ՀՀ-ում ստեղծվում է միայն մեկ ընտանիքի իշխանություն՝ «ընտանիքապետություն». Միհրան Հակոբյան

«Հետաքրքիր հարց է բարձրանում, որովհետև մի կողմից՝ սա հնարավորություն էր մեր երկրի և ժողովրդի համար, մյուս կողմից՝ մենք ունեցանք ավելի, քան 1.5 տարվա կորսված ժամանակ: Հնարավորություն էր այն տեսանկյունից, որ մեր ժողովուրդը, մասնավորապես՝ Սփյուռքը, հասկանա՝ ինչ է իրականում կատարվում, հասկանա քաղաքական պրոցեսներից, հասկանա այն պոպուլիստական խոստումներից, որ տրվել են երկար տարիներ, այն միֆերի վերաբերյալ իրականության մասին պատկերացում կազմի, և Հայաստանում, և դրսում ապրող մեր հայրենակիցները, թե իրականում ինչ է կատարվում, և ինչքանով է դա օբյեկտիվ, ու ինչքանով օբյեկտիվ չէ: Մյուս կողմից էլ՝ մենք ունեցել ենք շուրջ մեկ տարի ժամանակ, եթե 2019-ի մասին ենք խոսում, կորսված հնարավորությունների»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ժամանակ ասաց 6-րդ գումարման ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Նա նշեց, որ մենք ժամանակ ենք կորցրել թե ներքին քաղաքականության բնագավառում, թե տնտեսական ռեֆորմների բնագավառում, և թե արտաքին քաղաքականության:

«Ամենակարևորը, որ 2019թ. վերջում մենք հիմա պետք է արձանագրենք, այն է, որ մեկ տարի հետո մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ հանրային քննարկման և հանրային ընկալումների դաշտում պետք է արձանագրել, որ փաստ է, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ոչ մի բանի ունակ չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի չի ունենում ոչ մի բան՝ ոչ տնտեսական բարեփոխումներ, ոչ հանրային և սոցիալական կյանքի բարեփոխման գործընթացներ: Սա ընկալումներում արձանագրված է, և միևնույն ժամանակ՝ սրա դրսի մասով շատ կարևոր բաղադրիչի մասին պետք է խոսվեր, որ 2018թ. ապրիլ-մայիսյան պետական հեղաշրջումից հետո այն առերևույթ ոգևորությունը, որ կար նույնիսկ հայկական Սփյուռքում, 1.5 տարի հետո մենք տեսնում ենք, որ դա մեծ փուչիկ էր: Հայաստանում չկա հայրենադարձություն: Եվ արտագաղթի տեմպերն էլ շարունակում են նույնը մնալ»,- ասաց Միհրան Հակոբյանը՝ շեշտելով, որ արտագաղթը, այնուամենայնիվ, ունի խորքային պատճառներ և կապված չէ քաղաքական իշխանության փոփոխության հետ:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում այսօր չեն հարգվում ոչ մարդու իրավունքները, ոչ էլ ժողովրդավարության ամենատարրական սկզբունքները՝ իշխանությունների տարանջատման, մարդու իրավունքների սկզբունքները:

«Ավելին, կա երկակի ստանդարտներով արդարադատություն, և կա ամբողջ քաղաքական և հանրային կյանքը սեփականաշնորհելու, յուրացնելու մղում  իշխանության կողմից, որպեսզի կառուցվի այն «ընտանիքապետությունը», որը մենք այսօր տեսնում ենք: Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ստեղծվում է միայն ընտանիքապետություն, և թե գործադիր, թե օրենսդիր, և թե դատական իշխանությունները պարտավոր են հարգել և ենթարկվել այս ընտանիքի քմահաճույքներին»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Վերջինս կարծում է, որ դեկտեմբերի 23-ի դրությամբ կարելի է ֆիքսել, որ երբ ասում էին՝ նախկին իշխանության ժամանակ լավ չէր, այո, լավ չէր, բայց դա չի նշանակում, որ հիմա լավ է, և հիմա ոչ միայն լավ չէ, այլ շատ ավելի վատ է:

 

Տեսանյութեր

Լրահոս