«Մեկ ամիս առաջ Մնացականյանը և Փաշինյանն օգտագործել են «Արցախի ընտրված իշխանություններ» տերմինը, ինչո՞ւ է «իշխանությունները» փոխարինվել «ներկայացուցիչներով»». Մարինա Գրիգորյան

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան  հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններում տեղ գտած  մի շարք ձևակերպումներ հարցեր են առաջացնում՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ: Օրինակ, թե ինչ է տեղի ունեցել Ժնևում՝ դրանք բանակցություննե՞ր էին, թե՞ քննարկում, քանի որ հայտարարություններում երկու տերմինն էլ օգտագործվում է:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հարցով փորձագետ, «Գոլոս Արմենի» թերթի փոխխմբագիր Մարինա Գրիգորյանը:

«Բացի այս, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսվում է բանակցությունների մասին, թեպետ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե նպատակ չունի բանակցություններ վարել առանց Արցախի: Հասկանալի չէ նաև՝ խաղաղության ինչ նախապատրաստման մասին են խոսում համանախագահները՝ համառորեն չցանկանալով նկատել Ադրբեջանում հայատյաց պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումը մենք տեսնում ենք գրեթե ամեն օր: Օրինակ, հունվարին մենք ականատեսը եղանք ադրբեջանցի օպերային երգիչ Էյվազովի կողմից հնչեցված ռասիստական արտահայտություններին, ինչը հանգեցրեց միջազգային սկանդալի: Սրան հաջորդեց հերթական պատմությունը, երբ Ուկրաինայի՝ հայկական ծագում ունեցող բավականին բարձրաստիճան չինովնիկի՝ Մերի Հակոբյանի մուտքն Ադրբեջան արգելվեց՝ ելնելով նրա էթնիկ պատկանելությունից: Հիշենք նաև Կիպրոսին ուղղված խնդրանքը՝ Բաքվին հանձնել Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Տեոխարուսին՝ Արցախ այցելելու համար»,- նշեց Գրիգորյանը:

Ըստ փորձագետի, սակայն, ամենից շատ տագնապի տեղիք է տվել ՀՀ ԱԳՆ-ում տեղ գտած հետևյալ ձևակերպումը՝ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»:

«Ես հատուկ նայել եմ նախկին անալոգային հայտարարությունները: Տառացիորեն մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերին, և՛ նախարար Մնացականյանը, և՛ վարչապետ Փաշինյանն օգտագործել են «Արցախի ընտրված իշխանություններ» տերմինը: Ինչո՞ւ է «իշխանություններ» տերմինը փոխարինվել «ներկայացուցիչներով»: Սկզբունքային տարբերությունն ակնհայտ է: Հասկանալի է, որ նմանօրինակ փաստաթղթերում մանրակրկիտ է մտածվում, ընտրվում ցանկացած բառ՝ ելնելով դրա կարևորությունից: Ես սրանում վտանգ եմ տեսնում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու լեգիտիմության իջեցման՝ որպես կայացած, թեկուզև չճանաչված պետության, ինչպես նաև՝ Արցախի ներկայացուցիչների՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ հավասարեցման առումով, ինչի մասին վերջին ժամանակները խոսվում է: Այն, որ փորձ է արվում «ԼՂ ադրբեջանական համայնքին» ներգրավել բանակցային գործընթացում, վկայում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դեսպանների հանդիպումները Բաքվում այդ «համայնքի» ղեկավարի հետ: Նպատակը որքան ակնհայտ, այնքան էլ՝ վտանգավոր է հայկական պետությունների համար՝ բանակցային  ֆորմատը դարձնել միջհամայնքային, ինչի մասին վաղուց երազում է Ադրբեջանը»,- վստահեցրեց Մարինա Գրիգորյանը:

Արցախի հարցով, փորձագետի խոսքով՝ վերջապես հնարավոր չէ չնկատել այն, որ հայկական կողմի բառապաշարից անհետացել են  «Արցախի կարգավիճակ և անվտանգություն» հասկացությունները, որոնք երկար տարիներ առանցքային են եղել:

Տեսանյութեր

Լրահոս