր) պահանջ ունեն իր հանդեպ, ապա, ինչպես կարող է Լիդիան Ինթերնեյշնլն անտեսել այդ ակտիվները և պահանջները և դուրս գալ խաղից: Ում պետք է անցնի տվյալ պահանջի իրավունքը` անտեսելով այդ գումարները ներդրած բաժնետերերի շահերը:
Ինչպես տեսնում եք վերը շարադրված փաստերից, խոսքը ոչ թե բորսայի կանոնների մասին է, այլ ներգրավված կողմերի անհասկանալի գործողությունների ու անգործության, որն այնպիսի տպավորություն է թողնում, կարծես ուղղված է եղել մեկ նպատակի` ազատվել անցանկալի (փոքր) բաժնետերերից:
Խնդրում եմ խնդրո առարկա հարցերի լուծման ժամանակ սույն հայտարարության մեջ բերված փաստերը դարձնել լուրջ դիտարկման և քննարկման առարկա:
Կոչ ենք անում Լիդիանի բոլոր դժգոհ բաժնետերերին միավորվել իրենց իրավունքների պաշտպանության համար:
Չենք բացառում նաև համապատասխան հայցի ներկայացում ՀՀ դատարաններ ընդդեմ Լիդիանի, ինչպես նաև ընդդեմ կառավարության, քանի որ եթե պարզվի, որ Լիդիան Ինթերնեյշնլը Հայաստանում ունի գույքային իրավունք` դրամական պահանջ, ապա նման հայցը կունենա հայաստանյան ընդդատություն և հնարավոր կլինի բռնագանձում տարածել այդ պահանջի իրավունքի նկատմամբ:
Եթե վերը բերված տրամաբանական հարցադրումները չստանան իրենց հստակ տրամաբանված, ողջամիտ և սպառիչ պատասխանները, ապա` չենք բացառում նաև, որ բացի վերոհիշյալ քաղաքացիական հայցից, հարցը կունենա նաև քրեաիրավական շարունակություն:
Հարգանքով,
Փաստաբան Երեմ Սարգսյան»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՍույն…
Gepostet von Yerem Sargsyan am Freitag, 1. Mai 2020