2019թ. բուհական քննությունների պատկերը
Օրերս Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց 2019թ. բուհերի ընդունելության (միասնական) քննությունների արդյունքների վերլուծությունը։ Այս տարվա վերլուծականը կարևոր է այն իմաստով, որ նախորդ 2 տարիների վերլուծությունը չէր արտացոլում օբյեկտիվ պատկերը, քանի որ դիմորդների թիվը, 12-ամյակի անցման հետ կապված՝ նվազել էր։ Հետևաբար, այս տարի հետաքրքիր էր տեսնել, թե ինչ դինամիկա ունենք բուհերի դիմորդների հետ կապված։ Կարող ենք արձանագրել, որ ունենք դիմորդների թվի էական նվազում։ Եթե 2014թ.-ին դիմորդներին թիվը եղել է շուրջ 13000, իսկ 2016թ.-ին՝ շուրջ 12000, ապա 2019թ.-ին այս ցուցանիշը նվազեց ևս 1000-ով։ 2019թ.-ին միասնական քննությունների հիմնական փուլին հայտագրվել է 11046 դիմորդ։ Ավելի վաղ անցյալի հետ համեմատելով՝ նշեմ, որ 2009թ.-ին միասնական քննություններին հայտագրվել է 19500 դիմորդ։ Այսպիսով՝ բուհերի դիմորդների թիվը շարունակում է նվազել և 10 տարվա կտրվածքով հասել է մեծ թվի։
Արդյունքների տեսանկյունից ևս իրավիճակը մտահոգիչ է։ Ամենացածրը Ֆիզիկա առարկայի արդյունքներն են։ Դիմորդների շուրջ 25%-ն անբավարար է ստացել այս առարկայից։ Հայոց պատմությունից անբավարար է ստացել դիմորդների 22.6%-ը։ Դիմորդների 20.4%-ն էլ անբավարար է ստացել Հայոց լեզու և գրականություն առարկայից։
Փոփոխություններ կան մարզային արդյունքներում։ Նախորդ տարիներին առաջատար էր Կոտայքի մարզը։ Նախկին տարիներին առարկաների կեսից ավելիի դեպքում ամենաբարձր միջին միավոր ստանում էին հենց Կոտայքի դիմորդները։ Այս տարի պատկերը փոխվել է։ 7 առարկայից ամենաբարձր միջին միավոր ստացել են Սյունիքի դիմորդները։ Կոտայքի մարզի դիմորդները լավագույնն են Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաներից, լոռեցիները՝ Ռուսաց լեզվից և Համաշխարհային պատմությունից, իսկ Վայոց ձորը Ֆիզիկայի առաջատարն է։ Հետաքրքիր է, որ Երևանի ու Շիրակի դիմորդները որևէ առարկայից առաջատար չեն։
Քննությունների արդյունքները ներկայացված են նաև քաղաք-գյուղ կտրվածքով։ Այստեղ անվիճելի առաջատարը միջին և փոքր քաղաքների դիմորդներն են։ 8 առարկայից հենց այս բնակավայրերի դիմորդներն են արձանագրել ամենաբարձր ցուցանիշը։ Խոշոր քաղաքներում ամենաբարձր արդյունքն արձանագրվել է միայն Գերմաներենից։ Սահմանամերձ գյուղերն առաջատար են Համաշխարհային պատմությունից, իսկ բարձր լեռնային գյուղերը՝ Ֆիզիկայից և Համաշխարհային պատմությունից։ Երևանի դիմորդների ցածր արդյունքները զարմանալի են, քանի որ հենց Երևանում են աշխատում հայտնի կրկնուսույցները։ Բացի այդ, Երևանում են գտնվում Հայաստանի էլիտար դպրոցները։ Պատճառը, թերևս, այն է, որ Երևանի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները դիմում են Հայաստանի Ամերիկյան համալսարան և արտերկրի բուհեր։
Վերլուծության մեջ ներկայացվում են նաև դիմորդների ցուցանիշները՝ ըստ ուսումնական հաստատությունների տեսակների։ Այստեղ առաջատար են կրթահամալիրներն ու վարժարանները։ Կրթահամալիրներն առաջատար են 8 առարկայից, վարժարանները՝ 9 առարկայից։ Ավագ դպրոցներն առաջատար են Ֆրանսերեն, Պարսկերեն և Աշխարհագրություն առարկաներից։ Այստեղ մտահոգիչ է այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցները բոլոր առարկաների գծով էապես զիջում են մյուս դպրոցներին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցները (1-12-րդ դասարան ունեցող դպրոցները) գործում են գյուղերում, ապա կարող ենք ասել, որ գյուղական դպրոցների վիճակը շարունակում է մնալ վատ։
Սեռային կտրվածքով աղջիկները բոլոր առարկաներից ավելի բարձր արդյունքներ ունեն, քան տղաները։ Աղջիկների միջին արդյունքը հատկապես բարձր է լեզուներից։ Միջինում այս առարկաներից աղջիկները 2 միավորով ավելի բարձր արդյունք ունեն, քան տղաները։ Միակ առարկան, որից աղջիկների և տղաների միջև տարբերությունն աննշան է, Քիմիան է։ Այս առարկայից աղջիկների միջին ցուցանիշը ընդամենը 0.1 միավորով է բարձր։
Ընդհանուր առմամբ, բուհեր ընդունվելը հեշտացել է։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղերի դիմորդների 76%-ն ընդունվել է։ Բարձրլեռնային գյուղերում այդ ցուցանիշը շուրջ 80% է։ Ամենացածրը բարձրլեռնային սահմանամերձ գյուղերի ցուցանիշն է։ Այստեղից հայտագրվել է ընդամենը 6 դիմորդ, որոնցից 3-ն ընդունվել է։ Բայց հասկանալի է, որ բարձրագույն կրթությունը շատերի համար մնում է ոչ մատչելի։
Զեկույցն արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող առարկաների քննություններից, նախորդ տարվա համեմատությամբ ,միջին միավորների աճ է արձանագրվել Մաթեմատիկայից, Ֆիզիկայից, Աշխարհագրությունից, Ռուսաց լեզվից, Ֆրանսերենից և Համաշխարհային պատմությունից (0.2-1.5 միավորով): Մյուս քննությունների միջին միավորները նվազել են 0.2-1 միավորով:
Զեկույցում ներկայացված են նաև ամենապահանջված մասնագիտությունները։ Դրանք են.
ԵՊՀ՝ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ
ԵՊԲՀ՝ Բուժական գործ, Ստոմատոլոգիա
ՀՊՏՀ՝ Ֆինանսներ, Կառավարում, Տնտեսագիտություն
ՃՇՀԱՀ՝ Դիզայն
ԵՊԼՀ՝ Միջմշակութային հաղորդակցություն, Անգլերեն լեզու։