«Հանրային խորհրդի նախագահ է նշանակվում մի մարդ, ով հայտնի է՝ որպես Ֆեյսբուքում հայհոյող, այնտեղ աշխատող մարդ». Մարինա Խաչատրյանը՝ Ստյոպա Սաֆարյանի մասին
Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո հոգեբան Միհրդատ Մադաթյանը եկել է այն համոզման, որ այդ կառույցի գործունեությունը պետք է դադարեցվի, քանի որ այն անիմաստ է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 31-ին խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ բազմիցս փորձել է համագործակցության եզրեր գտնել գործող իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հաջողության չի հասել, ուստի այլևս չի կարող աշխատել ստեղծված պայմաններում:
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Կառավարության միաձայն որոշմամբ Հանրային խորհրդի նախագահի թափուր պաշտոնը համալրվեց:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Միհրդատ Մադաթյանն ասաց. «Հանրային խորհրդի գործունեությունն այլևս իմաստ չունի: Հանրային խորհրդում երկու պերսոնա փոխվեց՝ Վազգեն Մանուկյանը փոխվեց Ստյոպիկ Սաֆարյանի հետ, երկու անհամեմատելի պերսոնաներ են: Սաֆարյան Ստյոպիկը ոնց որ բոլոր իշխանությունների ժամանակ չի եղել ֆիգուր, այլ եղել է 4-5-րդ խաղացող, այսօր էլ մնալու է 4-5-րդ խաղացող և կատարելու է իշխանության հրահանգները, իշխանության կամակատարն է լինելու, ինչպես եղել է, զուտ գումարի խնդիր է, որ այստեղ ավելի շատ գումար կտան»:
Ստյոպա Սաֆարյանի նշանակվելուց հետո, թեև տարբեր պատճառաբանություններով, բայց մի քանի անդամներ հայտարարեցին Հանրային խորհրդի կազմից դուրս գալու մասին: Միհրդատ Մադաթյանը պնդում է, սա կանխատեսելի էր, քանի որ շատերը չեն ցանկանա աշխատել Սաֆարյանի տնօրինությամբ:
168.am-ի հարցին՝ արդյոք Հանրային խորհրդի գործելը նո՞ր է անիմաստ դարձել, քանի որ խորհրդի անգործության մասին խոսվում էր վաղուց, հոգեբանն այսպես արձագանքեց.
«Ճանաչելով Վազգեն Մանուկյանին, տեսնելով իր արած գործը՝ չեմ ասի, որ Հանրային խորհուրդը եղել է անգործ: Դրա վառ ապացույցն այն է, որ Ստյոպիկ Սաֆարյանը եղել է այդ խորհրդում. եթե Հանրային խորհուրդն անգործության էր մատնված, թող Ստոյպա Սաֆարյանն այդքան արժանապատվություն ունենար ու այդ անգործության շրջանում դուրս գար, ասեր՝ ես չեմ ուզում մասնակցել այս «ֆարսին», բայց նա ակտիվ մասնակցել է խորհրդի բոլոր միջոցառումներին»:
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Հանրային խորհրդի հետ տեղի ունեցածը ծաղր է համարում և կարծում է, որ այդ կառույցը պետք է դադարեցնի իր գործունեությունը:
«Հանրային խորհրդի նախագահ է նշանակվում մի մարդ, ով հայտնի է՝ որպես Ֆեյսբուքում հայհոյող, այնտեղ աշխատող մարդ: Եթե նման մարդուն Նիկոլ Փաշինյանը բերում, Հանրային խորհրդի նախագահ է նշանակում, ապա հանրությունը պետք է գիտակցի, որ այսուհետ հայհոյանքն օֆիցիալ դառնալու է ընդունելի շփման միջոց, և հանրությունը չպետք է զարմանա, եթե իր հետ այդպես խոսեն»,- ասաց Մարինա Խաչատրյանը: