Դե արի աշխատի ու այդ գումարով ընտանիք պահի
Հաջորդ տարվանից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կավելանա, ու այդ բեռը գրեթե ամբողջությամբ կծանրանա տնտեսության վրա։ Կառավարությունն այդ փոփոխությունից գրեթե ֆինանսական կորուստներ չի ունենա, կամ դրանք մեծ չեն լինի։ Տնտեսությունը կվճարի նվազագույն աշխատավարձի բարձրացման համար, սակայն կստացվի այնպես, որ կառավարությունը կամ քաղաքական իշխանությունն է այդ լավությունն արել ցածր աշխատավարձ ստացողներին։
Ոչ շատ, բայց նրանց աշխատավարձը կբարձրանա։ 55.000 դրամի փոխարեն՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կդառնա 68.000 դրամ։ Այսինքն` 13.000 դրամով ավելի, քան այսօր կա։
Այդ փոփոխությունից հետո տնտեսությունը ստիպված կլինի լրացուցիչ գումարներ ծախսել՝ ինչպես իր աշխատողների նվազագույն աշխատավարձի բարձրացման, այնպես էլ՝ եկամտային հարկի վճարման համար։ Փողը գրեթե ամբողջությամբ դուրս կգա տնտեսությունից, բայց կառավարությունը ևս մեկ անգամ հպարտանալու լավ առիթ կունենա։ Ու հավանաբար կփորձի դրանով մեղմել այն հասարակական դժգոհությունները, որոնք առաջացել են նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու կամ ամենամսյա պարգևավճարներ տրամադրելու հետևանքով։
Չնայած մեկը մյուսի հետ ընդհանրապես համադրելի չէ. անգամ այդ բարձրացումից հետո նախարարական կրկնապատկված աշխատավարձերը կշարունակեն գրեթե 22 անգամով գերազանցել նվազագույնը։
Հրապարակում առկա տվյալներով՝ նվազագույն աշխատավարձի այս փոփոխությունն առնչվելու է տասնյակ-հազարավոր մարդկանց։ Խոսքն ընդհանուր առմամբ 180-190.000 աշխատողի մասին է։ Նրանցից շուրջ 57.000-ը զբաղված է՝ պետական, իսկ 130.000-ը` մասնավոր հատվածում։
Եթե այս տվյալները ճիշտ են, ապա կստացվի, որ այսօր Հայաստանում հայտարարագրված աշխատողների գրեթե մեկ երրորդը ստանում է 68.000 դրամից ցածր աշխատավարձ։ Պատկերը չափազանց տխուր է։ Դա նշանակում է, որ հասարակության մի մեծ հատված, չնայած աշխատանք ունի, այնուհանդերձ շատ քիչ է վաստակում։
Բոլորովին զարմանալի չէ այն սոցիալական իրավիճակը, որ կա Հայաստանում։ Ու դեռ հարց է, թե նվազագույն աշխատավարձի այս բարձրացումից հետո ինչպես կփոխվեն նրանց եկամուտները։
Փաստ է, որ փոփոխությունները միատեսակ չեն լինելու։ Մի մասի դեպքում դա կարող է լինել՝ 13.000-ի, մյուս մասի դեպքում` 10 հազարի, երրորդների դեպքում` ընդհուպ նույնիսկ 1 կամ 2 հազար դրամի չափով։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այսօրվա 180-190.000 աշխատողների աշխատավարձերն ինչքանով են պակաս հունվարի 1-ից գործողության մեջ մտնող 68.000 դրամ նվազագույն շեմից։
Բոլոր դեպքերում նվազագույն աշխատավարձի բարձրացումը սոցիալական առումով դրական քայլ է` ինչպիսին էլ լինի ազդեցության չափը։ Դա հնարավորություն է, որպեսզի հասարակության անապահով հատվածի եկամուտները որոշ չափով ավելանան։ Ակնկալվող մի քանի հազար դրամով գուցե և նրանց սոցիալական վիճակը չի լավանա, բայց գոնե ինչ-որ կերպ կմեղմվի այն բեռը, որն առաջանում է գնաճի հետևանքով։
Առավել ևս, որ այդ խնդիրը սրվելու է հաջորդ տարի։ Եվասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված` սպասվում է մի քանի հարյուր անուն ապրանքների գների բարձրացում։ Որքան էլ այդ փոփոխության ազդեցությունը Կենտրոնական բանկը գնաճի վրա գնահատել է 0,5 տոկոսի չափով, այնուհանդերձ դա տարբեր շուկաներում, տարբեր կերպ է արտահայտվելու։ Սպասվում է սննդամթերքի, դեղորայքի, գյուղատնտեսական պարագաների գների զգալի բարձրացում։
Բայց գնաճը միայն այդ հատվածով ու միայն դրանով չի սահմանափակվի։ Կան գնաճի վրա ազդող բազմաթիվ այլ գործոններ, որոնք կշարունակեն պահպանվել։ Ու դրանց, հաջորդ տարվա ապրիլի 1-ից, ըստ էության, կավելանա նաև ռուսական գազի թանկացման ազդեցությունը։
Դատելով վերջին հայտարարություններից` գազի գնի չբարձրացման շուրջ պայմանավորվածությունները վերաբերում են մինչև ապրիլի 1-ին։ Իսկ դա նշանակում է, որ դրանից հետո գնի բարձրացումն անխուսափելի է լինելու։
Թե այդ գործոնն ինչպիսի էական սոցիալական ու տնտեսական ազդեցություն է թողնում, անիմաստ է նույնիսկ ասել։ Անգամ Նիկոլ Փաշինյանի նշած` դաշնային հարաբերությունների հիման վրա գազի գնի ձևավորումը չի կարող փրկել իրավիճակը։ Գազի թեկուզ և փոքր թանկացման բացասական ազդեցությունից անհնար է լինելու խուսափել։ Եվ դա արտահայտվելու է, առաջին հերթին՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։
Այսպիսի սպասումների պայմաններում նվազագույն աշխատավարձի այն փոփոխությունը, որը պիտի տեղի ունենա հաջորդ տարվա հունվարի 1-ից, իհարկե դժվար է փրկություն համարել։ Բայց չեղած տեղը, դա էլ մի բան է` թանկացումների ազդեցություններն այս կամ այն չափով մեղմելու համար։
Սոցիալական իրավիճակի բարելավման առումով այն, իհարկե, խնդիր չի լուծում։ Այդ փոփոխությունից հետո էլ ցածր աշխատավարձեր ստացող տասնյակ-հազարավոր աշխատող քաղաքացիներ շարունակելու են նույնքան վատ ապրել, ինչքան նախկինում։ Թանկացումների հետևանքով իրականացվող լրացուցիչ ծախսերը կլանելու են այդ գումարները, և մարդիկ չեն զգալու դրանց ազդեցությունը։ Այդպես է, որովհետև խնդիրը ոչ թե նվազագույն աշխատավարձի, այլ ընդհանրապես աշխատավարձերի մեջ է։ Բազմաթիվ ոլորտներում դրանք շատ ցածր են։ Այնքան ցածր, որ մարդիկ երբեմն գերադասում են չաշխատել, քան թե ամբողջ օրն աշխատել և ստանալ ընդամենը 60-70.000 դրամ։
Թերևս, դա է պատճառը, որ առկա բարձր գործազրկության պայմաններում Հայաստանում մի քանի հազար թափուր աշխատատեղ կա։ Դրանք տարիներով այդպես էլ չեն համալրվում։
Ու երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե իր այցելած միայն 2 գործարանում շուրջ 1000 աշխատողի պահանջարկ կա, թող բարի լինի ասել նաև աշխատավարձի չափը։ Չի ասում, որովհետև կարող է պարզվել, որ աշխատավարձը ոչ ավել, ոչ պակաս, 70.000 դրամ է։ Դե արի աշխատի ու այդ գումարով ընտանիք պահի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ