Իրանը շահագործման է հանձնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթան
Դեկտեմբերի 23-ին իրանական Արաքի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթայի շահագործման հանձնելու արարողությունը: Հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։
Արարողությանը ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Այսօր գործարկվում է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթան»,-ասել է նա: Սալեհիի խոսքով՝ «ռեակտորի այդ մասի գործարկումը առաջնահերթ նշանակություն ունի»: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն (ԳՀՀԾ), որը 2015 թվականին ընդունվել է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի ու Գերմանիայի կողմից, Թեհրանը պարտավորվել է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորը վերակառուցել խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ անցկացնելու համար: 2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, որ Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնում է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, քանի որ ԳՀՀԾ-ի մասնակիցները չեն կատարում Իրանի առջեւ ստանձնած իրենց պարտավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: