«Որքան կապիտալ եկել է դրսից, դրա չափ էլ դուրս է գնացել». Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները մասամբ իրենց քաղաքական ուժին չեն բավարարում, այս պատճառով էլ փետրվարին դեմ էին քվեարկել Կառավարության հնգամյա ծրագրին և 2020 թվականի պետական բյուջեի նախագծին։
«Ինքնանպատակ չենք դեմ քվեարկել, կամ նրա համար,  որ մենք ընդդիմություն ենք, ոչ, նման բան չկա։

Մինչ այդ մենք շատ կոնկրետ հարցադրումներ ենք արել, թե ինչի համար ենք կարծում, որ այդ ճանապարհը չի կարող լիովին սպասարկել քաղաքական հեղափոխության միջոցով դրված խնդիրները։ Նման ձևով հանրության  կենսամակարդակը չի կարող լավանալ, մյուս կողմից՝ հանրապետությունում տնտեսական հեղափոխություն անելու համար տարեկան 1,5-2 միլիարդ դոլարի նվազագույն ներդրում է անհրաժեշտ։ Հասկանալու համար՝ հասարակությունում  գործերը լա՞վ են, թե՞ ոչ, չափիչը ներդրումներն են՝ կա՛մ տեղական, կա՛մ օտարերկրյա։

Տեղական ներդրումները, այսպես թե այնպես, որևէ տեղ չեն գնում, տեղաբաշխվում են որոշակի տեղեր։ Իսկ օտարերկրյա ներդրողները, եթե դրանք կան, նայում են,  եթե երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, դաշտը լավացել է, ապա մտածում են  գումար ներդնել»,- խորհրդարանում ասաց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե տնտեսական առումով Հայաստանը 2019 թվականին ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել, և առհասարակ տնտեսական հեղաափոխություն եղե՞լ է։

Ներկայացնելով հունվար-սեպտեմբեր ամիսների ներդրումների վերաբերյալ Պետական վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է ընդամենը 32 մլրդ դրամ կամ 67 միլիոն դոլար, որը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 5-6 մլն դոլար։  Մելքումյանի կարծիքով՝ սա խայտառակ ցածր թիվ է։
Ըստ նրա՝ ներդրումների համար եղած պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ որքան կապիտալ եկել է դրսից, դրա չափ էլ դուրս է գնացել։

«Հիմա հասկանանք, թե ո՞ր ոլորտներից է դուրս գնացել և ո՞ր ոլորտ է եկել, պարզվում է՝ 32 միլիարդից 25-ն ընդամենը «Գազպրոմ Արմենիան» և Հայաստանի էլեկտրացանցերն են,  իսկ մնացած գումարն էլ եղել է հանքարդյունաբերությունից։ Եթե հերքում են, թող հերքեն, սա պաշտոնական թիվ է։ Ցավոք, այս թվերն ապացուցում են, որ մենք ճիշտ էինք, և պատճառները բազմաթիվ են։ Այս ամենի  կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ  մենք ներդրողների հետ առավելագույն ջանք չենք թափում աշխատանքում։ Ներդրողների համար ստեղծված չէ գործուն պետական մեխանիզմ, նա չպետք է զբաղվի իր հարցերի լուծման տհաճ տուրիզմով, այսինքն՝ քաղաքապետարանից գնա գյուղապետարան, այնտեղից վերադառնա թաղապետարան, և այլն»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս