Մեր իշխանությունները բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ հետո տարիները չեն հերիքի՝ հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև իրենց գալը. Կարեն Բեքարյան
Երբ խոսում ենք այն մասին, որ տեղի է ունենում իշխանությունների կողմից հանրային կարծիքի, հանրությանն ուղղված ուղերձների, սեփական դիրքորոշումների ներկայացման աննկարագրելի մեծ մանիպուլացիա. ինչո՞ւ ենք խոսում, որովհետև շատ հետաքրքիր ձեռագիր կա իշխանությունների մոտ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Այս մասին գրում է tert.am-ը։
«Օրինակ, երբ կա ահազանգ, վերլուծվող խոսք ինչ-ինչ հարցերի վտանգավորության, մարտահրավերների վերաբերյալ, եկող պատասխանը կամ արձագանքը երբևէ կապ չի ունենում ուղղակիորեն առաջադրված հարցի հետ: Սա շատ հետաքրքիր ձեռագիր է: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը սա պետք է վաղուց ապակոդավորեր, զգալով, որ այդ կերպ կատարվում է շեղման ինչ-որ գործողություն հիմնական դրված խնդրից: Մենք սրա օրինակներին ականատես ենք եղել բազմիցս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կա մի վտանգավոր տենդենց, որ այդ նույնն իրականացվում է նաև արտաքին քաղաքականության դաշտում, գրեթե բոլոր ուղղություններով: «Մարդկանց ներկայացնում ես ինչ խնդիրներ կան օրինակ՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, մարդը դուրս է գալիս և հանրային խոսքում ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այն մակարդակի, ինչպիսին այսօր են: Ոչ մի անդրադարձ բարձրաձայնված խնդիրներին, այլ ուղղակի օդում նետված ուղերձ, որի ամբողջ նպատակադրումը հետևյալն է՝ հանրության ինչ-որ լայն շրջանակի մոտ, որ այդ թեմայով չի մտածում, չի մտահոգվում, թողնել տպավորություն, որ մենք որևէ դաշտում որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ եվրոպական գործընկերները վերջին տարվա և մի քանի ամսվա շրջանակներում արդեն Հայաստանի հետ ոչ թե շփվում են արժեքային դաշտում, այլ՝ միայն շահերի դաշտում: «Եվրոպական գործընկերների առնչությունների հետ կապված միշտ կա երկու կոմպոնենտ և որոշակի բալանսավորում. երբեք շահերը չեն մոռացվում, բայց կա նաև արժեքային դաշտը: Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ արժեքային դաշտում առնչություն չկա»,- շեշտեց Բեքարյանը:
Նա նշեց, որ սրանից չի հետևում, թե եվրոպացիները մեզ հետ հարաբերությունները պետք է դադարեցնեն կամ չառնչվեն, որովհետև երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահերը. «Բայց եթե մեր առնչությունը միայն շահերի դաշտում է, որտե՞ղ մենք կարող ենք ինչ-որ ակնկալիք ունենանք: Սրանք խնդիրներ են, որոնք ուղղակիորեն այդ մանիպուլյացիայի արդյունքն են»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։