Քաղաքացիների 31.4 %-ին բավարարում է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքը. GALLUP International  

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի կարծիքով՝ 2019 թվականը բավական աղմկոտ տարի է եղել ու ինչ-որ չափով իր մոտ «վհուկների որսի» տպավորություն է թողել: Ըստ նրա՝ հենց դրանով էր պայմանավորված հարցումը «Վհուկների աղմկոտ որս» անվանելը:

Նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International association»-ը  հարցում է անցկացրել Հայաստանի 1517 քաղաքացու շրջանում՝ Երևանում, մարզկենտրոններում, գյուղական համայնքներում՝ տնայցերի միջոցով: 1517 քաղաքացիներն ընտրվել են հատուկ սոցիոլոգիական սկզբունքով՝ ըստ տարիքի, սեռի, բաշխվածության:

«Մեր ընտրանքը սովորաբար լինում է 1100-1200 հոգի: 1517 քաղաքացու շրջանում անցկացված հարցման սխալի հավանականությունը կազմում է 2.5 %: Որպեսզի պատկերավոր լինի, ասեմ, որ ԱՄՆ-ում անցկացվող հարցումներին՝ 3% սխալով,  մասնակցում է 1500 քաղաքացի»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 31.4%-ին բավարարում  է իշխող «Իմ քայլը»  խմբակցության գործունեությունը, 19.9%-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 10.6%-ին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությունը: Հարցվածների 58.5%-ը բավարարված է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությամբ:

«GALLUP International association»-ի  հայաստանյան ներկայացուցիչները հարցման մասնակիցներից հետաքրքրվել են, թե խորհրդարանական 3 ուժի ներկայացուցիչներից ում գիտեն:

Քաղաքացիների 76%-ը «Իմ քայլը» խմբակցություն ներկայացուցիչներից տվել է Նիկոլ Փաշինյանի անունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ցուցակը հարցման արդյունքում գլխավորել է Գագիկ Ծառուկյանը: Նրան՝ որպես կուսակցության անդամ, ճանաչել է հարցվածների 81.3%-ը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակը գլխավորել է Էդմոն Մարուքյանը: Նրան գիտի հարցվածների 59.7%-ը:

Այս հարցման ժամանակ հարցումն իրականացնողները նշում են քաղաքական ուժն ու քաղաքացիներից հետաքրքրվում, թե այդ ուժից ում են ճանաչում:

Հարցմանը մասնակից քաղաքացիները գնահատել են նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ընդդիմադիր լինել-չլինելը: Արդյունքում՝ ՀՀԿ-ն վաստակել է 3.5 բալ, իսկ ամենացածր բալը՝ որպես ընդդիմադիր, ստացել է «Իմ քայլը» խմբակցությունը՝ 1.9 բալ:

Հարցմանը մասնակից քաղաքացիների կարծիքով՝ ընդդիմադիր գործիչների ցուցակը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցուցակում նա ունի 3.6 բալ: Նրա հետ հավասար բալեր ունեն նաև Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը: Արթուր Վանեցյանը, ըստ հարցման՝ ստացել է 2.9 բալ: Ամենացածր բալն ունի Արամ Սարգսյանը՝ 2.7:

Հարցում իրականացնողները հետաքրքրվել են՝ արդյոք քաղաքացիների կարծիքով՝ երկրում կա՞ն քաղբանտարկյալներ: Հարցվածների 29.2%-ը դրական պատասխան է տվել, 22.5%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 48.3%-ն այն կարծիքին են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Այո» և «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանը տված քաղաքացիներից հարցման կազմակերպիչները հետաքրքրվել են, թե ըստ նրանց՝ ովքե՞ր են այսօր Հայաստանում եղած քաղբանտարկյալները: Նրանց 14.5%-ը տվել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Անդրադարձ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ 350.000 ԱՄՆ դոլարով վարձած մասնավոր ինքնաթիռին: Հարցվածների 45.2%-ն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է օգտվեր իր ինքնաթիռից՝ միջոցներ խնայելով, իսկ 42.5%-ը տեսակետ է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ լրացուցիչ միջոցներ ծախսել այդ թռիչքի համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս