«Օֆշորի» աղմկահարույց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը՝ գործի նոր զարգացումների մասին
«Օֆշորի» աղմկահարույց գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի վերջին զարգացումներին` նշեց, որ դրանք իր համար սպասելի են եղել:
«Էն ժամանակ, որ հեղափոխությունը չկար, սպասելի չէր, հեղափոխությունը եղավ, նոր գործը սկսեց գնալ առաջ»,- ասաց գործարարը:
Մեր դիտարկմանը, թե այս տարվա հունվարին գործով միակ դատապարտված Աշոտ Սուքիասյանն արդարացվել և ազատ է արձակվել՝ նա արձագանքեց. «Դատապարտված չէ, որովհետև Սերժիկի նշանակած դատավորներն են. կաշառքը վերցրեցին, բաց թողեցին, հիմա կնստի՝ էն դատավորն էլ կնստի, ինքն էլ կնստի»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ թե՛ Ա. Սուքիասյանի ազատ արձակումից առաջ, թե՛ հետո դիմել է տարբեր ատյաններ. «Դիմում եմ գրել վարչապետին, ԿԳԲ-ին՝ էս անարդարության դեմը կտրեն»:
Հիշեցնենք, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10 տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարն Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն՝ փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թվականի հունվար ամսին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որևէ կապ չունեն այդ գործի հետ, և, որ ինքն է կեղծել ստորագրությունները։
Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն էր։
Այս տարվա հունվարին «Օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 6 տարի բանտում անցկացնելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվեց և ազատ արձակվեց:
168.am-ն ավելի վաղ զրուցել էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, ով նշել էր, որ իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքն անհիմն է: