Հայտնի են Vogue հանդեսի վարկածով տարվա ամենաոճային կանայք
Բրիտանացի թոփ-մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Vogue հանդեսի վարկածով ճանաչվել է 2019 թվականի ամենաոճային կանանցից մեկը: Լավագույն ճաշակի տեր հայտնիների ամբողջական ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում։ Լրագրողները նշում են, որ վերջին 12 ամսվա ընթացքում մոդելի զգեստապահարանում գերակշռել են Valentino, Versace եւ Alexander McQueen բրենդների հագուստները: Նրանք առանձնացրել են Mugler-ի՝ փետուրներով եւ խորը լանջաբացվածքով վարդագույն զգեստը, որը նա հագել էր Fashion For Relief բարեգործական կազմակերպության միջոցառմանը: Վարկանիշում նաեւ հայտնվել է անգլիացի կինոդերասանուհի Ջեմմա Չանը:
Հանդեսի տվյալներով՝ ոճաբան Ռեբեկա Քորբին-Մյուրեյի օգնությամբ կարմիր ուղեգորգի համար դերասանուհուն հաջողվում է ստեղծել գլամուրային, բայց միեւնույն ժամանակ հարմարավետ կերպարներ: Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան է: Հայտնին ամենաոճավոր կնոջ կարգավիճակ է ստացել ոչ միայն Fenty նորաձեւության սեփական բրենդի շնորհիվ, այլեւ այն բանի համար, որ մասնակցել է համաշխարհային մակնիշների հետ գործակցությանը, ինչպես նաեւ օգնել է զարգանալ սկսնակ դիզայներներին: Թվարկված աստղերին միացել է նաեւ բրիտանացի դերասանուհի Ֆիբի Ուոլեր-Բրիջը, որը հայտնի է «Ֆլիբեգ» սերիալում իր խաղացած դերով:
Էպիզոդներից մեկում Ուոլեր-Բրիջը հայտնվում է սեւ կոստյումով, որը գնվել է TopShop խանութում: Սերիալի թողարկումից հետո նույնպիսի նմուշները վայրկենապես գնել են: Ամենաոճայինների հնգյակը եզրափակում է բրիտանացի մոդել Ադվոա Աբոախը: Անցյալ տարվա ընթացքում, Vogue-ի խմբագրության կարծիքով, Աբոախի լավագույն կերպարը դարձել է սեպտեմբերին Լոնդոնի նորաձեւության շաբաթվա զգեստը: Մոդելը հայտնվել է Molly Goddard-ի՝ սեղմանախշերով գործվածքից կարված վարդագույն զգեստով, Gucci-ի՝ ուսից կախվող պայուսակով եւ Chanel-ի սեւ բալետկաներով: Դեկտեմբերին ավելի վաղ ֆրանս-ամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդը: Այս տիտղոսը դերասանն ստացել է GQ հրատարակությունից՝ նորաձեւության յուրօրինակ լուծումների շնորհիվ, որոնք նա ցուցադրում է կարմիր ուղեգորգերի վրա: