Բաժիններ՝

«Մարտի 29-ի գիշերը սահմանը փակվել է, ու ժողովուրդը երեխաների հետ մնացել է Վերին Լարսում»

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով: Քաղաքացիները մարտի 21-ին դիմել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ընդհանուր հայտարարի չէին եկել ու ստիպված դիմել էին Վրաստանի դեսպանատուն, որ օգնեն իրենց։

Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 31-ին Sputnik Արմենիա գործակալության հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը հեշտ չէ, և, բացի օպերատիվությունից, նաև համալիր լուծումներ և ոչ սովորական մոտեցումներ են պահանջվում։

«Ամենախնդրահարույցն անձնական ավտոմեքենաներով Հայաստան եկած քաղաքացիների Ռուսաստան վերադարձն է։ Չնայած ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կենտրոնի տարածքում հնարավոր է մեքենաներն անվճար երկարաժամկետ պահպանման թողնել, մարդկանց մեծ մասը հայտարարեցին, որ այդպիսի տարբերակն անընդունելի է` հղում անելով մի շարք փաստացի հարգելի պատճառների, օրինակ՝ որ մեքենան հարկավոր է աշխատանքի, հիվանդ ազգականների տեղափոխման համար, և այլն։ Ռուսաստանի ՆԳՆ-ն ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների՝ Վրաստանով անցումն ապահովելու համար։

Այդ թվում՝ մեր դեսպանության և վրացի գործընկերների կառուցողական մոտեցման շնորհիվ մեր քաղաքացիների երկու խումբ բարեհաջող տուն են վերադարձել Վրաստանի տարածքով․ առաջինը՝ մարտի 24-ին, երկրորդը՝ մարտի 27-ին։

Ցավոք, Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի և ավտոճանապարհներին բեռնատար տրանսպորտի ծայրահեղ կուտակման պատճառով չհաջողվեց մինչև մարտի 30-ը կազմակերպել մնացած խմբերի մեկնումը (ՌԴ կառավարության 2020թ․ մարտի 27-ի N763-р որոշման համաձայն՝ 2020թ․ մարտի 30-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից սկսած՝ ՌԴ ցամաքային սահմանների հատումը սահմանափակվում է)»,- ասել է դեսպանը։

«Ոչ մի ձևով մեր հարցը չլուծվեց, շատ մարդիկ հուսալքվել են։ Մոտավորապես 150-200 հոգի մնացել է Հայաստանում։ Մի մասը բարեկամների տանն է։ Մարդիկ գումար չունեն, ոմանք վերջին գումարը տվեցին՝ տոմս գնեցին, ոմանք էլ կարողացան պարտքով գումար վերցնել, սակայն այստեղ էլ խնդիր առաջացավ, ինքնաթիռները չթռան։ Ասացին, որ սերտիֆիկատ կտրամադրեն, որ կարողանան տարվա ընթացքում օգտագործել։ Հետո ասել են, որ դեսպանատուն դիմեն՝ այնտեղ ամեն ինչ կպարզաբանեն, բայց ոչինչ էլ չեն ասել։ Մարտի 28-ի գիշերը գնացի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, երբ ասացին, որ չի լինում ավտոբուսով գնալ, ու այդ մասին հայտնեցի՝ մարդիկ հույսները կտրեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը՝ հավելելով, որ մարտի 30-ին ինքն ու մի քանի հոգի կարողացել են ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան, սակայն շատերին չի հաջողվել։

Ինչ վերաբերում է մարտի 27-ին ավտոբուսով մեկնած քաղաքացիներին, ապա, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ 5-րդ օրն է, ինչ խումբը Վերին Լարսում է։

«Մարդկանց մեքենաները տեղափոխող վարորդներից մեկը տաքություն է ունեցել, նրան ուղարկել են Հայաստան, մեկ այլ վարորդի են կանչել, սակայն մարտի 29-ի գիշերը սահմանը փակվել է, ու ժողովուրդը երեխաների հետ մնացել է սահմանում։ Հայերը, ռուսներն օգնում են նրանց, բայց չգիտեմ, թե ի՞նչ է լինելու։ Հասկանո՞ւմ եք, Հայաստան ժամանած քաղաքացիներից ոմանք թաղում էին եկել, ոմանք՝ հարսանիք, որոշներն էլ՝ մեքենա գնելու, քանի որ Հայաստանում, գաղտնիք չէ, որ մեքենաներն էժան են։ Մարդը մեղավո՞ր է, որ գումար չունի, ու մեքենան էժան է Հայաստանում»,- նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս