Բաժիններ՝

Մենաշնորհները վերացրեք, ոչ թե օլիգարխների փողերն ընդունեք՝ որպես նվիրատվություն. տնտեսագետ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ դրանցից որոշների հարցում Հայաստանն ընդհանրապես ինքնաբավ չէ, և մեր ներքին սպառումը կարողանում ենք ապահովել բացառապես ներկրումների շնորհիվ:

168.am-ի հետ զրույցում ասաց  տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ընդգծելով, որ որոշ մթերքների թանկացումն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, դրանից օգտվում են տնտեսվարողները միայն:

Անդրադառնալով հատիկեղենի, մասնավորապես՝ հնդկաձավարի թանկացմանը, որն այս օրերին նախկին 650-700 դրամի փոխարեն՝ վաճառվում է 850-950 դրամով, Սուրեն Պարսյանը նկատեց, որ թանկացման հիմքում պետք է դիտարկել այն, որ հնդկաձավարի մեծ մասը Հայաստանը ներկրում է:

«Օրինակ՝ հնդկաձավարի թանկացման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ այն ներկրվում է Ռուսաստանից, իսկ այդ պետությունն անցել է  որոշակի սահմանափակումների: Սակայն պատճառը միայն այդ չէ, այստեղ մենք գործ ունենք նաև դրամի արժեզրկման և մենաշնորհների հետ: Հենց այստեղ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է գործ անի: Մյուս կողմից՝ պետք է վերացնել մենաշնորհները, և  ոչ թե օլիգարխներից գումարներ նվեր ստանալ՝ որպես բարեգործություն: Ուշադրությամբ հետևում եմ ՏՄՊՊՀ-ի աշխատանքին և տեսնում ընդամենը հետևյալը՝ շարքային աշխատակիցներին ամեն օր ուղարկում են դիտանցումներ իրականացնելու և անպետք տեղեկություններ հավաքելու, բայց դրանց արդյունքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, և վարչական վարույթներ չեն հարուցվում: Եթե, օրինակ՝  «Երևան Սիթի»   և «Նոր Զովք» սուպերմարկետները պատժվեին կոճապղպեղի գնի համար, ապա մենք չհիմնավորված թանկացումներ չէինք ունենա այլ ապրանքների մասով»,- ասաց  Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ թեև վերը նշված խոշոր առևտրի կետերի շուրջ աղմուկ բարձրացավ՝ կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման հետ կապված, սակայն ինքն ավելի վաղ արձանագրել էր մեկ այլ կարևոր խնդիր ևս:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող կազմակերպությունները հանդիսանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ, մեծածախ և մանրածախ վաճառողներ, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, շաքարավազը, կարագը և այլն։ Հիմա  «Ալեքս Ընդ Հոլդինգ» ընկերությունը կարագի շուկայում ունի գերիշխող դիրք։ Այս ընկերությունը օգտվելով իր՝ ներմուծող լինելու հանգամանքից, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կարագը վաճառում է համեմատաբար ցածր գնով, քան մյուս խանութներում։

Ես ստացել եմ ահազանգ, որ «Ալեքս ԸՆդ Հոլդինգ» ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է կարագի մատակարարումներն այն դեպքում, երբ իրենց պատկանող սուպերմարկետներում կարագի պակասուրդ չկա, ընդհակառակը, մեծ պահանջարկ կա, իսկ այդ իրավիճակում փոքր և միջին խանութների, կրպակների շրջանառությունը նվազում է, քանի որ խուճապով պայմանավորված՝ մարդիկ այժմ նախընտրում են կատարել մի քանի օրվա կամ շաբաթվա գնումներ, և դա անել այն խանութներից, որտեղ կան բոլոր ապրանքները։

Հետևաբար՝ պետք է, որ գործող իշխանությունները և մեր հանրությունն իմանան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով»,- ասաց Պարսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս