Բաժիններ՝

«Թուրքիայում փաստացի գործազրկության մակարդակն արդեն 28 տոկոս է». վերլուծաբան

Թուրքական «Dünya» թերթի թղթակից Ալաաթթին Աքթաշի գնահատմամբ՝ Թուրքիայում այս պահին գործազրկության մակարդակը հասել է շուրջ 28 տոկոսի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին պաշտոնական վիճակագրությունը հրապարակվել է 2020թ․ հունվարին։ Ըստ այդմ՝ հունվարի դրությամբ երկրում 4 մլն 362․000 գործազուրկ կար։

Աքթաշի խոսքով՝ այդ 4․4 միլիոնին այնուհետև գումարվել են նաև այն 1․4 մլն քաղաքացիները, որոնց բնակավայրերում համավարակի պատճառով փողոց դուրս գալու արգելք է կիրառվում։ Բացի այդ՝ աշխատանքից զրկված շուրջ 3 մլն քաղաքացի պաշտոնապես գործազուրկ չի համարվում, քանի որ դա հնարավորություն է տալիս նրանց օգտվել բիզնեսին տրվող կարճաժամկետ աջակցությունից։ Աշխատողների մի ստվար զանգված էլ թեև աշխատանքից չի հեռացվում, բայց ուղարկվում է անվճար հարկադիր արձակուրդ։

Այս բոլոր խմբերին պատկանող գործազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին, ըստ վերլուծաբանի, շուրջ 8․8  միլիոն է։ Իսկ TÜİK-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում աշխատունակ բնակչությունը կազմում է 31․6 մլն։ Այլ կերպ ասած՝ այս պահին երկրում աշխատունակ բնկաչության շուրջ 27․7 տոկոսը որևէ աշխատանք չունի։

Այլ հարց է, որ սահմանափակումների պատճառով աշխատանքից զրկված տարբեր խմբեր, ինչպիսին են հարկադիր արձակուրդ ուղարկվածները կամ կարճաժամկետ աջակցությունից օգտվողները, պաշտոնապես գործազուրկ չեն համարվում և վիճակագրության մեջ չեն ներառվում։

Աքթաշի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի կբարդանա և գործազրկության մակարդակն ավելի կբարձրանա, եթե համավարակի պատճառով գործունեության տարբեր տեսակների սահմանափակումները շարունակվեն ևս երեք ամիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս