Եթե մեկ վայրկյան թերանամ իմ գործում, ինձ բոլորը կհաղթեն. Արսեն Հարությունյան
Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ազատ ոճն այնքան էլ մեծ ձեռքբերումներ չունի միջազգային հարթակներում: Սակայն վերջին տարիներին իր մասին խոսել է ստիպում երիտասարդ ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով նախորդ տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ այս տարի` բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանը խոսեց իր հաջողությունների, մարզիկի կրթվածության և աշխատասիրության մասին:
-Ձեր յուրաքանչյուր հաջողություն պատանիների մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, և նրանք ձգտում են նմանվել ձեզ. ամենայն հավանականությամբ, դա ձեզ ավելի պատասխանատու է դարձնում:
-Այո, շատ պատասխանատու է դարձնում: Ես ինձ հիշում եմ պատանի տարիքում, թե ինչպես էի ոգևորվում, երբ իմ ավագ ընկերները դառնում էին Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ: Ես ինքս էլ ոգևորում եմ իմ փոքր եղբայրներին և բոլոր երեխաներին, ինչպես ինձ են ոգևորել մեր չեմպիոնները:
-Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ. ինչ եք կարծում՝ այն բնատո՞ւր է տրված, թե քրտնաջան աշխատանքի արդյունք է:
-Ես չեմ կարծում, որ այն բնատուր է: Այն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, եթե ես մեկ վայրկյան թերանամ իմ գործի մեջ, ինձ բոլորն էլ կհաղթեն: Իմ աշխատասիրության հաշվին եմ կարողանում հաղթել և նույն կերպ շարունակելու եմ աշխատանքս մինչև նպատակներիս հասնելը:
-Ո՞վ եք դուք սպորտից դուրս, ինչո՞վ եք սիրում զբաղվել:
-Ավելի շատ սիրում եմ ակտիվ հանգիստ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, գնում եմ մոտոցիկլետ վարելու և ձկնորսության:
-Սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Ինչքանո՞վ եք կարևորում կրթությունը մազիկի կյանքում:
-Կրթությունը շատ կարևոր է մարզիկի կյանքում, եթե մարզիկը կրթված չլինի, չի կարողանա լավ մարզիկ դառնալ: Փորձում եմ համատեղել. երբ հավաքների չեմ լինում, անպայման հաճախում եմ դասերի, փորձում եմ բացը լրացնել ինքնակրթությամբ։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ:
-Արսեն, Եվրոպայի առաջնության գոտեմարտի վերջնամասում, երբ մրցակիցը վնասվածք ստացավ, ինչպե՞ս կարողացաք այդքան լարված պայքարում միաժամանակ օգնել նրան:
-Ես ինձ բարի մարդ եմ համարում, երբ սուլիչի հնչելուց հետո մտնում ես գորգ, պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարես հաղթելու համար, բայց երբ ավարտի սուլիչն է հնչում, պետք է բարի լինել հակառակորդի նկատմամբ: Ես միշտ աշխատում եմ իմ հակառակորդների հետ բարի ու ազնիվ լինել: Կցանկանամ նշել, որ շատ ուրախ եմ, քանի որ ինձ հետ աշխատում են ամենալավ մարզիչները, ամենալավ բժիշկներն ու ամենալավ հոգեբանները, շատ շնորհակալ եմ նրանց: Ես վստահ եմ, որ լսելով նրանց խորհուրդները՝ բարձր արդյունքների կհասնեմ: